ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսանչորսերորդ
ԱՊՈՒՇԱՑԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐ
Եվ ես Ռաֆոյին ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու Ժպտալով ասաց՝ «հատկապես կարեւոր դեպքերն ու իրադարձություններն եմ շատ լավ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ օրը շատ լավ եմ հիշում», եւ ես հարցրի՝ «ո՞ր օրը», եւ Ռաֆոն ասաց՝ «որ Վանոն ու կոմիտեի տղերքը Բուտիրկայից ազատվել՝ էկել էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց ազատվելու հաջորդ օրը որ իջա Գրողների միության պադվալի էդ կաֆեն, Վանոն, դու ու էլի մի քանի հոգի էն ամենածերի անկյունի սեղանի մոտ նստած՝ կոֆե ու պիվա էիք խմում», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն երանությամբ ժպտալով շարունակեց՝ «հետո որ մոտեցա քեզ ու բարեւեցի, դու ինձ ու Վանոյին ծանոթացրիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ հիշում», եւ Ռաֆոն զարմացած ասաց՝ «ո՞նց չես հիշում. չես հիշո՞ւմ, որ ծանոթացրիր ու իրան ասեցիր, որ ես եմ Կալոննի զալում Կարպովին գիպնոզ արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հիշեցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ քաղաքապետարանի իրա կաբինետ մտա ու իրան ասեցի, որ Շեկոյան Արմենի ընկերն եմ, սկզբում ինձ տեղը չբերեց, բայց հետո որ Կարպովի ու գիպնոզի մասին հիշացրի, միանգամից հիշեց ու ծիծաղելով հարցրեց՝ «ինչո՞վ կարամ օգնեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «օգնե՞ց», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մի վայրկյանում սաղ թղթերս ստորագրեց, մակագրեց ու ձեռս սեղմելով ճամփու դրեց», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց էիր հաջողացրել իրա մոտ մտնել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ես որ Սովետի էն խիստ վախտերը Կալոննի զալ ու Բալշոյ ծեատր էի մտնում, մեր քաղաքապետարան մտնելը իմ համար ո՞նց կարա պրոբլեմ ըլնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «քաղաքապետարանի պահակին գիպնոզ ե՞ս արել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «համ առաջին հարկի հերթապահին գիպնոզեցի, համ էլ՝ Վանոյի քարտուղարուհուն» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «հասկանում եմ, որ սխալ բան եմ արել, բայց ստիպված էի» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ոչ Աստծուց եմ թաքցրել, ոչ էլ քեզնից եմ ուզում թաքցնեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն չորս տարի կըլներ՝ գիպնոզ անելը թարգել էի. ավելի ճիշտ՝ ինձ հրահանգվել էր, որ այլեւս գիպնոզով չզբաղվեմ», եւ ես հարցրի՝ «ո՞վ էր հրահանգել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ամբողջ տիեզերքում ու երկրի վրա ինձ մենակ մի հոգի կարա հրահանգի ու հրամայի», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ հոգեւոր բարձր կոչում ես ստանում, գիպնոզով ու էդ տեսակ մանրմունր բաներով իրավունք չունես զբաղվես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ կոչում ես ստացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ինձ շատ մեծ լավություն ես արել, ճիշտ ա, բայց էդ չի նշանակում, որ ամեն ինչ պիտի իմանաս», եւ ես զարմացած հարցրի՝ «քեզ ի՞նչ լավություն եմ արել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ քո անունը չտայի, Վանոն դժվար թե սեփականաշնորհման էդ թղթերս էդքան արագ ստորագրեր ու մակագրեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ անունս չտայիր, կարող ա մի քիչ դանդաղ ստորագրեր ու մակագրեր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամ անունդ պիտի տայի, կամ էլ՝ պիտի Սմբատիչի հանդեպ էլ գիպնոզ կիրառեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էդ արդեն չերեսչուր կըլներ, որովհետեւ առաջին հարկի հերթապահի ու քարտուղարուհու հանդեպ արդեն կիրառել էի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, հոգեւոր կոչմանդ դավաճանել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ուրիշ ճար չունեի. հո ձեռներս ծալած չէի նստի՝ մինչեւ ինձ ու ընտանիքիս էդ հանրակացարանից դուրս շպրտեին», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, Վանոն քեզ շատ մեծ լավություն ա արել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էրկուսով եք էդ լավությունն ինձ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց լրիվ օրինականության սահմաններում եք ինձ էդ լավությունն արել. համ օրենքն էր իմ կողմը, համ էլ՝ թղթերիս մեջ պակաս բան չկար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց էս ասածս չի նշանակում, որ ձեր արած լավությունը չեմ հասկանում ու գնահատում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց ես քեզ ոչ մի լավություն չեմ արել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ա թվում, թե՝ չես արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «անունդ տվի թե չէ՝ էդ սաղ թղթերս ափալթափալ ստորագրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօրվա պես հիշում եմ. էդ թղթերից մեկի տակն ինքն իրա ձեռով ստորագրեց, մյուս էրկուսն էլ մակագրեց տեղակալի վրա», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց կարար չաներ, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «վարիանտ չուներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ չաներ, կաբինետից դուրս չէի գալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ստիպված փորձելու էի գիպնոզի միջոցով մակագրել տամ» եւ մի քիչ էլ մտածեց ու արդարանալով ասաց՝ «հո չէի թողի, որ ընտանիքովս հանդերձ էդ հանրակացարանից դուրս շպրտեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ դեմներս ձմեռ էր», եւ ես հարցրի՝ «հիմի էդ հանրակացարանում ե՞ք ապրում», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «աչքն էլ չենք հանո՞ւմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չուզողի՛» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո՛ շնորհիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քո ու Սմբատիչի շնորհիվ», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, անունս օգտագործել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «սխալ ե՞մ արել», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ լավ էլ շուստրի ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց եւ ժպտալով ասաց՝ «ոչ թե շուստրի եմ, այլ՝ խորագետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ասված ա՝ աղավնու պես միամիտ ու օձի պես խորագետ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «լա՜վ միամիտն ես» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ճիշտ մոմենտին կողմնորոշվել ու անունս տվել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ անունդ չտայի, Սմբատիչն էր տուժելու», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց էր տուժելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ համ ինքն էր տուժելու, համ էլ՝ ես», եւ ես հարցրի՝ «ո՞նց էիք տուժելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ստիպված պիտի գիպնոզի միջոցով իրան ստիպեի, որ էդ թղթերս ստորագրեր ու մակագրեր» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «որ Սմբատիչի նկատմամբ գիպնոզ կիրառեի, իրա մոտ կարող ա շատ ուժեղ գլխացավեր սկսվեին», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա դո՞ւ խի պիտի տուժեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը սովորական մարդ չի. իրան գիպնոզելու համար ահավոր քանակությամբ էներգիա պիտի ծախսեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ, արդեն մի քանի տարի էր՝ գիպնոզից հետ էի վարժվել», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց առաջին հարկի հերթապահին ու քարտուղարուհուն գիպնոզ արիր, չէ՞», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իրանք սովորական մարդիկ են. իրանց գիպնոզ անելն իմ համար մի բաժակ ջուր խմելու պես բան ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած՝ իրանց գիպնոզելու իրավունք էլ չունեի», եւ ես հարցրի՝ «խի՞ չունեիր», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «մի բանը քանի՞ անգամ պիտի ասեմ» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «քեզ նոր չասեցի՞, որ հոգեւոր աստիճանս արգելում ա գիպնոզ անել», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, մեղք ես գործել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «դրա համար էլ էդ օրվանից սկսած՝ յոթ օր ու յոթ գիշեր ապաշխարեցի», եւ ես հարցրի՝ «ո՞նց ապաշխարեցիր», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «աղոթքներով ու աղերսանքներով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «յոթ օր ու յոթ գիշեր աղոթում ու աղերսում էի», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ էիր աղերսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «էս երկրի ու տիեզերքի մասշտաբով մենակ Բարձրյալից կարաս որեւէ բան աղերսես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էիր աղերսում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «աղերսում էի, որ մեղքերիս թողություն շնորհի», եւ ես ժպտալով հարցրի՝ «շնորհե՞ց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոնց որ տենում ես՝ էսօրվա դրությամբ ողջառողջ եմ, ու ձեռուոտս էլ տեղն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հոգեւոր լեզվով ասած՝ մեղքերիս թողություն ա տրված», եւ ես ժպտալով հարցրի՝ «դրանից հետո ոչ մի անգամ գիպնոզ չես արե՞լ», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «գիժ ե՞ս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Բարձրյալն ինձ ներում շնորհեց, ճիշտ ա, բայց ես մինչեւ էսօր չեմ կարում ինձ ներեմ» եւ ուշադիր ինձ նայելով հարցրեց՝ «չես հասկանո՞ւմ», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ինչ մեղքս թաքցնեմ՝ չեմ հասկանում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «չես հասկանո՞ւմ, որ հոգեւոր աստիճան ունեցողը գիպնոզով զբաղվելու իրավունք չունի» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, գիպնոզը հոգեւորի հետ ոչ մի կապ չունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամեն դեպքում, գիպնոզ անելու շնորհքն էլ ա մարդուն Աստված տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ չես կարա ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդիկ գիտեմ, որ էդ շնորհքը սատանայից են ստացել» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էս երկրի վրա սատանան էլ իրա՛ գործակալներն ունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պարզ ա՝ կունենա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իրանք գիպնոզից բացի՝ ուրիշ բաների ընդունակ չեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ուրիշ բաներ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանք բարի գործեր անելու ընդունակ չեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք բարի գործեր անելու նպատակ էլ չունեն», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ո՞նց եք որոշում՝ բարի գործը որն ա, չարը՝ որը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բարի գործն էն գործն ա, որ մարդն ուրիշներին օգնելու նպատակով ա անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չար գործն էլ էն գործն ա, որ մարդն իրա անձնական շահի ու անձնական նպատակների համար ա անում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, դու էլ ես անձնական շահիդ ու անձնական նպատակիդ համար արել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ արել», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «քաղաքապետարանի հերթապահին ու Վանոյի քարտուղարուհուն գիպնոզ ես արել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ յոթ օր ու յոթ գիշեր թաց աչքերով աղերսել ու աղոթք եմ արել, որ ներում ստանամ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց խի՞ թաց աչքերով», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ գործածս մեղքն օտ ի դո հասկանում ու գիտակցում էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի քանի օր շարունակ էդ միլիցու ու էդ աղջկա ապուշացած հայացքներն աչքիս առաջ էին», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ միլիցա, ի՞նչ աղջիկ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «քաղաքապետարանի էդ առաջին հարկի հերթապահը միլիցու համազգեստով էր», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ աղջիկ ես ասում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Սմբատիչի քարտուղարուհին շատ սիրունիկ աղջիկ էր», եւ ես ժպտալով հարցրի՝ «էրկուսն էլ ապուշ հայացքներ ունեի՞ն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե ապուշ, այլ՝ ապուշացած» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մարդուն գիպնոզի ես ենթարկում, հայացքը լրիվ ապուշանում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մինչեւ էսօր էդ առաջին հարկի միլիցու ապուշացած հայացքն աչքիս առաջ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «կարող ա էդ միլիցու հայացքը բնականից ա ապուշ էղել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «սկզբում՝ նախքան գիպնոզը շատ էլ խելոք հայացք ուներ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, դու ես ապուշացրել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե մեկին գիպնոզ ես անում, ու էդ մեկն ապուշացած հայացքով էրեսիդ չի նայում, էդ նշանակում ա, գիպնոզդ իրա վրա վաբշե չի ազդել», եւ ես հարցրի՝ «ըտենց մարդիկ կա՞ն, որոնց վրա գիպնոզը չի ազդում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատահում են», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ վրա չի ազդում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մեկը՝ իմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուժեղ անհատականությունների վրա շատ դժվար ա ազդում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա՝ Սմբատիչի վրա էլ չազդեր», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա Կարպովի վրա ո՞նց էր ազդում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չտեսնված» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդյունքը սաղ աշխարհը տեսավ», եւ ես հարցրի՝ «այսինքն, ինքը ուժեղ անհատականություն չէ՞ր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ուժեղը ուժեղ էր, բայց կյանքը ցույց տվեց, որ ուժեղից ուժեղը կա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուժեղից ուժեղը դո՞ւ ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չէ. Կասպարովը», եւ ես ժպտալով ասացի՝ «կեղծ համեստություն ես անում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «համեստությունը զարդարում ա մարդուն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ ուժեղ անհատականություններին», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց կեղծ համեստությունը ոչ մեկին չի զարդարում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համեստությունը չի կարա կեղծ ըլնի. համեստությունը կամ ըլնում ա, կամ էլ՝ չի ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «էս քաղաքական հարցերից չեմ կարում ազատվեմ, որ հանգիստ նստեմ ու մի քիչ էլ մեր լեզվի հարցերով զբաղվեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ լեզվի հարցեր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր լեզվի մեջ ահագին անճիշտ արտահայտություններ կան, որոնք պետք ա գործածությունից հանվեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ անճիշտ արտահայտություններ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը՝ էդ կեղծ համեստությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կամ էլ ասում են՝ բարի նախանձ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «նախանձի բարին ո՞րն ա. մարդը կամ նախանձում ա, կամ էլ չի նախանձում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «նախանձը ո՞նց կարա բարի ըլնի. նախանձը տեղով չարություն ու չարիք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ բարի նախանձ ասածը ես էլ լավ չեմ հասկանում», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «հասկանալու բան ա՞, որ հասկանաս» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էս քաղաքական վիճակը որ մի քիչ խաղաղվի, լեզվի հարցերով լրջորեն եմ զբաղվելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քաղաքական վիճակը սրանից խաղաղ դժվար թե ըլնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «սրանցից խելքս բան չի կտրում», եւ ես ժպտալով հարցրի՝ «Քոթանջյանի՞ց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «Քոթանջյանից էլ, Քոթանջյանին էստեղ բերողներից էլ», եւ ես ժպտալով հարցրի՝ «Կարպովին որ գիպնոզ էիր անում, իրա հայացքն էլ է՞ր ապուշանում», եւ Ռաֆոն զարմացած նայեց ինձ ու ծիծաղելով ասաց՝ «շատ ուժեղ մտքի թռիչք ունես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Քոթանջյանից միանգամից թռար հասար Կարպովին» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «քեզ մենակ գիպնոզն ա հետաքրքրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեկ էլ՝ թռնելը», եւ ես ժպտալով ասացի՝ «հարցիս չպատասխանեցիր», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ի՞նչ հարց», եւ ես ժպտալով նորից հարցրի՝ «գիպնոզի վախտ Կարպովի հայացքն էլ է՞ր ապուշանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Կարպովի հայացքը լավ չեմ հիշում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց չես հիշում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հայացքը չէի տեսնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գիպնոզի ընթացքում ինքը գլուխը ձեռներով բռնում ու մտածում էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իբր թե՝ մտածում էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մտածում-մտածում ու մի հատ շատ ապուշ քայլ էր անում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ քայլ», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «շախմատի քայլ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց իրա էդ քայլերը շախմատի հետ ոչ մի կապ չունեին», եւ ես ժպտալով ասացի՝ «խե՜ղճ Կարպով», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «Կարպովն է՞ր խեղճ» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «լա՜վ խեղճ ես գտել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «սաղ շախմատիստներն ու սաղ պոլիտբյուրոն իրա մեջքին էին կայնած» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Լիգաչովից սկսած՝ Վահանյանով վերջացրած» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իսկ խեղճ Կարիկը լրիվ անտեր էր», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ Կարիկի մեջքին էիր կայնած», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես ու Հեյդար Ալիեւիչը» եւ մի քիչ էլ մտածեց ու համեստորեն ժպտալով ավելացրեց՝ «Հեյդար Ալիեւիչի պաձերժկեն որ չըլներ, ես մենմենակ դժվար թե Կարիկի չեմպիոնության հարցը գլուխ բերեի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, էրկուսով եք Կասպարովին չեմպիոն դարձրել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, Կասպարովն իրա չեմպիոնության հարցում ոչ մի դեր չի խաղացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ձեռ ես առնում, բայց որ Ալիեւն ու ես չըլնեինք, ինքը դժվար թե ինքնուրույն չեմպիոն դառնար», եւ ես ժպտալով ասացի՝ «որ սաղ շախմատիստներն ու սաղ պոլիտբյուրոն իրա դեմ էին՝ պարզ ա, որ չէր դառնա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես ու Հեյդար Ալիեւիչը սաղ պոլիտբյուրոյին ու սաղ շախմատիստներին կրեցինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց մի հատ շատ կարեւոր մոմենտ էլ կար», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կարեւոր մոմենտ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ օղորմածիկը սաղ ըլներ, ես ու Ալիեւը դժվար թե կարենայինք Կարպովի հարցերը լուծենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ օղորմածիկ», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «Բրեժնեւը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Լեոնիդ Իլյիչը ճիշտ ժամանակին մեռավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Բրեժնեւից հետո Կարպովի դիրքերն ահագին թուլացան», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք էլ առիթից օգտվեցիք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոնց որ՝ Սմբատիչն էլ էր տեղյակ, որ Կասպարովին օգնել եմ» եւ ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դու ես իրան ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղին էլ ասել եմ», եւ Ռաֆոն անհանգստացած հարցրեց՝ «ի՞նչ ես ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ասել եմ, որ Կասպարովը քո շնորհիվ ա աշխարհի չեմպիոն դառել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ալիեւն էլ ա շատ կարեւոր դեր խաղացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, ամենաերկրորդական դերը Կասպարովն ա խաղացել» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «փաստորեն, շախմատ խաղալ իմանալը հեչ պարտադիր չի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնական պայքարը կուլիսների հետեւում ա տեղի ունենում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «մինչեւ հիմա ինչ ասել ես՝ մեր մեջ ա մնացել», եւ Ռաֆոն կասկածանքով ինձ նայեց ու ժպտալով ասաց՝ «բայց ոնց որ Սմբատիչին ասել էիր, որ էդ մատչի հետ կապ եմ ունեցել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «սաղին էլ ասել եմ, որ Կասպարովը քո շնորհիվ ա աշխարհի չեմպիոն դառել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց մի բան հաստատ մտքովդ անցած չի ըլնի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «մտքովդ անցած չի ըլնի, որ նույնիսկ շախմատի քայլերը չգիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ, որ քայլերը չգիտես», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես հիշելով ասացի՝ «կարծեմ՝ դու ես ասել» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «համ էլ՝ զգացել եմ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ես զգացել», եւ ես ժպտալով ասացի՝ «իրանք որ խաղում էին, դիրքերի վերաբերյալ շատ պրիմիտիվ հարցեր էիր տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան հիշում եմ, դու էլ առանձնապես շախմատից ուժեղ չէիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես գոնե շախմատի քայլերը գիտեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Կարպովն էլ շախմատի քայլերը գիտեր, բայց քաշվավ», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ Կասպարովը շախմատի քայլերն ավելի լավ գիտեր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ամենակարեւոր հանգամանքը մոռանում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ամենակարեւոր հանգամանքը դու էիր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Հեյդար Ալիեւիչին մոռանում ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի անգամ հետը հանդիպել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ հետ», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հեյդար Ալիեւիչի», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ ես հանդիպել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մատչի սկզբներին՝ աշնան կողմերը», եւ ես ժպտալով հարցրի՝ «որտե՞ղ եք հանդիպել», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Մոսկվայի իրա դաչայում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինքն էն վախտ պոլիտբյուրոյի անդամ էր, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն վախտ ինքը համ պոլիտբյուրոյի անդամ էր, համ էլ՝ Սովմինի նախագահի տեղակալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ թե սովորական տեղակալ էր, այլ՝ առաջին տեղակալ»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ