Երկուշաբթի օրը Բանգկոկի դատարանում սկսվել է Բռնապետությունից ժողովրդավարության պաշտպանության ճակատ ընդդիմադիր շարժման ղեկավարների դատավարությունը: Վերջիններս, ըստ Associated Press-ի, մեղադրվում են 2010թ. գարնանը Թաիլանդում ծավալված «կարմիրվերնաշապիկավորների» բողոքի ակցիաների ընթացքում ահաբեկչական գործունեության մեջ:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է «կարմիրվերնաշապիկավորների» 17 առաջնորդ: Նրանցից որեւէ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Բացի ահաբեկչությունից, նրանք մեղադրվում են փողոցային անկարգություններ հրահրելու, նաեւ պետական գործիչների, այդ թվում՝ վարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա ընդդիմության ղեկավարներին սպառնում է մահապատիժ:
Հիշեցնենք, որ Բանգկոկի փողոցներում եւ Թաիլանդի այլ շրջաններում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում բախումներ էին եղել բանակային ուժերի եւ ակցիաների մասնակիցների միջեւ, որոնց արդյունքում 91 մարդ զոհվել եւ շուրջ 1400-ը վիրավորվել էր: