Երեկ մեռելոցի օրը այդպես ասաց Աշոտ Չիթիրյանը
Հուլիսի 12-ին Նուբարաշենի գերեզմանատուն գնացած եւ հոր՝ հայրենական պատերազմի մասնակից Հովհաննես Չիթիրյանի գերեզմանի տեղում այլ գերեզմանաքար-գերեզման հայտնաբերած Աշոտ Չիթիրյանը շաբաթ օրը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննիչ, ոստիկանության կապիտան Աշոտ Ղազարյանի, իր փաստաբան Գեւորգ Շիրինյանի հետ այցելեցին Նուբարաշենի գերեզմանատուն: «Առավոտի» նախորդ հրապարակումից հետո նյութեր են նախապատրաստվում բաժնում:
Գերեզմանատանն էին գտնվում տեղի՝ Գաբրիել անունով փոխպատասխանատուն, անցյալ տարի այդ նույն տարածքում ամփոփված Գրիգոր Խաչատրյանի հարազատները: Վերջինների անհանգստության պատճառն էլ կարելի է հասկանալ. հանկարծ իրենց հարազատի տապանաքարն ու հուշաքարը չհանվի, չվնասվի: Ըստ էության, նրանք էլ մեղավոր չեն, քանի որ գերեզմանատան տնօրինությունը նրանց այդ տեղն է հատկացրել, այսինքն՝ մի տեղ, ուր 1991թ.-ին թաղվել է Հովհաննես Չիթիրյանը: Երեկ նրա որդին՝ Աշոտ Չիթիրյանը, չկարողացավ այցելել հոր շիրիմին, քանի որ այնտեղ այլ հանգուցյալ է թաղված:
Աշոտ Չիթիրյանի համար խնդիրն այն չէ, որ այլ գերեզմանաքար է տեղադրվել իր հոր գերեզմանին, այլ այն, թե մյուս հանգուցյալին թաղելիս իր հոր աճյունն ինչ են արել, ո՞ւր է այն: Եթե «տեղ են բաց արել» հանգուցյալ Գրիգոր Խաչատրյանի համար, ապա ո՞ւր են տեղափոխել Հովհաննես Չիթիրյանի աճյունը:
«Հասկացեք, ես բջջային հեռախոս չեմ կորցրել: Ես հորս աճյուն եմ կորցրել եւ պատրաստ եմ ամեն տեղ դիմելու, ընդունակ եմ ամեն ինչի»,- ասում է Աշոտ Չիթիրյանը: Զարմանալի հանգստություն է ցույց տալիս գերեզմանատան տնօրինությունը, որը միայն զայրացել է, երբ մեր թերթը ահազանգել է այդ մասին (այդ հրապարակումից հետո է միայն հետաքննություն սկսվել): Սակայն քաղաքակիրթ աշխարհում նման թերթային ահազանգի հետեւանքը շատ ավելի լուրջ կլիներ. ի վերջո, կա գերեզմանատան պատասխանատու, որը բաշխումն ինքն է կատարել: Հետեւաբար, պատասխան պիտի տան ոչ թե հանգուցյալների հարազատները, այլ հենց նրանք:
Հուլիսի 12-ից Ա. Չիթիրյանն ու անկողնուն գամված նրա 75-ամյա մայրը պահանջում են. «Միգուցե փնտրեք, գտնեք մեր հարազատի շիրիմը: Եթե չկա այն, ուրեմն մեր հայրը, ամուսինը ողջ է»: