Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՐՆԵ ԵՎ ՀՈԲԵԼՅԱՆ

Օգոստոս 17,2010 00:00

Երեւանում էր ղարաբաղյան արմատներով մոսկվաբնակ գեղանկարիչ Սերգեյ Սարումյանը

\"\"

Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց ծնունդով Ղարաբաղից, մոսկվաբնակ գեղանկարիչ, միջազգային ստեղծագործական ակադեմիայի անդամ, ակադեմիկոս,  Ռուսաստանի նկարիչների միության անդամ, հայազգի Սերգեյ Սարումյանի անհատական հոբելյանական ցուցահանդեսը: Սարումյանն ասում է, որ երեւանյան ցուցահանդեսով իրականացրեց իր վաղեմի երազանքը. «Երկար տարիներ եմ աշխատել Մոսկվայում, բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել, բայց միշտ չեմ կարողացել կողմնորոշվել այստեղ ներկայանալու մասին: Երկար եմ պատրաստվել, քանի որ հայրենիքում ցանկացել եմ ըստ արժանավույն ներկայանալ»: Ինչպես նշեց հեղինակը, սա ցուցահանդեսային տուրնեի մասն է կազմում. «Մինչ այս՝ երկու ցուցահանդես ունեցա Բելգիայում, Գերմանիայում: Սրան կհաջորդի ղարաբաղյանը»:
Ներկայացված էին գեղանկարչի տարբեր տարիների աշխատանքներ՝ գունանկար, գրաֆիկա, պլակատ: Հեղինակը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ցուցահանդեսով նպատակ ունի ներկայացնել իր նախագծերից մեկը. «Դա «Վեչնոստ» նախագիծն է՝ դրանում Գանձասարի ժայռերից մեկի ձեւի փոփոխման մասին պատմող գործեր են՝ գծանկար, լուսանկար, գեղանկար: Դեռ մանկուց այդ ժայռի վրա, որը տեղացիներն անվանում են «Մեծ քար» կամ «Սաքի քար», նկատել եմ մարդկանց պատկերներ, հայ ընտանիքի՝ պապիկի, տատիկի, երեխայի, հոր եւ մոր դիմագծեր: Որոշեցի դա վերակերտել իմ աշխատանքներում: Նախագիծս ներկայացրի Ղարաբաղի պաշտոնյա այրերին, այն արժանացավ նախագահ Բակո Սահակյանի հավանությանը: Բայց բուն ժայռի կերտումը, ըստ իմ նախագծի, մեծ գումարների հետ է կապված: Ստեղծված է ֆոնդ՝ «Վեչնոստ» անունով,  եւ գուցե այս ցուցահանդեսի ժամանակ կարողանանք հովանավորներ գտնել»: Երեւանյան ցուցահանդեսը, բացի հայրենիքում առաջինը լինելուց, նաեւ հոբելյանական էր՝ նվիրված գեղանկարչի ծննդյան 60-ամյակին:
Ս. Սարումյանը, երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում: Նրա խոսքով, ասելիք ունեցող արվեստագետը ցանկացած վայրում կկարողանա ինքնադրսեւորվել. «Ճիշտ է, դժվար է օտար հասարակության մեջ հաստատվել, դեռ պատմել քո մշակույթի եւ երկրի մասին նկարներով, բայց համառության եւ վստահության դեպքում՝ անպայման հաջողության ես հասնում… »:
Հարցին՝ մտադրություն չունի՞ վերջնական հաստատվել Հայաստանում, Ս. Սարումյանը տարակուսեց. «Այնտեղ իմ արվեստանոցն է, այնտեղ աշխատում եմ, չնայած ընտանիքս ինձ հետ չէ… Դեռ չեմ որոշել՝ ե՞րբ եւ կյանքիս ո՞ր ժամանակահատվածում կհաստատվեմ այստեղ»: Ս. Սարումյանը նաեւ նշեց, որ ստեղծագործելով ռուսական միջավայրում, իրեն համարում է  Սարյանի, Մինասի, Գրիգոր Խանջյանի արվեստի սիրահար եւ հետեւորդ:
Գեղանկարիչը արժանացավ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի շնորհակալագրին՝  հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից  դուրս քարոզելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել