Վստահ է ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
– Մի քանի օրից սպասվում է ՌԴ նախագահի այցը, նաեւ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը Հայաստանում: Վերջին շրջանում միայն շատ ալարկոտ գործիչներն ու մեկնաբանները չեն խոսել Մեդվեդեւի այցի եւ ռազմաբազաների մասին: Ի վերջո, ինչո՞ւ է գալիս, ինչ է ասելու եւ ինչ է ուզում լսել:
– Միանշանակ, այդ այցը մեզ համար դրական արդյունքներ կունենա, փորձեմ բացատրել թե ինչու: Նախ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռոսաստան համագործակությունը բավականին լավ եւ ամուր հիմքերի վրա է դրված, եւ, առհասարակ, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի կողմից իրականացվող նախաձեռնողական քաղաքականությունը բավականին դրական արդյունքներ տվեց, եւ դա երեւում է ոչ միայն Հայաստան- Ռուսաստան հարաբերություններից, այլեւ՝ Հայաստան-ԱՄՆ եւ Հայաստան- ՆԱՏՕ հարաբերություններից: Նախագահի կողմից իրականացվող նախաձեռնողական քաղաքականությունը ողջունեցին աշխարհի մեծ տերությունները՝ Ռուսաստանից սկսած մինչեւ ԱՄՆ, եւ որպես այդ ողջույնի լավ օրինակ կարելի է նշել ԱՄՆ- ի պետքարտուղարի այցը Հայաստան, այժմ էլ՝ ՌԴ նախագահի այցը: Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ վերջին մեկուկես տարվա ընթացքում երկու երկրների նախագահները հանդիպել են բազմիցս, եւ այդ հանդիպումների ընթացում ՌԴ նախագահի դիրքորոշումը թե ԼՂՀ հարցում եւ թե Հայաստան- Թուրքիա հարաբերությունների հարցում եղել է հավասարակշռված: Ինչ վերաբերում է Մեդվեդեւի այցին: Այցը, կարծում եմ, շատ կարեւոր է, այցի ընթացքում կքննարկվեն մի շարք կարեւորագույն հարցեր եւ կլինի նաեւ համաձայնագիր: Այո, ճիշտ եք, վերջին շրջանում քննարկվող հարցերից է նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցը, որի տեղակայման համաձայնագիրը պետք է երկարաձգվի՝ հասցվելով նախկին 25- ի փոխարեն՝ 45 տարվա: Հանրապետականը, որպես ազգային- պահպանողական կուսակցություն, շատ կարեւոր տեղ է հատկացնում ազգային անվտանգության համակարգին, որովհետեւ, մեր կարծիքով, եթե մի երկիր չունի կայուն եւ հզոր ազգային-անվտանգության համակարգ, ապա նրա զարգացման հեռանկարները շատ մշուշոտ են: Այս առումով բոլորիս էլ պարզ է, որ ՌԴ-ի հետ գործընկերությունը մեր ազգային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասերից մեկն է, եւ այս բազայի պայմանագրի երկարաձգումը շատ կարեւոր է:
– Ուրիշ ի՞նչ առումներով է կարեւոր:
– Հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն, միայն այս տարվա կեսին՝ կես միլիարդով, նաեւ հաշվի առնելով այդ երկրի ղեկավարների հայտարարությունները, կարող եմ ասել, որ ռուսական ռազմաբազաների այս պայմանագիրը նաեւ հավասարակշռող դեր ունի:
– Դուք սա ողջունում եք, իսկ որոշ քաղաքական ուժեր, գործիչներ քննադատում են այդ ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգումը:
– Ինձ համար պարզապես զարմանալի է այդ «քննադատությունը», որովհետեւ այն հիմնավորված չէ: Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական այրերի քունը փախել է, քանի որ նախագահ Սարգսյանի կողմից իրականացվում է հավասարակշռված քաղաքականություն, դա իրենց խնդիրն է, սակայն ինձ ավելի շատ զարմացնում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների պահվածքը: Մի՞թե այդքան մոռացկոտ են եւ արդեն չեն հիշում, որ հենց իրենց իշխանության ժամանակահատվածում են կնքվել (1995-ին) ռուսական ռազմաբազաների տեղակայման փաստաթղթերը: Հիմա այդ մարդիկ խոսում են մի բանի դեմ, որն առաջինն իրենք են կատարել: Չեմ կարծում, որ այս պահվածքն ազնիվ է: Գտնում եմ, որ Գյումրիում տեղակայված ռազմաբազան ոչ միայն պետք է, որ տեխնիկական- ռազմական նոր վերազինում ստանա, այլեւ՝ դրանով բավականին կուժեղացվի մարտահրավերներով լի այս տարածաշրջանում մեր ազգային-անվտանգությունը: ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպումը հատկապես Հայաստանում նշանակում է, որ մեր երկիրը դառնում է տարածաշրջանային առաջնորդ երկրներից մեկը: Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում մեր երկրին սկսեցին այլ կերպ նայել, եւ Հայաստանը ստանձնել է տարածաշրջանային զարգացման լոկոմտիվի դերը, պատահական չէ, որ ժամանակին այս մասին խոսեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Կարծում եմ, այս գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկրի միջազգային հեղինակությունը շատ բարձր է: Կարծում եմ, որպես հյուընկալող կողմ, մեր երկրի նախագահը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող որոշ առաջարկություններ կներկայացնի: