Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՓՈՒՄ ՈՒ ԹԱԼԱՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ – 2

Օգոստոս 17,2010 00:00

Սեւանում միայն օդի փող չեն ուզում

\"\"
«Ցամաքաբերդ» լողափում մեքենաներն իրարից
10 սմ-ով են բաժանվում:

\"\"
Ջրային հեծանիվների տերերը խորհուրդ չէին տալիս ափից 6 մետրից ավելի հեռանալ. դա փաստ է, որ հեծանիվներն արդեն վաղուց մետաղի ջարդոն են:

\"\"
Սեւանը հանգստացողների պակաս չի զգում:

\"\"
Ոստիկաններն էլ են Սեւանում հանգստանում…

\"\"
Օրվա երկրորդ կեսից, այս տարածքը կարծես «ավտոշուկա» լիներ:

\"\"
Լողափերը միմյանցից բաժանող պատը:

Սեւանը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթեժ հանգստի գոտին. հանգստացողների թիվը օրեցօր բազմապատկվում է, ափերի «սեփականատերերը» ավելի են հարստանում հանգստացողներից գանձած անօրինական գումարներով, բայց նրանց մատուցած ծառայությունների որակն այդպես էլ չի լավանում: Ասենք ավելին՝ լողափ «աշխատացնողները» մարդկանցից «փող պոկելու համար» անընդհատ մի նոր բան են հնարում. օրինակ, մոտ 20 օր առաջ, երբ որեւէ լողափում մի քանի ժամ անցկացնելու համար 5000 դրամ էին վերցնում՝ տրամադրելով մի ցելոֆանապատ տաղավար, վճարած գումարի մեջ մտնում էր նաեւ տվյալ տարածքի զուգարանից օգտվելու գինը, այժմ այդպես չէ: Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի, եթե նկարագրեմ սեփականաշնորհված լողափերի զուգարանների սարսափելի հակահիգիենիկ վիճակը: Իսկ ընթերցողին դրանց լուսանկարները, անշուշտ, չենք ցուցադրի՝ խիստ հակաէսթետիկական լինելու պատճառով: Պարզապես տեղեկացնենք, որ ափերում, քո վարձակալած տաղավարից բացի, մնացած ամեն ինչի համար պետք է վճարել, օրինակ, զուգարանից օգտվելու համար 50 դրամ. զուգարանները վճարովի դարձնելու հետ կապված էլ Սեւանի «Ցամաքաբերդ» լողափի զուգարանի «պատասխանատուներն» այսպես պատճառաբանեցին՝ «բա որ սեւանցին գալիս ա Երեւան՝ դուք խի՞ չեք թողնում ձրի զուգարան գնա»: Կարեւոր «պաշտոնը»՝ զուգարանի «պատասխանատուի» գործը ստանձնած տիկնոջ «մունաթին» բնականաբար այդ ափում հանգստացողներից ոչ ոք ուշադրություն չդարձրեց, իսկ վերջինս էլ, որպես պատիժ՝ կողպեց զուգարանի դուռը: Բացի այն, որ 5000 դրամ ես վճարում քեզ տրամադրվող տաղավարի համար, հավանաբար պետք է հետդ էլ մի լամպ վերցնես, որովհետեւ մութն ընկնելուն պես այդ տաղավարում ոչինչ չի երեւա. լողափատերը անգամ 100 դրամանոց լամպն է շատ համարում, եւ որպեսզի մթության մեջ չմնաս, առաջարկում է գումարը վճարել, որ լամպ տեղադրեն: Իսկ եթե որոշես լողափերի խանութ կոչված «բուդկաներից» որեւէ բան գնել՝ ըմպելիք, պաղպաղակ, ապա դրանց իրական գնի եռապատիկը կվճարես: Կարճ ասած՝ Սեւանում առայժմ մարդկանցից միայն օդի փող չեն ուզում, բայց այսպես շարունակվելու դեպքում՝ հաստատ դա էլ կլինի:
Ափն աշխատեցնողները ցանկացած նոր հաճախորդի համար իրենց տարածքում անպայման տեղ են բացում եւ եթե հնարավորություն ունենան, ապա մեքենաներն իրար վրա կտեղավորեն: Նրանք ոչ ոքի «չէ» չեն ասում՝ «մեր դռները միշտ բոլորի համար բաց են»:
Քանի որ լողափերն իրարից մի պղնձե լարով, հանգստացողների ավտոմեքենաներն էլ միմյանցից 10 սմ-ով են բաժանվում՝ հետեւաբար միաժամանակ «չվայելել» բոլորի մեքենաներից հնչող երաժշտությունը՝ անհնար է: Ամեն մեկն իր նախընտրած երաժշտությունն է միացնում, դռներն ու պատուհանները բացում ու մրցում կողքինի միացրած երաժշտության բարձրության հետ:
Ի դեպ, «դոմիկների» գները համեմատաբար իջել են, այժմ մեկ օրվա համար դրանց վճարը սկսում է 10 000 դրամից. բայց թե ինչով են պայմանավորված գործող զեղչերը՝ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել