Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՕԹԱՐԻՆ ՄԵԴԻԿՈՅԻ ՀԵՏ ԾԱՂԿԱՁՈՐ ՉԻ ԳԱԼԻՍ

Օգոստոս 17,2010 00:00

Հաստատ պատճառը կեղծ հայրենասիրական մղումները չեն

Ամառը վերջանում է, եւ աստիճանաբար մեր քաղաքների փողոցներում ավելանում է արեւայրուքով մարդկանց թիվը: Նրանք վերադառնում են հանգստավայրերից՝ մեծ մասամբ ծովեզերքից եւ կամաց-կամաց հարմարվում առօրյա աշխատանքային ռիթմին: Սակայն հուշերը, որ մարդիկ բերում են իրենց հետ, դեռ մի որոշ ժամանակ էլ կուղեկցեն նրանց: Իմ հուշն էլ սա է, որ մի քիչ հիշեցնում է «Ինչպես եմ անցկացրել ամառը» թեմայով դպրոցական շարադրությունը:
Ես, երկու տարի է արդեն, նախընտրում եմ վրացական Քոբուլեթին: Ծովափը քարքարոտ է, շատ անհրաժեշտ ծառայություններից զուրկ, սենյակը, որ վարձում եմ Ռուսթավելու փողոցում, ավելորդ պաճուճանքներից զուրկ, զվարճանքի վայրերն այնքան էլ շատ չեն, եթե բազմաթիվ ռեստորաններն ու սրճարանները զվարճանքի վայր չհամարենք, քաղաքում խիստ տեսարժան անկյուններ չկան: Ամենատեսարժանը, թերեւս, անծայրածիր ծովն է՝ իր բոսորագույն երեկոներով ու վաղ առավոտյան մաքրամաքուր ջրով: Եթե շատ սուր զգացողությունների սիրահար ես, խնդրեմ, ամեն երեկո կարող ես գնալ «Դիսնեյ լենդ» կոչվող նրանց զբոսայգին, որ քաղաքից դուրս է, եւ ըմբոշխնել զանազան կարուսելների ու ջրային ատրակցիոնների հաճույքը, իսկ որ ամենակարեւորն է, սեփական աչքերով տեսնել ու վերջապես հասկանալ, թե ինչ բան է մաքրություն ասվածը, թե որքան հաճելի է, երբ երեխայիդ հետ զբոսնում ես հանգստյան գոտում, եւ այդ գոտում չկա մի բացօթյա ռեստորան, որտեղից «Վա՜յ, ախպեր ջան, աչքս քոռանար, չտեսնեի» ռաբիս- բայաթիներ չեն լսվում: Ռեստորաններ ու սրճարաններ «Դիսնեյ լենդում» կան, իհարկե, բայց դրանք մյուսների անդորրը խանգարելու համար չեն նախատեսված:
Եթե քո մեքենայով ես գնացել Քոբուլեթի, ապա բախտդ բերել է: Ճանապարհային ոստիկանությունն այստեղ ներքին հրաման ունի՝ «չնեղացնել» հայկական համարներով ավտոմեքենաների վարորդներին: Ուրեմն, քշիր Բաթում, այնտեղից էլ՝ Սարպի՝ վրաց-թուրքական սահմանակետ եւ այդ օրդ անցկացրու տեղի մաքրամաքուր ծովափին: Լողա, ծովով անցիր սահմանը՝ այն կողմում Հայաստանն է, այն Հայաստանը, որ հենց այս կետում պետք է սահմանակցեր Վրաստանին ու ձգվեր մինչեւ Ռզա եւ Տրապիզոն նավահանգիստներ: Թուրք սահմանապահը կարող է զգաստանալ, անհանգիստ շարժումներ անել՝ թե հետ գնա, բայց կարող ես բանի տեղ չդնել ու միջնամատդ ցույց տալ նրան: Միեւնույն է, ծովում դու մերկ ես ու մոտդ զենք չկա, որ նրան կրակելու առիթ տա: Գոնե սիրտդ մի փոքր կհովանա:
Քոբուլեթիի առավելություններն այսքանով, իհարկե, չեն ավարտվում: Այս ծովափին դու քեզ մարդ ես զգում՝ բոլորին հավասար մարդ: Ինչ ազգության ներկայացուցիչ ասես, որ չես տեսնի՝ ավելի շատ, սակայն, հայեր, ապա՝ վրացիներ եւ մի քիչ էլ՝ ադրբեջանցիներ՝ հիմնականում Վրաստանից: Վատ բան անես՝ բոլորը հավասարապես կծիծաղեն վրադ եւ բոլորովին նշանակություն չի ունենա, թե ինչ ազգի ներկայացուցիչ ես դու: Ջիպերով վրայովդ անցնող չկա, հայհոյանք չկա, անգամ չես նեղվում, որ ադրբեջանցու հետ ծովում հայտնվում ես մեկ քառակուսի մետր շրջագծում: Եվ հետո՝ բոլորը լողազգեստով նույն մարդ արարածն են, բոլորը միեւնույն վրացուհուց նույն դաշտի խաշած եգիպտացորենն են գնում ու նույն շարժումներով կրծում այն՝ վայելելով ծովի արեւը: Վերջում, գրեթե ուժասպառ, գնում ես «տուն»՝ վարձածդ սենյակը: Բակում դիմավորում է ժպտերես տանտերդ, հարցնում՝ ինչպե՞ս անցավ օրը, գո՞հ ես: Այսօր շուտ քնի, ասում է, վաղն առավոտյան քեզ տանելու եմ ձկնորսության: Կպառկենք գետի սառը ջրում ու մինչեւ եկող տարի չես հիվանդանա: Սա, իհարկե, տան վարձի մեջ չի մտնում, եւ, եթե ուրիշ «գործ» չունես, համաձայնում ես նրա հետ ձկնորսության գնալ: Բա ի՜նչ անտառներ կան Բաթում տանող ճանապարհին: Կուսական վայրեր իսկապես: Մեծ բարձրությունից նայե՞լ եք ծովին: Ծովի ձայնն այնտեղ չի հասնում, բայց երբ տեսնում ես ափին բախվող ալիքները, քեզնից անկախ խշշոց ես լսում, ինչպես մեծ խեցին ականջիդ մոտեցնելիս:
Ի՞նչ արժե այս ամենը, որ մեզ մոտ չկա, եւ որի պատճառով մենք ամեն տարի արտահանվում ենք Վրաստան, իսկ ավելի կոնկրետ՝ Ուռեկի, Քոբուլեթի, Բաթում եւ Սարպի: Բոլոր հայերին, հատկապես տուրիզմի եւ հանգստի կազմակերպման մեր տաղանդավոր մասնագետներին, առաջարկում եմ վերցնել հաշվիչներն ու գործի անցնել:
Եվ այսպես՝ երկուսով հասանք Քոբուլեթի: Կայարանից տաքսի ենք վերցնում եւ հասնում, ենթադրենք, Ռուսթավելու փողոցի թիվ 253 տունը, որի տիրոջ անունը Օթարի է: Տաքսուն տվեք առավելագույնը 5 լարի եւ հանգիստ իջեք մեքենայից: Եթե Օթարին իր տանը ազատ սենյակ չունենա, դուք երբեք դրսում չեք մնա: Նա ձեզ կտեղավորի այս կամ այն հարեւանի տանը: Վերջ, մնալու տեղի հարցը լուծված է: Հիմա՝ վարձի մասին: Եթե սենյակը դուր եկավ, իսկ շատ բան պետք չէ՝ մահճակալ, աթոռ, պահարան եւ լուսամուտ, ապա այլեւս ժամանակ մի կորցրեք: Իրերը տեղավորեք ու՝ վազքով դեպի ծով: Այստեղից 5 րոպեի ճանապարհ է: Առավոտյան այդ ժամը (գնացքը Քոբուլեթի է հասնում տեղական ժամանակով 7-ի մոտերքը) մի կորցրեք: Սենյակի վարձի մասին կարող եք պայմանավորվել հետո էլ, երբ արեւն այրում է, ու ծովափին մնալը դառնում է անհնարին: Օթարիի կինը՝ Մեդիկոն, կբարձրանա ձեր սենյակը եւ կասի, որ երկու հոգու համար այն արժե 16 լարի մեկ օրը՝ այսինքն՝ 10 օրվա համար 160 լարի: Գումարո՞ւմ եք: Նա այնուհետեւ կառաջարկի օգտվել հենց իրենց բակի խոհանոցից, որտեղ կարելի է սնվել օրը երեք անգամ՝ 20 լարի վճարելով: Տասը օրում այդ գումարը կկազմի 200 լարի: Ի մի բերենք՝ 200+160+100 (չնախատեսված ծախսեր) =460 լարի: Իսկ սա նշանակում է, որ երկուսով դուք 10 օր հանգստացաք Քոբուլեթիում եւ ծախսեցիք ընդամենը 260 դոլար (բոլ-բոլ հաշված՝ միրգ, ձմերուկ, 2-3 անգամ որեւէ սրճարան): Դա կազմում է 95 000 դրամ, որին պետք է գումարել նաեւ գնացքի ճանապարհածախսը՝ մոտ 28 000 դրամ: Ընդամենը՝ 123 հազար դրամ, եւ որպես նվեր՝ Օթարիի հետ ձկնորսության գնալն ու այդ երեկո քո բռնած ձկներով մյուս հանգստացողների առաջ հպարտանալը: Իսկ հիմա, խնդրեմ, 123 հազար դրամով երկուսով գնացեք Սեւան կամ մեկ այլ հանգստավայր, 10 օր մնացեք ինչ-որ տեղ եւ դեռ մի բան էլ օրը երեք անգամ սնվեք: Էլ չենք ասում՝ վայելեք այն հանգիստը, որ մենք նկարագրեցինք վերեւում:
Արդյոք այս ամենի մեջ կա՞ մի բարդ բանաձեւ, որ մերոնք համառորեն չեն կարողանում յուրացնել: Գուցե դա նրանի՞ց է, որ, չկարողանալով իր ազգաբնակչությանը աշխատանքով ապահովել, վրացական իշխանությունները չեն մտնում քոբուլեթցիների գրպանը, իսկ գուցե նրանի՞ց է, որ Վրաստանի գյուղական շրջաններից այստեղ բերվող բերքն ու բարիքը գյուղացին ինքն է վաճառում, եւ բացառվում են գյուղմթերքների վերավաճառման սանձարձակությունները, գուցե նրանի՞ց է, որ ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում, իսկ ոստիկանությունը կորցրածդ հեռախոսը 1-2 օրում գտնում ու քեզ է տալիս, դեռ մի բան էլ ներողություն խնդրում, որ նման բան է տեղի ունեցել:
Իսկ ինչի՞ց է, որ այստեղ նույնիսկ քաղաքից-քաղաք ձգվող մայրուղիներն են լուսավորվում, ինչպե՞ս է վրացիներին հաջողվում մեզնից ավելի լայնամասշտաբ շինարարություն իրականացնել եւ ոչ մի ծառ չկտրել, ոչ մեկին իր տնից ապօրինաբար չվռնդել, չնեղացնել, չվիրավորել, ոչ մեկի ճակատագիրը չբեկել:
Երեւի մարդը Վրաստանում արժե՞ք է, երեւի Վրաստանում արդեն հասկացե՞լ են, որ այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարօրությանը պետք է նպաստեն համաշխարհային ծրագրերով եւ տրանզիտ փոխադրումների շնորհիվ գոյացած գումարները…
Մենք հայրենասեր ենք, մենք այն սերունդն ենք, որ նոր անկախություն ենք կերտել ու հաղթել Ղարաբաղում: Կարիք չկա մեզ ամռանը հայրենասիրության կոչերով Սեւան, Ծաղկաձոր, Դիլիջան եւ Ջերմուկ ուղարկել: Ոչ ոք քոբուլեթցի Օթարիին եւ նրա Մեդիկո տիկնոջը Վրաստանի հանդեպ դավաճանության մեջ չի մեղադրի, եթե նրանք հանկարծ նախընտրեն Ծաղկաձորում դահուկ քշել կամ ճոպանուղի նստել: Հայրենասիրության խնդիր չկա, խելքի ու մի քիչ էլ պետական մտածողության խնդիր կա, որոնցից եւ ոչ մեկը մենք չենք շտապում դրսեւորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել