Ասում են՝ ելփինցիները անուն դնող են
Վայոց ձորի Ելփին գյուղը:
«Էս վի՞ր (ու՞մ) տղան ի»,- նայելով ինձ՝ հարցրեց Քնո տատը: Ոչ, դուք չէք սխալվում, իմ անունը Հռիփսիմե է, եւ ես իրոք իգական սեռից եմ, պարզապես Վայոց ձորի Ելփին գյուղի բնակիչների համար տղա լինես, թե աղջիկ՝ տղա ես: Դրան ոչ մի բացատրություն չկա, պարզապես այս ձեւով է Ելփինում լուծվում գենդերային խնդիրը:
Այս գյուղի առօրյան չի տարբերվում հայկական գյուղերից: Առավոտյան ժամը 6-ին՝ աքաղաղի կանչի հետ արթնանում է գյուղը: «Հայաթ-մայաթ ավլես-հազրես, հետո անցնես մնացած գործերին: Ամբողջ օրը պիտի բանես, որ արդյունքի հասնես,- ասում է Զաբել տատը,- ցորեն ցանի, մշակի, որ խաց ունենաս, անասուն, հավ-ճուտ պախի, որ կաթ -մածուն, ձու ունենաս»: Բայց արի ու տես, որ այսքանն էլ գյուղացուն չի բավարարում. ասում են՝ փող է պետք, իսկ գյուղում նորմալ աշխատանք չկա, այդ պատճառով էլ գյուղի համարյա բոլոր տղամարդիկ դրսում են աշխատում: Իրենց ապրուստից էլ գրեթե ոչ ոք չի բողոքում, միակ ցավը՝ ընտանիքի տղամարդկանցից առնվազն մեկի բացակայությունն է: Այստեղ համարյա բոլորն էլ լավաշ են թխում, բոլորն ունեն թոնրատուն, բայց հիմա դրանից քչերն են օգտվում, գյուղն անմասն չի մնացել ժամանակակից տեխնոլոգիաներից. լավաշ են թխում հատուկ դրա համար նախատեսված վառարաններով:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց. բայց շուտով այն էլ կդառնա ութամյա: «Թե էս ճիժերը վա՞րտեղ են սովորելու, չեմ նալ»,- մտահոգվում է մայրերից մեկը: Երիտասարդներն էլ հպարտանալու տեղ ունեն. «Նայի վի՞ր տունը ավտո, սպուտնիկ չկա»,- ասում է նրանցից մեկը: Երիտասարդական կյանքն էլ այստեղ կանգնած չէ՝ գործում է գյուղի Երիտասարդական կենտրոնը, որտեղ էլ հաճախակի կազմակերպվում են միջոցառումներ: Կենտրոնում կան համակարգիչներ, ինտերնետ կապ: Գյուղի աղջիկներից մեկի հավաստմամբ էլ, պատշաճ չէ աղջկա՝ երեկոյան վեցից հետո դրսում հայտնվելը: «Պիտի կամ ախպորդ, կամ էլ ծնողներիցդ մեկի հետ լինես»,- ասում է նա: Այստեղ բոլորն էլ ձգտում են բարձրագույն ուսում ստանալ, բայց երբ հատկապես աղջիկների քսանամյակն է բոլորում, մի տեսակ վախ է ընկնում սրտները՝ «չմնան տանը»:
Հատկապես մեծահասակ ելփինցիները շատ են սիրում իրենց գյուղը. «Մեր կեղը շատ սիրուն ի, մաքուր օդ ի, ստեղ խով ի, ափսոս՝ երտասարդները չեն ուզել ստեղ մնալ, սաղի աչքն էլ տուրսն ի»,- ասում է Զաբել տատը: Ամեն օր էլ գյուղամեջում հավաքվում են գյուղի տղամարդիկ. պապիկները հիշում են իրենց ջահելությունը, նրանց տղաները՝ քննարկում օրվա անցուդարձը, իսկ թոռները, աչքները ջուր դարձած, սպասում գյուղամեջ՝ աղջիկներից գոնե մեկի հայտնվելուն:
Գյուղն ունի նաեւ տեսարժան վայրեր: Վերջին տարիներին այս գյուղի տղաներ Ավետիսյան եղբայրները կառուցեցին Սուրբ Սարգիս եկեղեցին եւ 1945թ. Հայրենական պատերազմում զոհված գյուղացիների հիշատակն անմահացնող հուշարձանը: Ելփինցիները պատկառանքով են վերաբերվում այս կառույցներին:
Այստեղի բնակիչներն էլ, ինչպես բոլոր այլ վայրերում, ունեն իրենց յուրահատուկ գծերը: «Այ բալամ, ասես են՝ ելփինցիները անուն տնող են,- ասում է Զաբել տատը եւ հիշում,- մե օր մեկը էկավ մեր կեղ, մե ոտից կաղ էր, ասի՝ էս սխտոր ճարդողն ո՞վ ի, նեղացավ, ասեց, անուն տնող ելփնցի եք»: Ես սպասում էի, թե ինձ ինչ անուն են դնելու, բայց Արաքսի տատը բավարարվեց ապագաս գուշակելով. «Այ բալամ, դու լրագրող ես, ոնց եմ նախանձելի քեզ, սաղ աշխարհ ման կիկյաս»: