Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ ամիսներ շարունակ վնասվածքի պատճառով կորտ չէր մտնում, ապաքինվելուց հետո վստահ մրցելույթներ է ունենում եւ, շնորհիվ մեկը մյուսի հետեւից տարած կարեւոր հաղթանակների, ATP-ի վարկանիշային դասակարգման ցուցակում սրընթաց վերելք է արձանագրում: 28-ամյա մարզիկը Տորոնտոյում ընթացող «ATP Rogers Cup-2010» մրցաշարում համառ պայքարում կամային հաղթանակ տարավ աշխարհի 5-րդ ռակետ շվեդ Ռոբին Սյոդեռլինգի նկատմամբ, որի համար Դավիթից պահանջվեց 2 ժամ 8 րոպե: Առաջին սեթում 4:6 հաշվով մրցակցին պարտվելուց հետո, Նալբանդյանը հավաքեց ուժերը եւ հաջորդ երկու սեթերը գրանցեց իր օգտին՝ 6:4, 6:1 եւ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը լինելու էր Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)-Էնդի Մարրե (Մեծ Բրիտանիա) հակամարտության հաղթողը: