Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին առաջարկում է արագ արձագանքման ուժեր ձեւավորել

Օգոստոս 17,2010 00:00

\"\"Ֆրանսիան առաջարկում է բնական աղետների դեպքերին արագ արձագանքելու նպատակով եվրոպական հատուկ ստորաբաժանումներ ստեղծել: DW-World-ի մատուցմամբ, այդ գաղափարի հեղինակը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին է, իսկ առաջարկի շարժառիթը՝ Ռուսաստանում ծավալված բնական հրդեհները: «Հայիթիի երկրաշարժից եւ Ռուսաստանում բռնկված հրդեհներից հետո մենք պետք է համապատասխան հետեւություններ անենք՝ Եվրամիության շրջանակներում նմանատիպ ճգնաժամային պայմաններում արագ արձագանքման ուժեր ստեղծելու համար»,- Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուին ուղղված նամակում առաջարկել է Սարկոզին: Ֆրանսիայի նախագահի խոսքով, առաջիկայում ինքը մտադիր է այդ առնչությամբ ավելի կոնկրետ առաջարկներ անել:
Նիկոլա Սարկոզին նաեւ շոշափել է Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղների հարցը: Հիշեցնենք, որ այդ երկրում բնական աղետի հետեւանքով հազարավոր մարդ է զոհվել եւ ավելի քան 14 միլիոնը տուժել է, երկրում խոլերայի համաճարակ է սկսվել:
Սարկոզին խոստացել է նավեր եւ ինքնաթիռներ տրամադրել Պակիստանի տուժած շրջաններին մարդասիրական օգնություն հասցնելու համար: Նա շեշտել է, թե Եվրամիությունը պետք է ըստ ամենայնի օգնի արտակարգ իրավիճակում հայտնված Պակիստանին, քանի որ այդ երկրի զարգացումն ու կայունությունը բխում է հենց Եվրոպայի շահերից:
Այս օրերին բնական աղետների թիրախ է դարձել նաեւ Եվրոպան: Հորդառատ անձրեւների պատճառով կտրուկ բարձրացել է Սլովակիայի ջրամբարների եւ գետերի ջրի մակարդակը: Հատկապես վտանգավոր իրավիճակ է ստեղծվել երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում:
Չեխիայի հյուսիսում ջրհեղեղը ավերածությունների պատճառ է դարձել. ջրասույզ է եղել Բելի-Կոստել բնակավայրը: Սելավները դժվարացրել են 300 մլն եվրոյի հասնող նյութական վնաս կրած այդ տարածաշրջանում աղետի վերացման աշխատանքները: Այդ երկու երկրներում, բարեբախտաբար, բնական աղետի արդյունքում զոհեր չեն եղել: Իսկ ահա Բելգիայում երկուշաբթի օրը որոշ շրջաններում, որտեղ արդեն երկրորդ օրն է, ինչ հորդառատ անձրեւներ են տեղում, վտանգավորության բարձր աստիճան է հայտարարվել: Բնական աղետից տուժել են նաեւ Ավստրիայի առանձին շրջաններ: Դանիայում՝ անցած հանգստյան օրերին տեղացած անձրեւների պատճառով ջրասույզ են եղել ճանապարհներ, ստորգետնյա անցումներ ու տների ներքնահարկեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել