Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու արձագանք

Օգոստոս 17,2010 00:00

Ի պատասխան բելգիահայ համայնքի՝ այդ երկրում ՀՀ դեսպանատնից մեր թերթում հայտնած դժգոհությունների, «Առավոտը» ստացել է երկու արձագանք.
«Բելգիա-Հայաստան» առեւտրային պալատը (ԲՀԱՊ) ստեղծվել է 2007-ին եւ արդեն հասել է բազմաթիվ նվաճումների Հայաստանում, Ֆլանդրիայում եւ Վալոնիայում: Նշենք դրանցից մի քանիսը. ինտենսիվացել է տնտեսական համագործակցությունը Վալոնիայի եւ Հայաստանի միջեւ՝ ներառելով բարձրաստիճան այցելություններ, կազմակերպվել են միջոցառումներ հավանական դոնորների համար, հստակեցվել են որոշակի ծրագրեր (օր. նանոտեխնոլոգիաների վերաբերյալ) եւ այլն: Ես ցանկանում եմ նշել նաեւ մշտական աջակցությունը եւ գործակցությունը Հայաստանի դեսպանության եւ դեսպան Ավետ Ադոնցի կողմից: Անկասկած, Բրյուսելում Հայաստանի դեսպանության միշտ բաց են ինչպես Բելգիայում սփյուռքահայ բազմաթիվ կազմակերպությունների, այնպես էլ ԵՄ-ի հետ համագործակցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար»:

ՎԱԼԵՐԻ ՍԱՖԱՐՅԱՆ 
Բելգիա-Հայաստան առեւտրի պալատի նախագահ

Այնպիսի մի յուրահատուկ ազգ, ինչպիսին հայությունն է, ունի առանձնահատուկ մի մասնաբաժին՝ Սփյուռք անվանմամբ: Այն չափազանց զգայուն եւ խոցունակ համայնք է, եւ վերջինիս հատուկ զգույշ մոտեցում է հարկավոր: Մեր իսկ ծնողներից 95 եւ ավելի տարիներ շարունակ ժառանգելով սփյուռքի բոլոր դժվարությունները՝ անխնա եւ անձնվիրաբար հարատեւ կամավոր հիմունքներով ծառայեցինք մեր գոյատեւման եւ բարգավաճման նպատակներին: Զանազան աշխատանքների մեջ ամենակարեւորներից մեկն էր 25 տարիներ առաջ Բելգիայի Անտվերպեն քաղաքում Հայ տան բացումը, որն էլ ծառայեց ոչ միայն Անտվերպեն քաղաքի, նրան հարակից քաղաքների ու ողջ Բելգիայի հայ համայնքի կարիքներին, այլ նաեւ՝ Բելգիայում ՀՀ հյուպատոսարանի հիմնադրմանը: Ճիշտ չեմ գտնում հայապահպանությունը առանձնացնել եւ համարել միակ հիմնական խնդիր: Սփյուռքի մեջ՝ հիմնական խնդիրների հայապահպանության շարքում, նաեւ նշում եմ, իբրեւ կարեւոր խնդիր, ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը, Հայաստանի Հանրապետության բարգավաճումն ու ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման աջակցումը: Վերջին տարիների նորակազմ անփորձ սփյուռքը մեծ մասնիկ է կազմում եւ ավելի ծավալուն աշխատանքների կարիք ունի, որի մասին վերջերս կայացած ՀՀ նախագահի այցելության ընթացքում Բենիլյուքսի երկրների ՀՀ դեսպանի կազմակերպած հայ համայնքների ազդեցիկ անձնավորությունների եւ կազմակերպությունների հետ նշվեցին սփյուռքի դժվարությունները ու նրանց լուծումները: ՀՀ դեսպանը այս հարցով զանազան եւ բազմաթիվ առիթների ժամանակ բերել է իր անխտիր աջակցությունը:

ՏԱՐՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 
Բելգիայի Հայ Երիտասարդական ընկերային միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել