Արդեն պատմություն է Յուրմալայում կայացած «Նոր ալիք-2010» երաժշտական փառատոնը, եւ շատերը կուզենային իմանալ, թե ինչո՞ւ էր Ալլա Պուգաչովան հրաժարվել Յուրմալա մեկնելուց։ Պարզվում է՝ փառատոնի կազմակերպիչներն այս տարի ցանկություն չունեին վճարել երգչուհու՝ աստղաբաշխական թվերի հասնող հյուրանոցային ծախսերը։ Այն, որ Պուգաչովան այս տարի ներկա չի լինի Յուրմալայի փառատոնին, հայտնել էր նրա դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, չնշելով մոր կայացրած որոշման պատճառները, սակայն դա «Նոր ալիքի» կազմակերպիչների համար գաղտնիք չէր։ Ինչպես հայտնի է, Ալլա Պուգաչովան սովոր է ճոխության եւ ամեն տարի հանգրվանում էր «Բալթիկ Բիչ» հյուրանոցային համալիրի նախագահական համարում, որտեղ օրավարձը, ըստ որոշ տեղեկությունների (ինչը մենք չկարողացանք ճշտել հյուրանոցի սեփական կայքից, քանի որ դրանում նախագահական հյուրանոցի համարի օրավարձը ներառված չէր, սակայն ստանդարտ համարները արժեին օրեկան ընդամենը 75 եվրո-խմբ.), կազմում է գրեթե 4 հազար եվրո։ 2009 թ. եւս փառատոնի կազմակերպիչները, ճգնաժամի պատճառով պրոբլեմներ ունենալով ֆինանսավորման հետ, Ալլա Պուգաչովային խնդրել էին ավելի համեստ տարբերակ ընտրել։ Սակայն ռուսական էստրադայի թագուհին, միեւնույն է, հանգրվանել էր VIP համարում, վերջում՝ ստիպված վճարելով 40 հազար եվրո, չնայած պայմանագրով նախատեսված է, որ փառատոնում երգչուհու հյուրանոցային ծախսերը պետք է վճարեր «Նոր ալիքը»։ Այդ հանգամանքը չափից դուրս զայրացրել էր Պուգաչովային, եւ նա խոստացել էր, որ այլեւս ոտք չի դնի Յուրմալա…