Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից՝ պաշտոնական Անկարան որոշել է հիմնովին քանդել պոլսահայ գրող-լեզվաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի հոդվածագիր Սեւան Նիշանյանին պատկանող անշարժ գույքը:
Ստամբուլում հեռարձակվող «haytert» կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգային խորհուրդը, հայտարարելով, թե Նիշանյանն ապօրինաբար վերակառուցել եւ շահագործման է հանձնել 16 տուն, որոշել է քանդել դրանք: Իսկ Նիշանյանին ապօրինի շինարարության համար ընդհանուր առմամբ սպառնում է 50 տարվա ազատազրկում:
Կայքի տեղեկացմամբ՝ հայազգի լեզվաբանը տարիներ առաջ Իզմիրի Շիրինջե գյուղում իր սեփական միջոցներով վերակառուցել է խարխուլ, ոչնչացման եզրին գտնվող տասնվեց շինություն, որից հետո դրանք սկսել է օգտագործել որպես հյուրանոցներ: Այդ շինությունները Թուրքիայի հյուրանոցային սեկտորում հայտնի են «Նիշանյանի տներ» անվանումով:
«Այդ տներն իմ երեխաներն են… Կառուցել չգիտեն, սակայն երբ հարցը վերաբերում է ավերելուն, առյուծներ են»,- հայտարարել է Նիշանյանը՝ ավելացնելով, որ թուրքական իշխանությունների այդ որոշումը բխում է «դասակարգային ատելությունից»:
Նշվում է նաեւ, որ երկու տարվա ընթացքում տասնվեց շինությունների առնչությամբ Նիշանյանի դեմ բացվել է տասնվեց առանձին դատական գործ: