Մեղրու տարածաշրջանում եկեղեցի են վերականգնել՝ առանց համապատասխան թույլտվության
Վերականգնված եկեղեցին:
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Կարճեւան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին 17-րդ դարի կառույց է եւ տասնյակ տարիներ չէր գործում, խորհրդային տարիներին էլ խոտի պահեստ էր ծառայում: Կարճեւանի գյուղապետ Արմեն Ավետիսյանը հանձն էր առել վերականգնել գյուղի միակ եկեղեցին: Կարճեւանի գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում եկեղեցի ունենալն անհրաժեշտ էր, քանի որ մոտակա Ագարակ քաղաքում էլ եկեղեցի չկար, իսկ գյուղացիները եկեղեցի գնալու ու մոմ վառելու համար ստիպված հասնում էին Մեղրի, որը Կարճեւան գյուղից 14 կմ հեռու է: «Կատարվել են վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ, ամրացվել են եկեղեցու հիմքերը, նոր դուռ է տեղադրվել, ներսը գորգով ու եկեղեցական նկարներով է կահավորվել, զանգ է տեղադրվել, եկեղեցու շրջակայքն է բարեկարգվել, կառուցապատվել, լուսավորություն անցկացվել: Մինչ այդ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին շատ տխուր տեսք ուներ, ուղղակի անհրաժեշտություն էր գյուղում գործող եկեղեցի ունենալը: Գյուղացիների համատեղ ուժերով, նրանց միասնական աշխատանքի շնորհիվ վերականգնվեց եկեղեցին: 2009 թվականի ամռանը սկսվեցին աշխատանքները եւ մինչեւ տարեվերջ դրանք արդեն ավարտին էին հասցվել: 15 հազար դոլարի աշխատանքներ են արվել, ծախսերը հոգացել է համագյուղացի, երեւանաբնակ Օնիկ Կարապետյանը»,- ասում է Կարճեւանի գյուղապետ Արմեն Ավետիսյանը, ավելացնելով, որ իրենց գյուղի եկեղեցին վերականգնելուց հետո դեպի եկեղեցի մեծ շարժ է նկատվում, հատկապես Ագարակ քաղաքից են մեծ թվով մարդիկ գալիս Կարճեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Կարճեւանի եկեղեցին վերականգնելու գաղափարը առանձնապես դուր չի եկել պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությանը, եւ դա անօրինական քայլ են որակել, քանի որ, ըստ նրանց հավաստիացումների, եկեղեցին վերականգնել են առանց համապատասխան թույլտվության ու առանց իրենց տեղյակ պահելու: «Ինչքան փորձեցինք գյուղապետին հասկացնել, որ չի կարելի առանց համապատասխան նախագծի եկեղեցի վերականգնել, քանի որ եկեղեցին ներսից ունի որմնանկարներ, իսկ դրանք ունեցող եկեղեցին առանց համապատասխան նախագծի վերականգնելն անթույլատրելի է: Մեր բացատրություններն անտեսելով, այնտեղ շարունակեցին իրենց նախաձեռնած գործը, որի արդյունքում վնասեցին եկեղեցու ներսի որմնանկարները: Ստիպված՝ 2009 թվականի հուլիսի 6-ին դիմեցինք Սյունիքի մարզի դատախազին: Հուլիսի 14-ին դատախազությունից տեղեկանք պահանջեցին մեզնից՝ խնդրելով ներկայացնել վերականգնման արդյունքում եկեղեցուն հասցված վնասի չափը: Մենք պատասխանեցինք, որ դա կարող է գնահատել միայն մշակույթի նախարարության կազմած հանձնաժողովը, բայց այն, որ աշխատանքներն ապօրինի են եւ կարող են վտանգել հուշարձանի անխաթարությունը՝ անառարկելի է: Գործը այնքան ձգձգվեց, որ համայնքի ղեկավարը որոշեց բետոնե սվաղ անել եկեղեցու ներսում, այնուհետեւ վրայից գաջ անել: Որեւէ հայկական եկեղեցու ներսում ո՞վ է լսել, որ գաջ անեն: Ինչքան բացատրեցինք, որ վերականգնման ձեւ կա, մեթոդներ կան, եւ վերականգնել՝ չի նշանակում շինարարություն անել, վերականգնել՝ նշանակում է գիտագեղարվեստական աշխատանք, որ սովորական շինարարը հաստատ չէր կարող անել՝ չվնասելով որմնանկարները»,- պարզաբանում է պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:
Կարճեւանի գյուղապետն էլ ասաց, որ իրենք ոչ թե դեմ էին կամ հարմար չէին գտել տիկին Հակոբյանի առաջարկած տարբերակով աշխատելու, այլ ուղղակի նշված եղանակով եկեղեցու վերականգնումն անտեղի կձգձգվեր ու ավելորդ ծախսեր կպահանջեր, ուստի որոշեցին վերականգնել իրենց ընտրած տարբերակով: