Բայց ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, որը գլխավորում է Լյուդմիլա Սարգսյանը, շարունակում է համագործակցել Կոնգրեսի հետ
Օրերս Երեւանում տեղի է ունեցել Ս.Դ. հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության լիագումար նիստ, որին մասնակցել են Սփյուռքի տարբեր շրջանների ներկայացուցիչներ: «Ծանոթանալով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 7-րդ համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, կենտրոնական վարչությունը միաձայն ողջունել է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը» եւ, նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսին, հայտարարել, թե կուսակցությունը «չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ»: «Կենտրոնական վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- ասված է ՍԴՀԿ ԿՎ երեկ տարածած հաղորդագրության մեջ: Կուսակցության ԿՎ-ն շեշտել է նաեւ, որ «Հայրենիքն ամայացնող եւ քայքայող ճգնաժամից կարող է դուրս բերել միայն լիբերալ համակարգից անցումը սոցիալ-դեմոկրատականի: Անձերի փոփոխումը համակարգի պահպանման պարագայում որեւէ դրական արդյունք տալ չի կարող, ինչն անվիճելիորեն հաստատում է Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը»:
Ասել է թե՝ ՍԴՀԿ-ՀԱԿ ապահարզանը, կապերի խզումը, որի սկիզբը դե ֆակտո դրվեց դեռ 2009 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այլեւս փաստ է: Իհարկե, միանշանակ նման պնդում անելն էլ մի քիչ դժվար է, առավել եւս, որ դեկտեմբերին կուսակցությունը փաստացի բաժանված էր երկու թեւերի, եւ նրանցից յուրաքանչյուրն իր համագումարը հրավիրեց եւ ընտրեց իր կառույցի ատենապետին. մեկը՝ Գեւորգ Պերկուպերկյանին, մյուսը՝ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակող Լյուդմիլա Սարգսյանին: ՍԴՀԿ-ի երկու թեւերի միջեւ ծագած վեճը հասավ դատարան: Խնդիրը դատական ատյանում առայժմ լուծվել է հօգուտ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած կառույցի՝ համարելով, որ Լ. Սարգսյանի ընտրությունը ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետի պաշտոնում օրինական է եղել: Այդուհանդերձ, ՍԴՀԿ-ի մյուս թեւը մտադիր է վերադաս դատարանում վիճարկել այդ վճիռը, թեեւ փաստ է նաեւ, որ Հայաստանում որպես ՍԴՀԿ իրավաբանորեն գրանցված է կուսակցության Լ. Սարգսյանի «թեւը»:
«Առավոտը» փորձեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնակվող Համբիկ Սարաֆյանից ճշտել՝ մեկ Հայաստան եւ երկու ՍԴՀԿ կա. ի վերջո, տասնամյակներ շարունակ Սփյուռքում գործող ՍԴՀԿ կառույցները հայաստանյան երկու ՍԴՀԿ-ներից որի՞ն են ճանաչում որպես իրենց իրավահաջորդ եւ նշանակո՞ւմ է, որ Հայաստանում եւ Սփյուռքում գործող ՍԴՀԿ կառույցները այլեւս էապես տարբեր կառույցներ են: «Սրան շատ հստակ պատասխան կարող եմ տալ. հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը, որի անդամն են Սփյուռքում գործող կառույցների ներկայացուցիչները, ճանաչել ու ճանաչում է դեկտեմբերին տեղի ունեցած համագումարը եւ Գեւորգ Պերկուպերկյանի գլխավորած վարիչ մարմինը: Հնչակյան կուսակցությունը որեւէ այլ վարիչ կառույց չի ճանաչում: Իհարկե, բոլորովին չէին ցանկանա, որ այսպիսի իրավիճակ ստեղծվեր, բայց, դժբախտաբար, ստեղծվեց, եւ, անշուշտ, այդ պրոցեսին իրենց մասնակցությունը բերած անհատները կամ կազմակերպությունները նպաստեցին, որ այդ պրոցեսը կուսակցությունում շատ ավելի խորացված գնա, քան կարող էր լինել»,- ասաց Հ. Սարաֆյանը՝ ակնարկելով ՀԱԿ-ին կամ նրա ներկայացուցիչներին: Սարաֆյանը, այսուհանդերձ, պնդեց, թե ՍԴՀԿ-ն ե՛ւ անցյալում, ե՛ւ այսօր ընդդիմադիր դիրքերում է եւ մեկ նպատակ ունի՝ նպաստել Հայաստանում առկա եւ ՍԴՀԿ-ի համար անընդունելի երեւույթների վերացմանը: Նրա ասելով, խոսքը վերաբերում է մեր երկրում արդարության, ժողովրդավարական համակարգի հաստատմանը, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, արդար դատական համակարգի ձեւավորմանը: «Դրանք են երկիրը իսկապես բարգավաճ դարձնելու եւ Հայաստանի նկատմամբ Սփյուռքում վստահություն ներշնչելու գրավականները»,- ասաց ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչը: Ըստ նրա, ավելի քան մեկ դար գործող ՍԴՀԿ-ն աչալրջորեն հետեւում է արցախյան հարցի, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող զարգացումներին, եւ որեւէ քայլ, որեւէ զիջում, որը կարող է վնասներ բերել Հայաստանին կամ հակասել հայության ազգային շահերին, ՍԴՀԿ-ի համար չի կարող ընդունելի լինել:
Հայտնի է, որ ՀԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն որոշակի տարակարծություններ ունեին հիշյալ երկու հարցերի համատեքստում, բայց սերտորեն համագործակցում էին ՀԱԿ-ի կազմում, մասնավորապես Հայաստանի ներքին խնդիրների համատեքստում: ՍԴՀԿ հայաստանյան կառույցի երկատման հիմնական պատճառն այն էր համարվել, թե ՍԴՀԿ-ն փորձում է դուրս գալ ՀԱԿ-ից եւ համագործակցել իշխանությունների հետ: Հենց այդ պատճառով հարցրինք՝ իսկ ՍԴՀԿ ԿՎ-ն կամ նրա կողմից ճանաչված հայաստանյան վարիչ մարմինը՝ Գեւորգ Պերկուպերկյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ի հետ կապերը խզելուց հետո շարունակո՞ւմ է արտահերթ ընտրությունների եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներ դնել: Հ. Սարաֆյանի մատուցմամբ, հիմա այդ խնդիրներն այլեւս նախկին սրությամբ դրված չեն, որովհետեւ հնչակյան կուսակցությունը համարում է, որ ավելի կարեւոր է երկրում համակարգային փոփոխություն իրականացնել, ու որ անձերի փոփոխությամբ համակարգային փոփոխություններ անել հնարավոր չէ: «Մեր կարծիքով, այսօր առկա համակարգը օլիգարխիկ է ու մենաշնորհային երեւույթներ է արմատավորել: Տնտեսության ոլորտում առկա դժվարությունները գալիս են հենց այդ համակարգից: Այսինքն, պետության մեջ պետություն կա, կա մի շերտ, որը կարող է անել ամեն ինչ, որին թույլատրված է ամեն ինչ, որը խեղդում է միջին դասակարգի առաջացմանը: Կուսակցությունը չի կարծում, որ անձերի փոփոխությամբ իրավիճակը կփոփոխվի: Մենք կարծում ենք, որ համակարգային փոփոխություն է անհրաժեշտ: Եվ, դավանելով սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն, կուսակցությունը կարծում է, որ այս երկիրը պետք է սոցիալ-դեմոկրատական ուղղությամբ շարժվի: Ամեն պահ իր պահանջն ունի, եւ այսօր պարզ է, որ այդպիսի պահանջների՝ արտահերթ ընտրությունների կամ նախագահի հրաժարականի, իրականացման նախադրյալները բացակայում են: Ուստի, նստել եւ դրա մասին խոսել, կարծում եմ, շատ ավելի պակաս կարեւոր է, քան՝ անձերի փոփոխությունից չկախված համակարգային փոփոխության ծրագրեր մշակելը: ՍԴՀԿ առաքելությունը մենք տեսնում ենք այս երեք հարցերի՝ ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների եւ երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության արծարծման մեջ»:
«Առավոտը» փորձեց նաեւ ճշտել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ-ն մտադիր է առանձի՞ն մասնակցել: «Իհարկե, խոսվում է այդ մասին, բայց ընտրություններին դեռ բավական ժամանակ կա: Հիմա մենք կարեւոր ենք համարում, որ ՍԴՀԿ-ն գնալով ամրապնդվի, շատ ծրագրեր կան, որոնց իրագործմանը կուսակցությունը հետամուտ է լինելու, որովհետեւ հավատում ենք, որ մեր ծրագրերով կարող ենք դրական դեր խաղալ Հայաստանի կյանքում: Ի վերջո, մենք երազել ենք , որ կգա մի օր, որ Սփյուռքում այսքան ժամանակ գործող կուսակցությունն իր գաղափարները Հայրենիքում իրականացնելու հնարավորություն կունենա»,- ասաց Սարաֆյանը: Արձագանքելով մեր հարցին՝ ՀԱԿ-ի հետ ապահարզանը վերջնակա՞ն է, թե՞ հնարավոր է, որ ինչ-որ փուլում համագործակցություն, շփումներ էլի լինեն, ՍԴՀԿ ԿՎ ներկայացուցիչն ասաց. «Այս պահին, դժբախտաբար, հարաբերությունները խզված են: Ու թեեւ շատ հարցերում՝ մանավանդ հայ-թուրքական, ԼՂ վերաբերյալ ՍԴՀԿ-ի եւ ՀԱԿ-ի տեսակետները չէին համընկնում, բայց դա չէր բացառում համագործակցությունը Հայաստանի ներքին հարցերի շուրջ: Այսօր այդ հարաբերությունները շարունակելը անհնարին են դառնում: Բայց ոչինչ բացառել չի կարելի, որովհետեւ հայտնի չէ, թե ապագան ի՞նչ կբերի եւ ի՞նչ խնդիրներ կառաջանան, կլինե՞ն հարցեր, որոնց շուրջ կարելի կլինի համագործակցել: Մենք չենք բացառում համագործակցությունը որեւէ ուժի հետ, եթե դա կնպաստի երկրի հզորացմանը, ժողովրդի վիճակի բարելավմանը: Բայց եթե դա ծառայեցվի զուտ կուսակցության, խմբային շահերին, ուրեմն՝ մենք սխալ ուղղության վրա կլինենք»: