Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին աղոտ հույսը

Օգոստոս 17,2010 00:00

Բաց նամակ «Առավոտի» խմբագրությանը

Սովորաբար բողոք-նամակները, որոնք ստանում է մեր խմբագրությունը, սկսվում են հետեւյալ բառերով. «Մենք դիմել ենք բոլոր ատյաններին, ոչնչի չենք հասել, եւ վերջին հույսը թերթն է: Գուցե պատկան մարմինները կարդան մեր բողոքը եւ արձագանքեն»: Ես անձամբ, իհարկե, այդքան միամիտ չեմ եւ առանձին հույսեր չեմ փայփայում, որ վերոհիշյալ «պատկանները» կկարդան եւ միջոցներ կձեռնարկեն: Բայց՝ մեկ էլ տեսար…
Արդեն 3 տարի է՝ իմ տան հոսանքը շաբաթը գոնե մեկ օր տատանվում է: Կամ լարումը այնքան ցածր է լինում, որ մենք մի քանի ժամ ստիպված ենք նստել կիսամթի մեջ, կամ լույսն այնպես է խաղում, որը լամպերը թարթում են, UPS-ները՝ ծվծվում, կայունացուցիչը՝ թխկթխկում: Մի անգամ մեր տուն եկավ Երեւանից մի էլեկտրիկ եւ ասաց՝ «Եթե քաղաքում մենք այսպիսի հոսանք տայինք, մեզ վաղուց գործից կհանեին, տեղամասին էլ դատի կտային»: 3 տարի շարունակ ես գրավոր եւ բանավոր բողոքում եմ ա/ մեր գյուղի էլէկտրիկին, բ/ Եղվարդում գտնվող Էլցանցի տեղական մասնաճյուղ, գ/ էլցանցի կենտրոնական գրասենյակ: Ոչ, չկարծեք, թե սույն երեք ատյաններն իմ բողոքներն անարձագանք են թողնում:  Էլեկտրիկ Վարուժը գալիս է եւ ասում. «Երեւի մեկը գծի վրա սվառկա է անում»: Դա, իհարկե, շատ մխիթարական է՝ իմանալ, թե կոնկրետ ինչից է հոսանքդ տատանվում, բայց չեմ կարծում, որ 3 տարի շարունակ մեր գծի վրա պարբերաբար եռակցման աշխատանքներով են զբաղվում: Մնացած երկու ատյանների ներկայացուցիչները անպայման զանգահարում են բողոքելուց 1-4 օր հետո  եւ մեծ հոգատարությամբ հարցնում՝ «Դուք բողոքնե՞ր ունեք, այս պահիս հոսանքը տատանվո՞ւմ է»: Երբ բացատրում ես, որ «դեպքը» տեղի է ունեցել այսինչ օրը, այսինչ ժամին, նրանք անպայման հուսադրում են՝ «Մենք մասնագետներ կուղարկենք»: Մասնագետները իսկապես գալիս են, լուրջ տեսքով ինչ-որ չափումներ են անում եւ գնում են: Եվ այսպես՝ 3 տարի շարունակ: Ընդ որում՝ վերջին մեկ տարում այդ երեք ատյաններից ոչ մեկին արդեն չեմ էլ բողոքում, որովհետեւ անգիր գիտեմ հետեւանքները:
Հետաքրքիրն այն է, որ եթե իմ տանը որեւէ սարք այդ տատանումներից փչանա (սատանայի ականջը խուլ) եւ ես դիմեմ դատարան, էլցանցը հաստատ կապացուցի, որ ինքը մեղք չունի: Դատարանները, ինչպես հայտնի է, մեր երկրում անկախ են ու անկաշառ:
Սիրելի խմբագրություն, իմ վերջին հույսը… Եվ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել