Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴՈՒՄ ԿԱՊ ՉԿԱ

Օգոստոս 17,2010 00:00

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից խոստացան, որ այդ հարցը մտցրել են իրենց ռազմավարական ծրագրերի մեջ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի Ամառանոցային թաղամասում արդեն մեկուկես ամիս է, ինչ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային եւ ինտերնետային կապի որակն ընկել է:
 Օրերս այս մասին դժգոհություններով «Առավոտին» էին դիմել այս թաղամասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ փողոցների բնակիչները: Նրանց խոսքերով, մինչ այդ նման բան չի եղել եւ իրենք ազատ օգտվել են «ՎիվաՍելի» ե՛ւ ինտերնետ, ե՛ւ բջջային կապից. «ՎիվաՍելի» անտենան գնում-գալիս է, ժամերով կարող ենք առանց կապ մնալ: Մենք այստեղ լարային հեռախոս էլ չունենք, այլընտրանք չկա, միայն բջջայիններ են: Իսկ այս օրերին մեծ խնդիր է «ՎիվաՍելից» «Օրանժի» կամ «Բիլայնի» բաժանորդներին զանգելը: Բացի այդ, ամառանոցում «ՎիվաՍելի» ինտերնետ ունենք, սակայն չենք կարողանում օգտագործել: Պետք է գանք  մայրաքաղաք, որպեսզի կարողանանք ինտերնետով գործ անել»:
 Այս թաղամասի բնակիչ Հակոբ Չատյանի ներկայացմամբ էլ, իր աշխատանքը հենց ինտերնետից է կախված. «Եթե նախկինում կարողանում էի տանը նստած իմ աշխատանքն առաջ տանել, հիմա չեմ կարող: Պետք է այլ կապի դիմեմ, կամ որեւէ ինտերնետ ակումբում ժամերով նստեմ, որ աշխատեմ: Այնինչ, ես պայմանագիր ունեմ «ՎիվաՍելի» հետ ու նրանց ինտերնետ կապից եմ օգտվում, դրա համար էլ վճարում եմ, չնայած վերջին 1 ամսվա ընթացքում չեմ օգտվել այդ ինտերնետից»:
Կապի որակից տուժած բնակիչները պարբերաբար զանգում են ընկերության 111 անվճար հեռախոսահամարին, սակայն օպերատորները միշտ նույն պատասխանն են տալիս՝ ձեր դժգոհությունները գրանցում ենք եւ կփոխանցենք համապատասխան բաժին:
Ըստ Ամառանոցային թաղամասում բնակվող «ՎիվաՍելի» բաժանորդների, իրենց մոտ տեղադրված ընկերության ալեհավաք-ալեցիրի վրա ինչ-որ մաս է պակասում, որը, նրանց տեղեկություններով, գողացել են հենց մեկուկես ամիս առաջ, սակայն մինչ օրս ընկերության մասնագետները, անգամ տեղյակ լինելով էլ, որեւէ կերպ չեն վերանորոգում ալեհավաք-ալեցիրը եւ չեն փորձում այստեղի բջջային եւ ինտերնետային կապի որակը լավացնել: Այստեղ իսկապես «ՎիվաՍելն» ունի ալեհավաք-ալեցիր, սակայն այն վնասվա՞ծ է, թե՝ ոչ, փորձեցինք պարզել ընկերությունից:
«ՎիվաՍելի» PR բաժնի համակարգող Վահե Իսահակյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք տեղեկացված են, որ Նոր Խարբերդի Ամառանոցային 1, Ամառանոցային 2 եւ Ամառանոցային 3 հասցեներում անհրաժեշտ է ավելացնել ցանցի թողունակությունը. «Տվյալ տարածքներում բջջային կապի հասանելիության առումով մեծ դեր է խաղում սեզոնայնության գործոնը: Համեմատած այլ ամիսների հետ՝ ամռանը բնակչության խտությունն այս տարածքներում կտրուկ ավելացել է՝ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մեծ թվով ժամանակավոր բնակիչների հաշվին: Բնակչության ավելացման հետեւանքով ցանցը գործում է ծանրաբեռնված ռեժիմով: Ինչ վերաբերում է ալեհավաք-ալեցիրի աշխատանքներին, ապա նշեմ, որ տարածքը սպասարկող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սարքավորումները գործում են անխափան եւ ոչ մի սարքավորում չի գողացվել: Նշված տարածքներում բջջային ցանցի թողունակության ավելացման հարցն ընդգրկված է 2G եւ 3G ցանցերի հզորացման՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ռազմավարական ծրագրում»:
Հ. Գ. Ի դեպ, «Վիվա-Սելլի» տրամադրած կապի որակից վերջին օրերին դժգոհում էին ոչ միայն Նոր Խարբերդի բնակիչները: Նման բողոքներ կան նաեւ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից. այս դեպքում նույնպես դժգոհում էին, որ այս բջջային օպերատորի միջոցով չեն կարողանում կապվել մյուս օպերատորների բաժանորդների հետ, կապը խափանվում է, զրուցակցի ձայնն անընդհատ կտրտվում է…  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել