Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագից առաջ եկեղեցին պետք է վերաօծվի

Օգոստոս 17,2010 00:00

Դարձյալ Սուրբ խաչ եկեղեցու խնդրի շուրջ

Թուրքական կողմն իր քաղաքական նպատակներին հասնելու համար քարոզչական ոչ մի միջոց չի խնայում: Սուրբ խաչ եկեղեցում պատարագ մատուցելու վերաբերյալ տեղեկատվությունը հերթական քարոզչության ձեւ է, որի նպատակն աշխարհին երկու ժողովուրդների կեղծ բարեկամությունը ցույց տալն է: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի փոխդեկան Էդիկ Մինասյանը՝ նշելով, որ թուրքերը միշտ էլ կարողանում են պատեհ առիթն օգտագործել իրենց շահերի համար: «Նրանց նպատակը պարզ է. շուտով՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բարձրացվելու է Թուրքայի անդամակցության հարցը Եվրամիությանը, ԱՄՆ-ի սենատում Հայոց ցեղապանության հարցը դարձյալ քննարկվելու է: Այս համատեքստում թուրքական կողմը շարունակում է իր շոուն՝ աշխարհի աչքին թոզ փչելով»,- ընդգծեց բանախոսը:
Նրա խոսքով՝ եկեղեցին այսօր վերածվել է թանգարանի. «Ես ինքս մի քանի օր է՝ վերադարձել եմ այնտեղից, եղել եմ եկեղեցում: Եկեղեցու անունը Սուրբ խաչ է, սակայն գմբեթի խաչը չկա, եւ, իմ տեղեկություններով, խաչը նրանք մեկ օրով են ուզում տեղադրել: Եթե հայկական եկեղեցի է, խաչը պետք է մնա եւ այն որպես եկեղեցի ծառայի, բայց այսօր այն դարձրին թանգարան: Մենք փորձեցինք նույնիսկ այնտեղ աղոթք անել, բայց եկան ու արգելեցին»:
Ըստ Մինասյանի՝ եկեղեցում արձանիկներ, պեղումների արդյունքում հայտաբերված նմուշներ, կիսանդրիներ են ցուցադրված, որոնք պատկանում են տարբեր ազգությունների: Նրա խոսքով՝ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմ դրսեւորած Թուրքիան նաեւ այդ հուշարձանների սեփականաշնորհմամբ է զբաղվում: «Թուրքերը պատմական հուշարձանները սեփականացնելու, հայկական արձանագրությունները վերացնելու գործում վարպետացել են»,- ընդգծեց բանախոսը:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը, սակայն, կոչ է անում չքաղաքականացնել հարցն՝ ընդգծելով, որ սա հոգեւոր հարց է, եկեղեցական արարողություն: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է անպայման մասնակցի այդ պատարագին: Թուրքիայի տարածքում այլ ազգությունների պատկանող եկեղեցիներ էլ կան, որոնց հանդեպ թուրքական իշխանությունները նույն վերաբերմունքն են դրսեւորում: Մյուս ազգերը մասնակցում են իրենց եկեղեցիներում մատուցվող պատարագներին, իսկ հայերը չմասնակցելով՝ կներկայանան որպես անհարդուրժող եւ ագրեսոր:
Վարդան Դեւրիկյանին մտահոգում է մի խնդիր, որին, ըստ նրա, հայկական կողմը չի անդրադարձել. Սուրբ խաչը չի վերաօծվել: «Համաձայն հայաստանյան եկեղեցու կանոնների՝ մի եկեղեցի, որը որոշ ժամանակ չի գործում, անպայման պետք է վերաօծվի: Չվերաօծված եկեղեցում պատարագ մատուցելը նույնն է, ինչ ես փողոցում բռնեմ ու որեւէ զույգի պսակեմ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ չօծված եկեղեցում հոգեւոր արարողությունը հոգեւոր խեղկատակության կվերածվի:
«Եթե Վեմ-քարը չօծվի եւ Հայաստանից չտարվի, դարձյալ պատարագի իմաստը կկորի: Եթե Վեմ-քարը բացակայում է, եկեղեցին դադարում է եկեղեցի լինել»,- ասաց Դեւրիկյանը՝ նշելով, որ հայ հոգեւոր առաջնորդների ուշադրությունը հրավիրում է այս հարցերի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել