ՍԴՀԿ հայաստանյան կառույցն էլ՝ Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությամբ, դժգոհ չէ, որ իրենք «շիրխանյանական» թեւի հետ այլեւս նույն թիմում չեն:
Ս.Դ. հնչակյան կուսակցության համահնչակյան կենտրոնական վարչությունը օգոստոսի 16-ին հայտարարություն էր հրապարակել Հայ ազգային կոնգրեսի հետ Հայաստանում եւ Հայաստանից դուրս համագործակցությունը խզելու մասին: Այդ հայտարարությունը, այսպես ասած, «ինֆորմացիոն առիթ», իհարկե, չուներ: Բանն այն է, որ կուսակցության հայաստանյան տրոհված թեւերից մեկը, որին, պայմանականորեն «շիրխանյանական» են անվանում եւ կուսակցության համահնչակյան ԿՎ-ն, որը ճանաչում է բացառապես Գեւորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ գործող հայաստանյան վարիչ մարմինը, արդեն առնվազն 6 ամիս է, ինչ ՀԱԿ-ի հետ գործնականում որեւէ հարաբերություն կամ շփում չունեն: Ուստի, տրամաբանական հարց է ծագում՝ ՍԴՀԿ համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչներն իրենց ծանր տեղը թողած, Սփյուռքի տարբեր շրջաններից Երեւան էին եկել, որ ԿՎ լիագումար նիստ անեն ու ցուցադրաբար հայտարարեն ՀԱԿ-ին ապահարզան ներկայացնելո՞ւ մասին: Դա այն դեպքում, երբ Հայաստանը բախտորոշ ժամանակաշրջան է ապրում, երբ տարածաշրջանում ուժերի նոր դասավորություններ են ընթանում, երբ Հայաստանում այս օրերին ամենաթեժ թեման մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելն ու իր դիրքերը «ֆորպոստ» Հայաստանում ամրապնդելը՝ 49 տարով իր ռազմական հենակետի ներկայությունը երկարաձգելն է:
Այս համատեքստում է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց դեռ 1-2 շաբաթ առաջ թերթերից մեկում եղած հրապարակումը, թե՝ ՀՀ իշխանությունները պայմաններ են առաջադրել ՍԴՀԿ «շիրխանյանական» թեւին՝ խոստանալով, որ, վերջինիս կողմից իշխանություններին պաշտպանելու մասին հրապարակային հայտարարություն անելու դեպքում, վերադաս դատարանում ՍԴՀԿ-ի վերաբերյալ հօգուտ «սեդրակաճեմյանական եւ վահանշիրխանյանական» թեւի որոշում կկայացվի (հիշեցնենք, որ այդ պահի դրությամբ ՍԴՀԿ-ի վերաբերյալ դատական մի վճիռ կա, որը կայացվել է հօգուտ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած վարիչ մարմնի): Հիմա, արդեն հետադարձ հայացքով, նկատի ունենալով նաեւ այն, որ դատական համակարգը Հայաստանում, մեղմ ասած, կատարյալ չէ, Լ. Սարգսյանն ասում է, որ դա միանգամայն տրամաբանական տարբերակ է. «ՀԱԿ-ից դուրս գալու մասին Սեդրակ Աճեմյանի գլխավորությամբ կուսակցության ԿՎ-ի արած հայտարարությունը համապատասխան մեսիջ է իշխանությունների համար»: Լ. Սարգսյանն այն կարծիքին է, որ Ս. Աճեմյանին եւ Վ. Շիրխանյանին անհրաժեշտ է եղել իրենց գործողությունների մեջ ազատություն ստանալ, ու դրա համար Աճեմյանը կարողացել է ազդել ԿՎ անդամների վրա՝ ՀԱԿ-ից դուրս գալու եւ իշխանություններին հաճոյանալու անհրաժեշտ որոշում կորզելու համար: Այն պատճառաբանությունները, թե ՍԴՀԿ-ն չի կարող ՀԱԿ-ի կցորդ լինել, որ կուսակցությունը պետք է իր սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը տարածի Հայաստանում եւ այլն, Լ. Սարգսյանն ընդամենը հարմար «ձեւակերպումներ» է համարում՝ շեշտելով, թե կուսակցությունը վերջին 15 տարիներին Հայաստանում երբեք այնքան կենսունակ եւ հայ հասարակության կողմից այնքան ընդունելի չի եղել, այնքան կշիռ չի ունեցել, որքան համաժողովրդական շարժմանը, հետո նաեւ ՀԱԿ-ին միանալու ժամանակաշրջանում է: «Բայց հանկարծ Սեդրակ Աճեմյանն ու Վահան Շիրխանյանը հասկացան, որ ՍԴՀԿ-ն մենակ պետք է առաջ գնա, թե ո՞ւր՝ չեմ կարողանում հասկանալ: Ինչպե՞ս են այդ մարդիկ պատրաստվում համակարգային փոփոխություններ իրականացնել՝ առանց իշխանափոխության, երբ էս իշխանությունները նույնիսկ մի քանի քաղբանտարկյալի ազատ արձակելու քաղաքական կամք չունեն: Կամ նրանք իրենց կլանային համակարգը պիտի ինքնակամ քայքայեն, որ գոհացնե՞ն Վահան Շիրխանյանին եւ սոցիալ- դեմոկրատական համակա՞րգ ստեղծեն»,- հարցնում է Լ. Սարգսյանը, ով, թերեւս, պարապ հույսեր է փայփայում, թե համահնչակյան ԿՎ անդամներն ընդամենը Աճեմյանի ազդեցության տակ են որոշում կայացրել՝ չգիտակցելով անգամ, որ իրենց թիկունքում վերջինս իշխանության հետ գործարք է կնքել. «Գուցե, ինչ-ինչ բաների տեղյակ չեն, գուցե, իրենց մասին այդպես մտածելը ինչ-որ տեղ նրանց էլ է հարմար: Չգիտեմ»:
Թե իշխանության ու ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից ապահարզան տված թեւի սիրախաղից ի՞նչ են շահելու կամ ի՞նչ ակնկալիքներ ունեն աշխարհասփյուռ «համահնչակները»՝ հայտնի չէ: Դրանից, գուցե, շահեն հենց Աճեմյանն ու Շիրխանյանը, որոնք Հայաստանում իրենց սեփական բիզնես շահերն ունեն, բայց, այ, ԿՎ անդամների մասին մեր հարցադրմանը Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կենտրոնական վարչության անդամները, գուցե, ոչինչ չեն շահում, բայց չեն էլ կորցնում: Բայց գտնում եմ, որ կուսակցությունը, ՀԱԿ-ից դուրս գալով, իրականում կորցնում է ամեն ինչ: Իհարկե, այս պահին ՍԴՀԿ հայաստանյան միակ օրինական կառույցը, որը մենք ենք, ու մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում եւ գտնում ենք, որ ՀԱԿ-ում լինելով մեր գործունեությունը միանշանակորեն նպաստավոր է Հայրենիքի եւ մեր ժողովրդի համար: Սփյուռքում իրենք կարող են զբաղվել համահնչակյան խնդիրներով, իսկ Հայաստանում թող այդ խնդիրները թողնեն մեզ. ի վերջո, մենք ենք ապրում այս երկրում եւ մենք ենք տեսնում, թե ինչ է այստեղ կատարվում: Մեր թեւում անհատներ կան, որոնք ամուր կանգնած են համազգային շարժման ակունքներում, եւ մեզ այլընտրանք չկա: Ես վստահ եմ, որ իրենք (Ս. Աճեմյան-Վ. Շիրխանյան թեւը) իշխանություններին արդեն պետք էլ չեն, եւ իրենց ջանքերն արդեն իսկ իզուր են: Իշխանությունը նրանց օգտագործեց ու հիմա դեն նետելու ժամանակն է, որովհետեւ իշխանությանը պետք էր ՍԴՀԿ հայաստանյան կառույցը ՀԱԿ-ից դուրս բերել, ինչը չհաջողվեց անել»: Ի դեպ, դեռ ամիսներ առաջ, երբ հայտարարվում էր, թե «աճեմյանա-շիրխանյանական» թեւը, ատենապետ Լ. Սարգսյանին անվստահություն հայտնելով, հեռահար նպատակ է հետապնդում՝ փորձելով իշխանության պատվերով կուսակցությունը դուրս բերել ՀԱԿ-ից, նույն Վ. Շիրխանյանը հավաստիացնում էր, թե դրանք քարոզչական հնարքներ են, թե՝ նման բան չկա, թե՝ ՍԴՀԿ-ն կա ու կմնա ՀԱԿ-ում: Իրականությունը, սակայն, ապացուցեց ճիշտ հակառակ կարծիքի ճշմարտացիությունը:
Օրեր առաջ «Առավոտը» հարցազրույց էր արել ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ անդամ Համբիկ Սարաֆյանի հետ, որի դիրքորոշումը հայ-ռուսական համագործակցության համատեքստում տրամագծորեն տարբերվում էր «համահնչակների» ԿՎ երկու այլ անդամների՝ իրենց ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի Վահան Շիրխանյանի, նաեւ Վարդան Խաչատրյանի տեսակետներից: Թե արդյոք պատճառն ա՞յդ էր, որ Երեւանում հնչակներն իրենց միջեւ առկա տարակարծություններն ի հայտ չբերելու համար այդպես էլ չանդրադարձան Հայաստանի համար կենսական այդ հարցին՝ միայն ենթադրել կարելի է:
Փոխարենը նույն հարցի առնչությամբ Լ. Սարգսյանն ասաց. «Համահնչակյան ԿՎ-ում այդ ու նաեւ այլ հարցերի շուրջ լուրջ տարաձայնություններ կան, որոնք մեզ հետ դատական պրոցեսի պայմաններում դեռ վեր չեն հանվում: Բայց դրանք միանշանակ ի հայտ են գալու: Ես ուղղակի խորհուրդ կտայի մեր մի քանի լավ ընկերների, որոնք շատ ավելի առողջ մոտեցումներ ունեն, կամ՝ իրենք հրաժարական տան եւ հեռանան ԿՎ-ից, կամ՝ պահանջեն արտահերթ համագումար, կամ՝ պարտադրեն, որ Ս. Աճեմյանը հրաժարական տա»:
ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ այդ դեպքում հնարավոր է փրկել կուսակցությունը պառակտումից. «Կարծում եմ, հնչակյան կուսակցությունն իր մեջ ուժ պիտի գտնի եւ պիտի ասի ճշմարտությունը»: