Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամբար՝ կարիքավորների համար

Օգոստոս 17,2010 00:00

Ամեն տարի ամռան 3 ամիսներին «Տիրամայր Հայաստանի» կենտրոնը Ծաղկաձորում կազմակերպում է ամառային ճամբար՝ «Տիրամայր Հայաստանի» կրթահամալիրի սաների, ինչպես նաեւ Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերի, Երեւանի, Ծաղկաձորի, Ջավախքի եւ այլ վայրերի կարիքավոր երեխաների համար: 18 տարիների ընթացքում ճամբարում ավելի քան 10 հազար որբ եւ կարիքավոր երեխա է հանգստացել: Նրանք ճամբար են գալիս 4 տարբեր խմբերով, յուրաքանչյուր խմբում՝ 210 երեխա, ճամբարում մնում են 17 օր: Օգոստոսի 23-ին ճամբարին հրաժեշտ կտա երեխաների վերջին խումբը: Սովորության համաձայն, Սբ. Աստվածածնի Վերափոխման օրը ճամբարում նշում են Բարերարների օրը: Ճամբարում կա հատուկ կազմակերպված ծրագիր, երեխաները ապահովված են սննդով, հագուստով, ինչպես նաեւ կազմակերպվում են կրոնի պատմության, երգ ու պարի, անգլերենի եւ ֆրանսերենի, համակարգչի, մարմնամարզության, նկարչության, կարի եւ ասեղնագործության դասեր: Այն երեխաները, որոնք պետք է գան ճամբար, կամ մկրտված պետք է լինեն, կամ էլ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի միջոցներով մկրտվեն: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի եւ ճամբարի պատասխանատու քույր Արուսյակ Սաջանյանը, ճամբարը գործում է մի շարք բարերարների միջոցներով, սակայն այս տարի տնտեսական ճգնաժամն ազդել է ճամբարին հատկացվող գումարի վրա, իսկ պետական կառույցներին աջակցության համար երբեք չի դիմել, որովհետեւ, ինչպես քույր Արուսյակն է ասում. «Պետական օգնության հետ պետական միջամտություն կլինի, մինչդեռ մենք այդ միջամտությանը դեմ ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել