Լրահոս
Օրվա լրահոսը

Խափանման միջոցը չփոխվեց

Օգոստոս 17,2010 00:00

Դատախազն ավելի հումանիտար է գտնվել, քան՝ դատավորը

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանի վարույթում է գտնվում Հրանտ Մխոյանի, Եգոր Հակոբյանի եւ Լուսինե Նալբանդյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը:
Հրանտ Մխոյանի պաշտպանությունը ստանձնած Ինեսա Պետրոսյանը հանդես է եկել միջնորդությամբ: Նա ուրբաթ օրը տեղի ունեցած դատի ժամանակ դատարանին տեղեկացրել է, որ 2009թ. հոկտեմբերի 9-ից իր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ: Վերջինս ծանր հիվանդ է, եւ ձերբակալման ժամանակ 2-րդ խմբի հաշմանդամ էր: Այս ամիսների ընթացքում Հրանտ Մխոյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ դարձել ծայրահեղ:
Պաշտպանը հիշեցրել է, որ հուլիսի 7-ին, ժամը 16.00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է Հրանտ Մխոյանի պատճառով, քանի որ նրան նիստից հետո տեղափոխել են մեկուսարան: Այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ծայրահեղ ծանր վիճակում Հ. Մխոյանին շտապօգնության մեքենայով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանության բաժանմունք: Կալանավորի մոտ ախտորոշվել է «ՍԻՀ, ձախ փորոքի սրտամկանի առաջնային տարածում կրկնակի սուր ինֆարկտ, ՍԿԱ II հետինֆարկտային կարդիոսկլերոզ. զարկերակային հիպերտենզիա»: Վիճակը գնահատվել էր ծանր:
Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Հ. Մխոյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատարանը, ըստ Ինեսա Պետրոսյանի, հարցում էր կատարել նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ ստացվել էր պատասխան, որ Հ. Մխոյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այսինքն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստանալով Հ. Մխոյանի վիճակը փոքր-ինչ թեթեւացել էր ու ծանրից դարձել միջին ծանրության:
Ուրբաթ օրը դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը: Պաշտպանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ մեկուսարան տեղափոխվելուց հետո Հ. Մխոյանի առողջական վիճակը միջին ծանրությունից կրկին դարձել է ծանր եւ 31-ամյա երիտասարդ պաշտպանյալի կյանքը վտանգված է, եւ պատճառը դատարանի կիրառած խափանման միջոցն է, որն այս դեպքում՝ Հրանտ Մխոյանի առողջությամբ անձի համար կրում է կյանքի համար վտանգավոր պատժի տարրեր: Ըստ Ի. Պետրոսյանի, խախտվել է ՀՀ քրդատօրի 18 հոդվածի 5-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:
«Ակնհայտ է, որ Հրանտ Մխոյանի առողջությամբ անձի համար դատարանի կիրառած խափանման միջոցը կրում է կյանքի համար վտանգավոր պատժի տարրեր, ինչին ականատես եղանք, եւ Հրանտ Մխոյանի կյանքը մի կերպ հնարավոր եղավ փրկել»,- ասում է նա:
Ի դեպ, նկատենք, որ նման հիվանդություն ունեցող անձին պահում են թույլատրելի նվազագույնից երկու անգամ ծանրաբեռնված մեկուսարանում, եւ նա այդ ծանր վիճակում զրկված է նույնիսկ մաքուր օդ շնչելու հնարավորությունից, իր հարազատների խնամքից օգտվելու եւ այլ կարեւոր կենսական հարցեր լուծելու հնարավորությունից:
Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազը միջնորդության դեմ չի առարկել, գտել էր, որ կալանքը կարող է փոխվել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, մանավանդ որ՝ Հրանտ Մխոյանի կյանքը փրկելու համար (ըստ 09.08.2010թ. բժշկական տեղեկանքի) անհրաժեշտ է կատարել 2 հատ կորոնար զարկերակների ստենտավորում, որը պետք է կատարվի պետության հաշվին, քանի որ դրա անհրաժեշտությունն առաջացել է դատարանի կիրառած խափանման միջոցի, ինչպես նաեւ թույլատրելիից երկու անգամ ծանրաբեռնված մեկուսարանի խցում (9 հոգու համար նախատեսվածում 18-19 հոգի են պահվել) պահելու արդյունքում: Սակայն տարօրինակ է, որ այս դեպքում հումանիտար կեցվածք չի դրսեւորել դատարանը:

Հ. Գ. Պաշտպանն ասում է, որ դատավորը, մինչ միջնորդության մասին որոշում ընդունելը, գտնվել է Վճռաբեկ դատարանում եւ այնտեղից եկել էր նիստին ուշացած: Ըստ հարազատների, դատավորը հասկացրել էր, որ Վճռաբեկից թույլ չեն տվել խափանման միջոցը փոխել: Ըստ էության, Մխոյանը դրանով դատապարտվել է անդամալուծության կամ՝ խոշտանգմամբ կյանքից զրկման…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել