Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերիալներում չեմ նկարվի»

Օգոստոս 17,2010 00:00

Ասում է անվանի դերասանուհի Նատալյա Վառլեյը

\"\"
«Կովկասի գերուհի» ֆիլմի Նինան՝ Նատալյա Վառլեյը, առաջվա պես հմայիչ է:

Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի՝ 63-ամյա Նատալյա Վառլեյը, նույն ինքը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի Նինան, մինչ այսօր շատերի մտապատկերում մնացել է նույն չարաճճի «գեղեցկուհի, սպորտսմենուհի, կոմերիտուհի» աղջնակը: Նա օրերս «Հանդիպում Հայաստանի հետ» նախագծի շրջանակում Երեւանում էր: Ապրում է Մոսկվայում, շատ է սիրում կենդանիներ՝ 15 կատու է պահել, որոնք հրդեհների պատճառով սատկել են: Շատ է տխրել, ասում է՝ Մոսկվայում արդեն թռչուն չի մնացել: Շները հետաքրքիր անուններ ունեն, օրինակ՝ նրանցից մեկի անունը Մակարոն է: Կամերային երաժշտության տանը կայացած երեկոյին արտիստուհուն հայ հանդիսատեսը դիմավորեց գրեթե դատարկ դահլիճով, ինչը Ն. Վառլեյին վրդովեցրել էր: Նրանք, ովքեր ներկա էին, հիացած էին Նատալյայով եւ հանդիպման վերջում մոտ 1 ժամ ինքնագրեր էին վերցնում, նկարվում ու փորձում արտիստուհուն հանգստացնել՝ Երեւանում ոչ ոք չգիտի, որ դուք այստեղ եք, այլապես դահլիճը կծփար: «Երբ ինձ առաջարկեցին Հայաստան գալ, շատ ուրախացա, որովհետեւ վաղուց չէի եղել այստեղ, հետաքրքիր էր իմանալ, թե ինչպիսին է այսօրվա Երեւանը, ինչպես են ապրում հայերը, որովհետեւ գիտեմ, որ շատ դժվար ժամանակներ են եղել»,- «Առավոտի» հետ զրուցում ասաց դերասանուհին: Նա այժմ ֆիլմերում չի նկարահանվում, տպագրում է իր բանաստեղծությունները: Նատալյան 2 զավակ ունի՝ Վասիլին ու Ալեքսանդրը, ովքեր նույնպես մոր ուղին են շարունակում: Որդիները, ինչպես նաեւ 15-ամյա թոռ Ժենյան, որի հետ ֆիթնես ակումբ է հաճախում, կրում են Վառլեյ ազգանունը: «Փոքրս ռեժիսոր է, կարճամետրաժ ֆիլմեր է նկարում, չգիտեմ, թե երբ կնկարահանի իր մեծ աշխատանքը, դա շատ դժվար է, իրեն այդ հարցում օգնական չեմ լինի: Երեւի ոչ այնքան ճիշտ, 21-րդ դարին համապատասխան եմ դաստիարակում երեխաներիս, ճիշտ այդպես՝ ինձ իմ ծնողներն են դաստիարակել»: Հայաստանցի հանդիսատեսին նա պատմեց, թե ինչպես է սկսել իր ստեղծագործական գործունեությունը. «Թույլ, հիվանդոտ երեխա եմ եղել: Ընդունվեցի կրկեսային ուսումնարան: Ծնողներիս համար իմ ընտրությունը շոկ էր: Ավարտական քննության ժամանակ, երբ նրանք տեսան ինձ, մայրս լաց եղավ, հայրս էլ հանգստացրեց, թե՝ ոչի՛նչ, մի՛ նեղվիր, ոչ մի ընտանիք առանց այլանդակի չի լինում: Հետո սկսեցի աշխատել Մոսկվայի կրկեսում»: Անկեղծանում է՝ երբեք չէր մտածել, որ կյանքը կապելու է կինոյի հետ, այդ հարցում մեծ դեր է ունեցել նաեւ Լեոնիդ Ենգիբարովը, ով արդեն մի շարք ֆիլմերում նկարահանվել էր եւ ծանոթ էր կինոաշխարհի մարդկանց: «Երբ իմացա, որ ինձ Նինայի դերն են առաջարկում, ասացի՝ չեմ ուզում, սիրում եմ իմ մասնագիտությունը եւ չեմ ուզում հեռանալ կրկեսից»,- պատմում է «Նինան»: Չնայած սրան, Նատալյան որոշում է ստանալ պրոֆեսիոնալ կրթություն, ընդունվում է նաեւ թատերական ինստիտուտ, նկարահանվում 61 ֆիլմերում: Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո նա  10 տարի աշխատել է Մոսկվայի Կ.  Ստանիսլավսկու թատրոնում: «Կովկասի գերուհու» մասին խոսելով՝ խոստովանում է, որ այդ ֆիլմից հետո միանգամից ավելացավ ինչպես երկրպագուների թիվը, այնպես էլ կինոյում նկարահանվելու առաջարկները: Միեւնույն ժամանակ նա անկեղծանում է, որ նկարահանումներն իր համար դժվար էին, որովհետեւ բոլոր դերասանները պրոֆեսիոնալներ էին, իսկ ինքն ընդամենը 18 տարեկան էր: Լեոնիդ Գայդայի մասին էլ նշում է, որ լուրջ մարդ է եղել եւ չէր պատկերացնում, որ կոմեդիաներ է նկարում:
«Առավոտին» դերասանուհին ասաց, որ հայ արվեստագետներից շատ է հավանում Մհեր Մկրտչյանի արվեստը, հետաքրքիր հուշեր ունի՝ կապված հատկապես Ենգիբարովի հետ: «Ես «տնական» երեխա էի, մի տեսակ ինֆանտիլ, Լյոնյան, եթե չեմ սխալվում, 30-ի մոտ էր, աշխատում էր մի հաղորդման մեջ եւ փորձում ինձ ինչ-ինչ ուշադրության արժանացնել, ծաղիկներ էր նվիրում, Բոդլեր էր կարդում ինձ համար, ընթերցում իր պատմվածքները, նա ինտելեկտուալ էր, գիտեր կինո, գրականություն…Հետո, երբ ամուսնացավ օդային մարմնամարզուհի Յադյա Կոկինայի հետ, զարմացա: Յադյան ինձանից փոքր էր, բայց տարիքով մեծ այդ մարդուն անընդհատ Լյոնյա, Լյոնյա էր ասում… ես մի ուրիշ զգացողություն ունեի դրանից, երեւի այդ ներքին կռիվներից հետո սկսեցի հասունանալ»: Հետաքրքրվեցինք՝  ի՞նչ գիտի հայկական ժամանակակից կինեմատոգրաֆի մասին: Պատասխանեց. «Բացարձակ ոչինչ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բոլոր կապերը խզված են»: Հարցրինք՝  զարգացման ի՞նչ միտումներ է տեսնում ռուսական կինեմատոգրաֆում: «Ռուսական կինեմատոգրաֆի նշաձողը, իհարկե, իջել է: Բայց հիմա կինոն ավելի լավ վիճակում է, քան «պերեստրոյկայի» ժամանակ: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ սկսեցին ֆիլմեր նկարահանել, բոլոր նրանք, ովքեր փող էին գտնում, գլխավոր դերերը հանձնում  էին իրենց սիրուհիներին ու ֆավորիտներին, դա ուղղակի «կատաստրոֆա» էր: Սերիալները կինո չեմ համարում, չնայած դրանց որակը գնալով բարձրանում է, պրոֆեսիոնալին են մոտենում, բայց ամեն դեպքում դա «մասսկուլտուրա» է: Ինձ հաճախ են առաջարկում դերեր սերիալներում, եւ երբ հրաժարվում եմ, այդ ֆիլմերի պրոդյուսերները զարմանում են, ասելով՝ 200 սերիա է, ախր ամեն երեկո ձեզ տեսնելու են հեռուստացույցով… Իսկ նրանք, ովքեր իմ արվեստը տեսել են, ասելու են՝  խե՜ղճ աղջիկ, ինչո՞ւ է համաձայնել»,- ասում է մեր զրուցակիցը: Մեր հաջորդ հարցին, կա՞ մի այնպիսի ֆիլմ, որում կուզենար նկարահանվել: Ն. Վառլեյը պատասխանեց. «Ուրախությամբ կնկարահանվեի մեր լուրջ ռեժիսորներից մեկի ֆիլմում: Ես, իհարկե, կուզենայի երիտասարդների հետ աշխատել, բայց մեծ պատիվ է նկարահանվել այնպիսի վարպետների գործերում, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը, Դեմյանենկոն, Անդրեյ Կոնչալովսկին»: Ն. Վառլեյը այժմ բանաստեղծություններ է գրում, իրար հետեւից գրքեր տպագրում, ստեղծագործում է  հիմնականում սիրո մասին, որովհետեւ, ըստ նրա, հաճախ բանաստեղծություն գրելու շարժառիթը չկայացած սերն է, սիրահարությունը, որը տխուր պտուղներ է տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել