Սինգապուրում մեկնարկեցին պատանեկան անդրանիկ ամառային օլիմպիական խաղերը: ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի նախաձեռնությամբ սպորտի պատմության մեջ առաջին անգամ այս տարիքային խմբի (14-18 տարեկաններ) մարզիկների համար կազմակերպված մարզական խոշորագույն ստուգատեսում, որին 26 մարզաձեւերից մասնակցում է 205 երկրի 3600 մարզիկ, Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում է 14 պատանի: Նրանք պայքարելու են 12 մարզաձեւում:
Խաղերի մեկնարկային օրը մեր երկրի մեդալների հաշվարկը բացեց ծանրորդ, Եվրոպայի պատանիների չեմպիոն եւ մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, որը երկամարտի 243 կիլոգրամով դարձավ բրոնզե մեդալակիր: Սմբատի համար, իսկ նա արժանի էր ավելի բարձր տեղի, պայքարը մի փոքր անհաջող սկսվեց: Պոկում վարժությունում նա առաջին մոտեցումը 105 կգ-ին անհաջող կատարեց, ինչի համար ստիպված եղավ կրկին մոտենալ մեկնարկային քաշին: Այս անգամ փորձը հաջող էր: Վերջին մոտեցումում բարձրացնելով 108 կգ՝ մեր պատանին հրում վարժություն անցավ երրորդ արդյունքով՝ առաջին տեղը զբաղեցրած վիետնամցի ծանրորդին զիջելով ամբողջ ութ կիլոգրամով: Կորցրածն աստիճանաբար ետ բերելու նպատակով Սմբատը հրում վարժությունն սկսեց 135 կգ-ից: Դա առաջին մոտեցման համար պատվիրված ամենաբարձր քաշն էր: Սակայն, երբ երկրորդ տեղում ընթացող չինացին եւ առաջատարը բարձրացրին, համապատասխանաբար, 137 եւ 140 կգ, հայաստանցուց չեմպիոնի կոչումը նվաճելու համար պահանջվեց մնացած երկու մոտեցումներում գլխավերեւում պահել առնվազն 149 կիլոգրամ: Ավաղ, Սմբատը երկու անգամ էլ այդ քաշը կրծքին վերցնելով՝ վարժությունը չավարտեց ու այդպես էլ մնաց երրորդ տեղում:
Նույն օրը ասպարեզ մտավ նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ, գյումրեցի 85 կգ քաշային Վարոս Պետրոսյանը: Առաջին գոտեմարտը տանուլ տալով ռուսաստանցի մրցակցին՝ Վարոսը երկրորդում պարտության մատնեց Կորեայի ներկայացուցչին: Այնուհետեւ կրկին ձախողվեց՝ այս անգամ ուզբեկ ըմբիշի հետ պայքարում եւ չորրորդ գոտեմարտում առավելության հասնելով Իրաքի ներկայացուցչի նկատմամբ, ի վերջո, հանգրվանեց հինգերորդ հորիզոնականում եւ անմասն մնաց մեդալներից: