Բրազիլական սերիալներում հաճախ ենք տեսնում, որ մարդիկ գնում են եկեղեցի եւ խոստովանահորը պատմում իրենց գործած մեղքերի մասին՝ ակնկալելով նրանից մեղքերի թողություն: Հայերը նույպես կարող են այդպես վարվել, Հայ առաքելական սուրբ եկեղեցում կա խոստովանության երկու տեսակ՝ ընդհանրական եւ անհատական: «Ավելի ընդունված է ընդհանրական խոստովանությունը, երբ պատարագի ժամանակ կարդում ենք մեղաների շարքը, որը գրվել է Սուրբ Գրիգոր Տաթեւացու կողմից, եւ մարդիկ այդ ձեւով մասնակցում են խոստովանությանը: Անհատական խոստովանության դեպքում մարդ ինքը պետք է հասկանա, գիտակցի իր գործած մեղքը, զղջա եւ գալով քահանայի մոտ՝ խոստովանի»,- ասում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գեղամ սարկավագ Ավետիսյանը: Նա նշում է, որ անհատական խոստովանությունների թիվը շատ քիչ է, եւ դա գալիս է մարդկանց չիմացությունից: Մեր հայրենակիցները մտածում են, որ եթե մարդ չեն սպանել, չեն գողացել՝ ուրեմն մեղք չեն գործել: «Բայց մարդ կարող է ցանկացած պահի մեղք գործել՝ իր խոսքով, մտքով, գործով: Բոլորս էլ կարող ենք սայթաքել, սխալվել, բայց պետք է գիտակցենք եւ ապաշխարենք: Խոստովանությունը բալասան է, մեղքերից մաքրվելու, սրբվելու ձեւ»,- ասում է սարկավագը: Մեզ մոտ՝ Հայաստանում, եկեղեցիներում առանձին խոստովանահայրեր չկան: Խոստովանահայր կարող է լինել միայն քահանան: Քահանան պետք է լինի հավատքով զորավոր, ունենա հոգեւոր փորձառություն, որպեսզի դիմացինին կարողանա ճիշտ խորհուրդ տալ: «Պարտադիր պայման է նաեւ այն, որ քահանան պահի խոստովանության գաղտնիությունը, նա իրավունք չունի պատմել այն որեւէ մեկին, գաղտնիքը մնում է նրա, խոստովանողի եւ Աստծո մեջ»,- ասում է Գեղամ սարկավագ Ավետիսյանը: