Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Օգոստոս 17,2010 00:00

\"\"Մասնագետի կարծիքը

Ըստ հին հունական դիցաբանության, Էլպենորը Ոդիսեւսի երիտասարդ ուղեկիցներից ամենակրտսերն էր: Նա աչքի չէր ընկնում մարտական համարձակությամբ ու սուր մտքով, սակայն անխոնջ թիավար էր ու հավատարիմ ընկեր: Ոդիսեւսի հետ գտնվելով կախարդ Կիրկեի կղզում, հարբած վիճակում քնում է պալատի կտուրին: Որոշ ժամանակ անց, հարբած ընկերների գոռգոռոցներից, դոփյուններից ու աղմուկ-աղաղակից հանկարծակի արթնանալով, քնաթաթախ վազում է դեպի սանդուղքի հակառակ կողմը եւ մեծ բարձրությունից վայր ընկնելով՝ ստանում պարանոցային ողների կոտրվածքներ ու ողնուղեղի վնասվածք, ինչի հետեւանքով մահանում է:
ԷԼՊԵՆՈՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ հոգեբուժության մեջ բնորոշվում է որպես ապակողմնորոշումով, շրջապատի ու իրադրության թերի ըմբռնումով ընթացող քնանման վիճակ եւ հաճախ հանդիպում է հոգեկան այս կամ այն խանգարումով, ինչպես նաեւ  ալկոհոլամոլությամբ տառապող (հաճախ՝ երիտասարդ) անձանց մոտ, ովքեր որեւէ ուժեղ գրգռիչից (աղմուկ, պայծառ լույս, սաստիկ ցավ եւ այլն) հանկարծակի արթնանալով, գտնվում են ոչ լրիվ պարզված գիտակցության վիճակում եւ ցուցաբերելով ագրեսիվ ու ավերիչ վարքագիծ, դառնում են խիստ վտանգավոր շրջապատի մարդկանց ու սեփական անձի համար:
Մամուլից քաղած իմ կցկտուր տեղեկություններից ելնելով, Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկի դիրքապահ զինվոր Կարո Այվազյանի եւ նրա 5 զինակիցների հետ տեղի ունեցած ողբերգությունը կարող էր պայմանավորված լինել վերոհիշյալ համախտանիշով: 
1989 թ. ծնված Կարո Այվազյանը հայր չի ունեցել,  եղել է միայնակ մոր զավակ: Մայրը,  վերցնելով 3-ամյա տղային, տուրիստական վիզայով մեկնել է ԱՄՆ ու այլեւս չի վերադարձել: ԱՄՆ-ում տղան վարել է հակահասարակական կյանք, եղել է «կրուտոյ», ապօրինի հրազեն է կրել, հանցագործություն կատարել եւ արդեն 13 տարեկանում ձերբակալվել ու բանտարկվել ամերիկյան բանտում, որտեղից մի քանի անգամ դիմել է փախուստի  եւ կրկին բռնվել: Այդպիսով, 7 տարի մնացել է բանտում եւ ազատվել 2009 թ.: Այդ ընթացքում նրա մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, եւ արտաքսելիս փաստաթղթերում գրանցել են, որ նրա ընտանիքի անդամներին արգելվում է զենք ունենալ, քանի որ տղան կարող է այն ի չարս գործադրել: 2009 թ. մայիսին խաթարված հոգեկան (հավանաբար՝ նաեւ մարմնական) առողջությամբ եւ խոսակցական հայերենի վատ իմացությամբ նա արտաքսվել է Հայաստան:
Այս ամենի մասին Կարոյի 70-ամյա պապը հայտնել է Արաբկիրի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետին: Մնացել են անհողդողդ եւ տղային անմիջապես ուղարկել ծառայության, այն էլ ոչ թե ոչ շարային ծառայության, այլ ուղղակի այլ հանրապետության՝ Ղարաբաղի սահմանային դիրքերը պաշտպանելու, առանց հաշվի առնելու պապի հայտնած տեղեկությունները եւ ներկայացրած փաստաթղթերը: 
Ծառայության ժամանակ զորամասում եւս իմացել են, որ Կարոն ունի հանցավոր հարուստ կենսագրություն, բավարար չի տիրապետում հայերենին: Նրան նույնիսկ կոչել են Բեն Լադեն մականունով: Իմացել եւ հեռախոսով պապին տեղյակ են պահել, որ տղան մտադրություն ունի փախչելու զորամասից: Այս ամենը կրկին խոսում է այն մասին, որ զինվորին պետք էր հոգեբանական կամ հոգեբուժական շտապ եւ անհետաձգելի օգնություն:
Եվ ահա, զորակոչվելուց մեկ տարի անց, 2010 թ. հուլիսի 28-ի ողբերգական այդ գիշերը, քնած լինելով խրամատում (ինչը եւ կարելի էր սպասել խաթարված հոգեկերտվածք ունեցող անձից), նրան են մոտեցել դիրքերը ստուգող ավագ լեյտենանտն ու մի զինվորական, ովքեր հանկարծակի արթնացնելով նրան, պոստում քնած լինելու համար վրան բղավել են, գոռգոռացել, վիրավորել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ զինվորը ընկնի սուր հոգեկան խանգարման վիճակի մեջ (որը հոգեբուժության մեջ ընդունված է կոչել Էլպենորի համախտանիշ) եւ իր մոտ եղած հրազենով գնդակահարի բոլորին, ովքեր այդ պահին հայտնվել են նրա տեսադաշտում (սպան եւ 4 ժամկետային զինծառայողները) եւ վերջում հրացանի փողը ուղղի իր վրա:
Իսկ թե ինչպես կարելի էր կանխել ողբերգությունը եւ հետագա նման դեպքերը, առանձին մասնագիտական զրույցի ցավալի եւ բազմաթիվ խնդիրներ առաջացնող թեմա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել