Այս լուսանկարը 100 տարեկան է: Լուսանկարում պատկերված են Հովակիմ եւ Սոֆյա Բաղդասարյանները՝ իրենց առաջնեկի՝ 3-ամյա Գուրգենի հետ:
Գորիսի շրջանի Քարահունջ եւ Տաթեւ գյուղերում ծնված երիտասարդները ամուսնությունից հետո բնակություն էին հաստատել արդյունաբերական Բաքու քաղաքում:
Լուսանկարը Գուգեն Բաղդասարյանի մահից հետո իր ընտանեկան ալբոմում մեծ խնամքով պահում է նրա դուստրը՝ Մեղրու Ազարիա Ադելյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Քնարիկ Բաղդասարյանը: Ըստ նրա պատմածի, պապը եղել է թիթեղագործ-արհեստավոր, ով անձամբ ճանաչել եւ մտերիմ է եղել Ստեփան Շահումյանի հետ, լինելով նրա գաղափարակիցը: 1918 թվականին 26 կոմիսարների սպանությունից հետո թուրքերը ձերբակալել են նաեւ Շահումյանի ընկերներից Հովակիմին եւ սպանել: Միայնակ Սոֆյան իր որդու եւ դուստրերի հետ մնացել է օտար քաղաքում եւ մեծ դժվարությամբ մեծացրել զավակներին: Նա կյանքի վերջին տարիներին բնակվում էր իր որդու մոտ՝ Ագարակ ավանում, որտեղ եւ մահացել է 1972թ: Թե ինչպես է ընթացել Գուրգենի հետագա կյանքը, պատմում են նրան լավ ճանաչողները. Բաքվում ավարտել է ռուսական դպրոց, մանկուց եղել է կենսախինդ բնավորության տեր, գրականության, արվեստի, հատկապես՝ թատրոնի մեծ սիրահար: Լավ երգել է, պարել, եւ որպես դերասան խաղացել տարբեր ժողովրդական թատրոններում:
Բաքվում ավարտելով իրավաբանական դասընթացները եւ անմիջապես մեկնելով ռազմաճակատ, մասնակցում է Մեծ հայրենականին, աչքի ընկնում Քյոնիքսբերգի գրավման ժամանակ, եւ իր մարտական ուղին հաղթականորեն ավարտում 1945-ի մայիսին, Բեռլինում: Պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով: Այնուհետեւ նա եկել է Հայաստան, աշխատել տարբեր բնագավառներում, Ստեփանավանում եղել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խաղընկերը:
Մեղրու շրջանի Լիճքի երկրաբանական արշավախմբում աշխատելու տարիներին նա ծանոթացել է այդ գյուղի բնակչուհի Սեդա Մայիլյանի հետ, ամուսնացել եւ ունեցել երկու զավակ՝ դուստր եւ որդի, որը կրում է պապի անունը: Մինչեւ վաստակած հանգստի անցնելը Գուրգեն Բաղդասարյանը աշխատել է Ագարակի պ/մ կոմբինատի կոմունալ սպասարկման գրասենյակում: Մահացել է 1983թ. եւ թաղված է Ագարակում:
Ցավոք, ինձ չհաջողվեց պարզել լուսանկարչի անունը կամ ազգությունը, սակայն լուսանկարի վրա պարզորոշ երեւում է լատինատառ մի մակագրություն: