Թուրքիայի Շրնաքի նահանգի Շենոբա ավանի մզկիթներից մեկի բարձրախոսով օգոստոսի 15-ին հնչել է բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ելույթը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Վկայակոչելով Firat գործակալությանը, աղբյուրը տեղեկացնում է, թե քրդերի պայքարի օր հանդիսացող օգոստոսի 15-ը այսկերպ փորձել են նշել Շրնաքի PKK-ի կողմնակից երիտասարդական թեւի ներկայացուցիչները:
Մզկիթի բարձախոսով հնչել է, մասնավորապես, Օջալանի տարիներ առաջ ունեցած ելույթը, որից հետո արագ մզկիթին են մոտեցել թուրքական ժանդարմերիայի մարտիկները եւ օդ կրակելով ցրել են հավաքված մարդկանց: Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, ձերբակալվել է մեկ երիտասարդ: