Մարդիկ ուտում են խաղող, մինչեւ այն օրհնելը
Արարատ գյուղի բնակչուհի տիկին Սեդան եկեղեցում Խաղողօրհնեքի արարողությանը ներկա է եւ ծանոթ է եկեղեցական ծեսին, բայց այսօր այս տարվա մեջ առաջին անգամը չէ, որ խաղող է ճաշակելու: «Դե եթե խաղողը հասնում է, մենք էլ գյուղում ենք ապրում, այգի ունենք, չուտել չի լինում»,- ասում է նա: Բայց տիկին Սեդան ամեն տարի իր ընտանիքին եկեղեցուց օրհնված խաղող է տանում. «Սա ուրիշ է, իմ ընտանիքը մի հատ էլ թող օրհնված խաղող ուտի»,- մտածում է նա: 27-ամյա Սուսաննա Պողոսյանն ամեն տարի անհամբեր սպասում է խաղողի հասնելուն, իր ամենասիրած մրգերից է. «Շատ քիչ մարդիկ կսպասեն՝ խաղողը օրհնվի, նոր ուտեն, դեռ նույնիսկ լրիվ չհասած, շուկաներում տեսնում ենք այդ մրգի վաճառք, շատ սիրողները, ինչպես օրինակ ես, չեն դիմանա գայթակղությանը, կգնեն, կուտեն»,- ասում է Սուսաննան: Նա մեծ սիրով ճաշակում է նաեւ օրհնված խաղողը. «Այսպես, կարծես, մի ներքին հավատ ես ունենում, որ Աստված քեզ օրհնեց»,- ասում է նա:
Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր սպասավոր Էդգար սարկավագի խոսքերով՝ Խաղողօրնեքին նախորդող շաբաթն անվանվում է խաղողի պաս եւ արգելվում է խաղող ուտելը մինչեւ բերքի օրհնությունը: «Բայց մարդիկ չեն դիմանում, ուտում են միրգը: Իհարկե, եկեղեցական օրենքներով այդպես չի կարելի: Նրանք, ովքեր եկեղեցուն ավելի մոտ են կանգնած, պահպանում են ավանդույթը, դա ավելի շատ կախված է մարդու ցանկությունից: Եթե նա չի դիմանում, ուտում է, ոչ ոք չի կարող նրան բռնանալ»: Էդգար սարկավագը նաեւ համոզված է, որ բոլորի համար էլ օրհնված խաղողի համտեսումը մեծ նշանակություն ունի: Նա նաեւ նշեց, որ նման արարողություն եղել է նաեւ Պայծառակերպության (Վարդավառ) տոնի ժամանակ, երբ արգելվում էր խնձոր ուտելը, իսկ այժմ այդ սովորությունը վերացել է:
Հնում տարբեր ազգերի մոտ սովորություն է եղել տարվա առաջին բերքը նվիրել Աստծուն կամ տաճարին: Իսրայելցիների մոտ ընծաներ էին համարվում ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը եւ մեղրը: «Հայաստանյաց Առաքելական Սբ Եկեղեցին բերքի օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին, քանի որ Հիսուսն իրեն ավելի հաճախ էր նմանեցնում խաղողի որթին, այն միաժամանակ խորհրդապատկերն է Սբ Աստվածածնի»,- ասում է Էդգար սարկավագը՝ նշելով, որ խաղողը խորհրդանշում է նաեւ ջրհեղեղից հետո Նոյ նահապետի Արարատ լեռան ստորոտում այգի տնկելն ու խաղողագործությամբ զբաղվելը: