Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ

Օգոստոս 14,2010 00:00

\"\"Հայ առաքելական սուրբ եկեղեցին օգոստոսի 15-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ինչպես տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի ուղարկած հաղորդագրությունից, ավանդության համաձայն, Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանիչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն որդու գերեզմանին ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:
Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին՝ պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը նաեւ պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս սուրբ պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ սուրբ հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին եւ խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա:
Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել եւ երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երեւացել: Սենյակի վերեւում հայտնվել է Քրիստոսը՝ հրեշտակների զորքով: Տեսնելով որդուն՝ Աստվածամայրն ավանդել է հոգին: Սբ. Բարդուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուսն իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Բարդուղիմեոսին՝ որպես մխիթարություն:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, սբ. պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը:
Աստվածամոր մեծարմանը խաղողօրհնեքի զուգահեռելը՝ մայրության ու պտղաբերության խորհուրդ ունի: Այս տոնը հարազատ է ժողովրդին. ավանդույթը հեթանոսական արմատներ ունի: Բերքի հասունացման հետ,  խաղողով նշվում էր Անահիտի՝ մայրության հեթանոսական աստվածուհու տոնը: Գինին կապվում էր սիրո, գեղեցկության աստվածուհու՝ Աստղիկի, եւ հյուրընկալության, այգեգործության ու բերքի հովանավոր՝ Վանատուրի հետ: Խաղող էր մատուցվում հայ հեթանոսական դիցարանի՝ անդրաշխարհի աստծո՝ Սանդարամետի մեհյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել