Գլխավոր պատճառը, ըստ Կահիրեի դպրոցների վերահսկիչ մարմնի անդամ Թովմաս Զաքարեանի, Եգիպտոսում հայախոսների թվի կտրուկ նվազումն է:
Օրերս Երեւանում էր Կահիրեի դպրոցների վերահսկիչ մարմնի անդամ Թովմաս Զաքարեանը, ով մասնակցում էր համահայկական կրթական համաժողովին: «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում նա ոչ միայն ներկայացրեց եգիպտահայ համանքը, այլեւ իր տպավորությունները՝ Հայաստանից:
Նրա պատմելով, Եգիպտոսի երբեմնի 50-60 հազարանոց հին հայկական համայնքից այսօր ընդամենը 3000 հայ է մնացել: Այս երկրում հայերը խանութպաններ, ոսկերիչներ են, հիմնականում՝ միջին դասակարգի մարդիկ, բայց քիչ չեն նաեւ գործարար մեծահարուստները: Տեղի հայկական համայնքում կան 3 կուսակցություններ՝ իրենց թերթերով, մշակութային ակումբներով, երգչախմբերով, պարախմբերով, մարզական միություններով, կա նաեւ եկեղեցի: Կահիրեի երկու հայկական՝ Գալուստյան եւ Նուբարյան վարժարաններում սովորող աշակերտների թիվը տարեցտարի նվազում է, մինչդեռ ոչ հայկական վարժարաններ ընդունվելու համար շատ ծնողներ «գլուխ են ջարդում». երեխայի ծնվելուց անմիջապես հետո սկսում են քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց զավակը 4-5 տարի հետո հնարավորություն ունենա սովորել նախընտրած դպրոցում: Գալուստյան վարժարանում այսօր սովորում է 45, իսկ Նուբարյանում՝ 105 աշակերտ: Դեռեւս 70-ական թվականներից այս երկու կրթօջախները միացնելու բազմաթիվ ծրագրեր են եղել, որոնք, սակայն, մերժվել են որոշ հայերի եւ, մասնավորապես, Գալուստյան վարժարանի ծնողների միության կողմից, այս փաստով նույնիսկ դատական գործեր են հարուցվել:
Հաջորդ տարվանից Կահիրեում արդեն մեկ հայկական վարժարան կլինի: «Ժամանակին հայկական համայնքը դեմ էր Գալուստյանի փակվելուն, այսօր հայկական վարժարանը նախընտրողների թիվը քիչ է, եւ աշակերտների կեսեն ավելին արդեն խառնածին են»,- փաստեց Թովմաս Զաքարեանը՝ հավաստիացնելով, որ այլ ելք, քան երկու վարժարանների միավորումն է, չի մնացել: Այս պատմության մեջ իրականում կռվախնձորը 1854 թվականին Գալուստյան վարժարանը հիմնադրած Կարապետ Գալուստ աղայի կտակն է, ըստ որի՝ մեծահարուստ հայորդու ժառանգությունը պետք է ծախսվեր կրթօջախի կարիքները հոգալու վրա:
Նուբարյան վարժարանում 1993-1998թթ. դասավանդած Թովմաս Զաքարեանը 1987 թվականին հենց այս մասին վավերագրական 1 ժամանոց ֆիլմ է նկարահանել՝ այն անվանելով «Է», այսինքն՝ վերջ: Ասում է՝ դեռ այն ժամանակ կանխազգում էր Գալուստյան վարժարանի մոտալուտ վախճանը: Ըստ մեր զրուցակցի, հայկական վարժարանների թվի նվազման մի քանի պատճառ կա. «Նախ՝ գաղութը նոսրացած է, համայնքի թիվը պակսած է, երկրորդ՝ հայկական վարժարանների կրթական մակարդակը ցածր է»: Վերջին հարցը լուծելուն է միտված իր անդամությամբ ստեղծված հանձնախումբը: Այս ուսումնական տարվանից Թ. Զաքարեանը նորից է սկսելու դասավանդել Նուբարյանի ազգային վարժարանում, այս անգամ՝ ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ցեղասպանությունը, Սահմանադրությունը, ղեկավար դառնալու սկզբունքները եւ այլն:
Թ. Զաքարեանի տեղեկացմամբ, Կահիրեի հայկական 2 վարժարաններում սովորողները հնարավորություն ունեն միայն հայոց լեզուն եւ պատմությունը ազգային լեզվով սովորել. «Նախակրթարանին մեջը շաբաթական մոտ 10 ժամ է հայերեն, իսկ միջնակարգ եւ ավագ դասարաններու մեջ ատիկա նվազում է, դառնում 6 ժամ»: Եգիպտահայ մեր հայրենակիցը ցավով նշեց, որ վերջին 10 տարում օտարների հետ ամուսնությունների տոկոսը գրեթե կիսով չափ բարձրացել է. «Օտար, արաբախոս քրիստոնյաների հետ ամուսնությունը շատցած է եւ ատոր հետեւանքով արդեն հայկական դպրոց հաճախող աշակերտների մեծամասնությունը արաբախոս կըլլա: Այս պարագայում, որքան էլ հայագիտական նյութեր ըլլան, մենք գիտենք, որ տան մեջ հայերի առօրյա լեզուն հայերենը չէ»: Կրկին անդրադառնալով կրթական խնդիրներին՝ մեր զրուցակիցը շեշտում է արեւմտահայերեն արդիական դասագիրք ունենալու կարեւորությունը, որում զետեղված նյութերը, նրա խոսքով՝ պետք է լինեն 21-րդ դարի, այլ ոչ թե հին նյութեր. «Դասագրքին մեջ եղած մոտեցումն այնպիսին պետք է ըլլա, որ նյութերը ոչ թե քնացնող, այլ ընդհակառակը՝ ներգործող պետք է ըլլան, հայրենիքին հետ եղած հարաբերությունները պետք է երազային չըլլան: Մեր մոտեցումը իրատես պետք է ըլլա, երիտասարդները Հայաստան են այցելում, բայց միայն քաֆեներ, խրախճանք են տեսնում, ա՛յդ չէ հայրենիքը, այլ Երեւանեն դուրս է: Գյուղերու մեջ ո՛չ ճանապարհ կա, ո՛չ լույս կա, ո՛չ կոյուղի, լքված վիճակ մըն է: Ուշադրությունը հոն պետք է դառնա: Եթե աս վիճակում թողնեն, պիտի պարտվենք, եւ երկիրդ իր մեջեն պիտի փլվի: 10 տարի պարզապես այցելությամբ չէ, որ կգամ Հայաստան, այս գաղափարներն ուզեցա այստեղ իրագործել, հիմնարկներ ստեղծել, աս անել, ան անել, ջանացի առանց միջնորդության գործ անել եւ հասկացա, թե ինչ կնշանակե հայաստանցի հայու մը համար գործ կատարել՝ դաժան բան է… Օրենքներու մեջ շատ խստություն կա, գործ ձեռնարկողների նկատմամբ բավական անհավասար վիճակ է, կոռուպցիա չեմ ուզեր ասել, բայց այնպիսի ծախսեր կստեղծվին, որ 100 ծախսելիքդ 150 կծախսիս, դա արդեն մրցունակ չէ դարձներ երկիրը»: Մեր զրուցակիցը լավ է հիշում 1996 թ. առաջին անգամ աշակերտական խմբով Հայաստան գալը, մութ օրերը. «Երեւանն էլ այն ժամանակ մութ էր, բայց այսօր լույսերուն մեջ փայլում է, մինչդեռ մարզերը նույնն են մնացել»: Ինչ վերաբերում է այսօրվա Երեւանին, մեր հայրենակիցը նշեց. «Հին Երեւանը՝ Աբովյան փողոցը չկա, գոնե երեսպատված մասերը պետք է պահվեր, ապակիներով արդիականացնելը ճիշտ չէ»: