Փորձում են Հայաստանում «հակառուսական արշավի» պատրանք ստեղծել
Երեկ Ս.Դ. հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը հերթական անգամ անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք վերջին շրջանում, ի դեպ, լայնորեն լուսաբանվում են ռուսական, այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային, ԶԼՄ-ներում: «Հայ-ռուսական հարաբերությունների եւ ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու թեմաների քննարկումը մամուլում խոր մտահոգություններ է առաջացնում: Նախ, նշեմ, որ Ռուսաստանի հետ Գյումրիի ռազմաբազայի գործունեությունն առավել ընդգրկուն դարձնելու փաստաթղթի մեջ, մեր խորին համոզմամբ, պետք է ներառվի Հայաստանի հարակից տարածքներում ՀՀ անվտանգությանը սպառնացող զարգացումների մասին ռազմավարական դաշնակցի պատասխանատվության խնդիրը, ինչը, մեր տեղեկություններով, առ այսօր դրված չէ: Փաստենք, որ «միջազգայնորեն» ճանաչված սահմանների պահպանման պատասխանատվությունը դուրս է դնում Արցախն ու ազատագրված տարածքները եւ անվիճելիորեն բազմապատկում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման վտանգը: Հայկական կողմը, մեր համոզմամբ, պետք է հավելի համաձայնագրի տեքստը` ՀՀ հարակից տարածքներում վտանգավոր զարգացումների դեպքում դաշնակցի պատասխանատվության աստիճանը»,- արձանագրել է Վ. Խաչատրյանը:
Նրա ասելով, վերջինի բացառման դեպքում մենք ռիսկի ենք ենթարկում Արցախը եւ այն ուրվագծում ենք որպես ռազմական պոլիգոն:
ՍԴՀԿ ներկայացուցչիչը «ամենաքիչը զարմանալի» է որակում հայաստանյան ԶԼՄ-ներում ի հայտ եկած բարձրաձայնումներն այն մասին, որ անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ շրջանակից եւ արեւմտյան անվտանգության համակարգի մեջ ինտեգրվել:
«Փաստենք, որ արդեն խիստ տարփողված պատերազմի վտանգի պայմաններում անվտանգության համակարգի փոփոխությունը նույնն է, թե ձիերը փոխենք գետանցման պահին: Նշենք, որ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի չիմացությունը կարող է հանգեցնել մեր պետության եւ ազգի համար ամենավատ եւ ծայրահեղ հետեւանքների»,- արձանագրել է Վ. Խաչատրյանը՝ ըստ էության, հակադարձելով հենց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելուն ի պատասխան ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ արած հայտարարությանը:
Ի դեպ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ները այս խնդրին առնչվող հայ փորձագետների եւ քաղաքական գործիչների թեր եւ դեմ տեսակետներ ներկայացնող հրապարակումները միահամուռ ջանքերով փորձում են ներկայացնել Հայաստանում, իբր, ծայր առած «հակառուսական արշավի» համատեքստում: Դիտորդների կարծիքով, այդպիսի տպավորություն ստեղծելու «օպերացիան» ղեկավարվում է ռուսական վերնախավի՝ կոնկրետ կենտրոնի կողմից ու նաեւ հայաստանյան գործիչների ձեռքերով, թերեւս, «զոնդաժի» կամ հակառակ արդյունքի՝ հակառուսական հնարավոր տրամադրությունները հենց բնում խեղդելու ու այդպիսի արշավներին Հայաստանի ներսում ժամանակին հակազդելու նպատակով: Պատահական չէ, թերեւս, որ նմանատիպ հրապարակումներ հիմնականում տեղադրվում են Հայաստանում ամենակարդացվող ռուսական կայքերից մեկում՝ «Ռեգնումում»: Թե որքանո՞վ է սա իրական վարկած՝ դժվար է ասել: