Կյանքի 90-րդ տարվա շեմին մեզանից հեռացավ կրթության անխոնջ մշակներից մեկը, Հանրապետության վաստակավոր ուսուցչուհի, Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Սոնյա Աբրահամի Գեղամյանը:
Սոնյա Գեղամյանը ծնվել է 1921 թվականին՝ Ախալցխա քաղաքում:
1938թ. գերազանցությամբ ավարտել է ծննդավայրի հայկական միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1943թ. այն գերազանցությամբ ավարտել եւ ստացել է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչի որակավորում եւ 40 տարի անընդմեջ աշխատել դպրոցում, իր սիրած մասնագիտությամբ, որից 30 տարին Երեւանի Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում որպես ուսուցիչ, դպրոցի կուսկազմակերպության քարտուղար, այնուհետեւ՝ դպրոցի տնօրեն:
Սոնյա Գեղամյանը հանրապետությունում մաթեմատիկայի ճանաչված ուսուցիչներից եւ դպրոցի երկարամյա, հմուտ ղեկավարներից մեկն էր:
Նա իր մարդկային նուրբ զգացողությամբ, իր հոգու բոլոր թելերով կապված էր Մայր Հայրենիքի դպրոցի, ընկերների ու սաների հետ: Նա զարմանալիորեն կարողանում էր խստապահանջությունը, անաչառությունը համատեղել բարության եւ մայրական հոգատարության հետ:
Եվ պատահական չէ, որ նույնիսկ արդեն կենսաթոշակի անցած՝ իր ղեկավարած դպրոցի շրջանավարտներից շատերը առանձին հիշարժան օրեր առանց իրենց սիրելի ուսուցչուհու չէին անցկացնում:
Ճակատագիրը շատ բարեհաճ գտնվեց հայտնի քաղաքական եւ պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի եւ Սոնյա Աբրահամովնայի նկատմամբ, նախկին դպրոցական ընկերներին դարձնելով մեկ մարմին եւ մեկ հոգի:
Այդ օրվանից տիկին Սոնյան դարձավ պատասխանատու եւ բազմաթիվ բարձր պաշտոններ վարող ամուսնու համար նաեւ մարտական ընկեր ու զինակից: Նա մինչեւ իր կյանքի վերջը նվիրված էր իր զավակներին, որդուն՝ Արտաշես Գեղամյանին, դուստրերին, թոռներին, ընկերներին, հարեւաններին:
Նա ապրեց մտավորականի լիարժեք կյանքով: Իր երկրի ու ժողովրդի հոգսերին քաջատեղյակ եւ նրանց բարօրության համար պայքարող մարդու, հոգատար ամուսնու եւ մոր ապրած կյանքը սերունդներ դաստիարակելու պայծառ օրինակ է:
Սոնյա Գեղամյանի երկրային կյանքի հարուստ ուղին գնաց ու արդարացիորեն միացավ դեպի հավերժություն տանող ճանապարհին:
Երիցս արդարացի է բանաստեղծը, երբ գրում է.
…Մայրը չի մահանում,
Այլ մի օր հանկարծ
Անհավատալի դառնում է երազ
Ու ելնում երկինք…
Մի խումբ ընկերներ, սաներ
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 17-ին, ժամը 14-ին,
Մաշտոցի 39/12շ., 35 բնակարանից: