Փաստեր՝ հանգստյան գոտուց
Ծաղկաձորյան տաղավարներն արժեին 10 հազար դրամ՝
ողջ օրվա համար:
Իսկ ճոպանուղու աթոռին նստած մեկ պտույտն արժե 1500 դրամ:
Ժամանակը չէ՞ փոխել Ծաղկաձորի անունը:
Չծախսող հյուրեր Ծաղկաձորին պետք չեն:
Ինչպես պնդում են ծաղկաձորցիները՝ անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի զբոսաշրջիկների պակաս ունեն: Այդ հանգամանքը ծաղկաձորցիները կապում են գների թանկության հետ, թեեւ հանգստյան համալիրների տերերը առանձնակի դժգոհություն այդ հարցում չհայտնեցին: Նրանցից շատերը աշխատում են, այսպես կոչված, պայմանագրային տարբերակով՝ երեւանյան խոշոր կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում տվյալ կազմակերպություններն իրենց աշխատակիցների համար նախապես գնում են ուղեգրեր: Եթե որոշել ես հանգստանալ Ծաղկաձորում, ապա պետք է պատրաստ լինել գրեթե ամեն ինչի համար վճարել: Տեղի «բուրանատեր» տղաները, ովքեր զբոսաշրջիկներին առաջարկում են անվավոր «բուռանով» «ֆռալ», պահանջում են մեկ պտույտի համար վճարել 2000 դրամ, սակայն սակարկելու դեպքում հնարավորություն է ընձեռվում «ֆռալ» 1000 դրամով, գեղեցիկ աղջիկ լինելու դեպքում էլ՝ անվճար: Ի դեպ «բուրանատերերը» լավ բիզնես են անում, որովհետեւ դրանցից բավականին շատ մարդիկ են օգտվում: Ծաղկաձորցիները, ինչպես ասվում է՝ քարից հաց են սարքում, ցանկության դեպքում, կրկին մինչեւ 2000 դրամով, փողոցներում կարելի է շրջել նաեւ ձիով: Ինչ վերաբերում է ճոպանուղուն, ապա այստեղ՝ հավանաբար գների թանկացումի հետ կապված, դատարկություն էր տիրում. նախկինում 1000 դրամ արժեր, այժմ 1500 է: Նշեմ, որ այդ փաստը շատերին վրդովեցնում էր, Ծաղկաձորում հանգստացողներն էլ փաստում էին՝ «եթե մատչելի լիներ, ճոպանը հաստատ դատարկ չէր երթեւեկի»:
Իսկ եթե սեփական ավտոմեքենայով եք գնում ճոպանուղի տանող տարածք, ապա այս դեպքում էլ 1 ժամ կայանելու համար ստիպված կլինեք վճարել 100 դրամ: Ի տարբերություն Սեւանի ու Աղվերանի ցելոֆանապատ տաղավարների՝ Ծաղկաձորի տաղավարները բավականին նորմալ տեսք ունեին, եւ դրանք ողջ օրը զբաղեցնելու համար գանձում էին ընդամենը… 10 000 դրամ:
Մեր այցելության ժամանակ տաղավարները գրեթե դատարկ էին: Միայն մի քանիսն էին զբաղեցված, դրանցից էլ լսվում էր հայտնի «Տնից փախել եմ» տաշի-տուշին: Այս հանգստի գոտին շատ ժամանցի վայրեր չունի, ընդամենը մի քանի կիսատ-պռատ սրճարան է գործում, հանգստացողները ընտրության հնարավորություն գրեթե չունեն. ստիպված պետք է ընտրել՝ գնալ սրճարա՞ն, ճոպանուղի՞, եկեղեցի՞, թե՞ քայլել փողոցներով ու «վայելել» շինարարական աշխատանքներից առաջացած փոշին: Կարծում եմ՝ այդ նույն սրճարանը հանգստացողները Երեւանում էլ են գնում, ճոպանուղի, բնականաբար, մի քանի անգամ չեն նստի, եկեղեցի էլ մեկ անգամ կգնան. ստացվում է, որ Ծաղկաձորում հանգստացողները ստիպված կամ պետք է փակվեն իրենց սենյակներում, կամ էլ շնչեն ցեմենտով հագեցած օդը: Այս ամենով հանդերձ՝ մեկ գիշերը Ծաղկաձորում անցկացնելը նվազագույնը արժե 8000 դրամ: Իսկ 8000-ի դիմաց՝ հարմարավետություն սպասել պետք չէ: Օրական 15 000 դրամ վճարելու դեպքում չի բացառվում, որ ձեզ կտան նաեւ սնունդ եւ տաք ցնցուղ: Նշեմ, որ մի շարք հանգստյան տներում, ինչպես տեղեկացրին մեզ օրվա հերթապահները, քանի որ տնօրենները կամ տեղում չէին, կամ ցանկություն չունեին լրագրողի հետ շփվել, ցերեկվա ժամերին անջատում են տաք ջուրը՝ գազը խնայելու համար. «Այ ազիզ ջան, ոչ ոք էլ ցերեկվա ժամերին չի լողանում»,- մեզ հավաստիացրեց «Ռիպա» հանգստյան տան աշխատակցուհին:
Ծաղկաձորի Գրողների տան պայմանները այնքան էլ չեն գոհացնում հանգստացողներին: Օրինակ՝ Մնջախաղի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ֆրանսիայից ժամանած դերասաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Գրողների տնից մի տեսակ խորհրդային ժամանակների հոտ է առնում: Բայց հավելեց, որ ծաղկաձորցիները շատ լավն են՝ «սիրտս երեկ խաղող ուզեց, մոտեցա, որ գնեմ, վաճառողը նվիրեց»:
Արտասահմանցի հյուրերից Հովհաննեսն էլ դժգոհում էր, որ հեռախոսը լիցքավորելու քարտեր չկան: Իսկապես՝ լիցքավորման քարտեր չկան, լիցքավորող սարք էլ միայն մեկ խանութում է, բայց այն էլ ժամանակ առ ժամանակ է աշխատում: Հովհաննեսը գովեց ծաղկաձորյան փողոցների մաքրությունը: Ճիշտ է, փողոցները մաքուր են, իհարկե չհաշված այն, որ շատերը կենտրոնական հրապարակում արեւածաղիկը չրթում ու թքում էին գետնին: Երանի սա լիներ միակ անկարգությունը: Շատերը իրենց բնական կարիքները հոգում էին թփերի տակ, անգամ մարդկանց աչքի առջեւ: Պատճառը՝ հանգստի գոտում բացակայող զուգարաններն են: Այսքանով հանդերձ, Ծաղկաձորում ամեն ինչ վաճառվում է բարձր գներով, իսկ դա փաստվում է ոչ միայն տեղացիների խոսքերով, այլեւ մի աչքի ընկնող խանութի անվամբ՝ «Ծախսաձոր», որի ներսում էլ փակցված էր «պահանջվում է ծախսող հաճախորդ» ցուցանակը: Ինչպես ժողովուրդն է ասում՝ հումորի կեսը լուջ է: Հումորն էլ պատահական չէր: Ծաղկաձորը, իսկապես ծախսաձոր է: