ԱՄՆ-ն կոչ է արել Անկարային՝ փոխել իր մոտեցումներն Իսրայելի նկատմամբ, հակառակ դեպքում Վաշինգտոնը կսահմանափակի զենքի առաքումները Թուրքիա: Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է նախազգուշացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին այդ մասին: Դա նշանակում է, որ Անկարայի համար ավելի դժվար կլինի լոբբինգ անել ԱՄՆ Կոնգրեսում, օրինակ՝ զենքի գործարքների մասով:
News.am-ի մատուցմամբ, այդ սպառնալիքը հատկապես ցավալի է Թուրքիայի համար, որը ցանկանում է անօդաչու ինքնաթիռներ գնել քրդերի դեմ պայքարելու համար:
Օբաման կոչ է արել Անկարային՝ մեղմացնել տոնը «Ազատության նավատորմի» զավթման իրավիճակի կապակցությամբ: Վաշինգտոնը նաեւ կտրուկ դատապարտել է Թուրքիային՝ ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման դեմ հանդես գալու համար: «Նրանք պետք է լուրջ համերաշխություն հայտնեն ազգային անվտանգության հարցերում Ամերիկայի շահերին»,- Financial Times-ին հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Սպիտակ տունը մտադիր է գնահատել Թուրքիայի վարքը եւ միայն դրանից հետո որոշում կայացնել: