Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Օգոստոս 14,2010 00:00

Մինչեւ 51 կգ քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով
աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերում էլ հաղթել է մրցակիցներին, որոնցից 16-ը՝ նոկաուտով, իր պրոումոթեր Քրիստոֆ Վեշեի հետ ժամանել է Երեւան:

\"\"
Հայկական աստղաբույլ. Գաբրիել Սարգսյանն ու Սյուզի Կենտիկյանը մի քանի վայրկյան առաջ են ծանոթացել:

Երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում անպարտելի «մարդասպան թագուհուն» դիմավորող հարազատների եւ տասնյակ մարզասերների հետ էր նաեւ «Առավոտը»: Եվ երբ ջերմ ողջագուրումներն ավարտվեցին, Սյուզին պատասխանեց մեր հարցերին:
– Սյուզի, ուրախ ենք քեզ երկրորդ անգամ հայրենիքում հանդիպելու համար: Ամբողջ հայ ժողովուրդն անհամբեր հետեւում էր մեքսիկուհի Արելի Մուչինոյի հետ կայացած քո վերջին մենամարտին, որը, սակայն, ճակատիդ ստացած վնասվածքի պատճառով ընդհատվեց երկրորդ ռաունդում, եւ հաղթանակը շնորհվեց քեզ: Վնասվածքը լո՞ւրջ էր՝ արնահոսությունը չէր դադարում:
– Բռնցքամարտում հաճախ է լինում, որ մարզիկները գլխով բախվում են: Եթե տեսել եք, բժիշկը չթողեց մարտը շարունակել: Հետո հիվանդանոցում բացվածքիս չորս կար դրեցին: Հիմա ամեն բան նորմալ է, ու, ինչպես տեսնում եք, հետք գրեթե չի երեւում: (Մարտից մի քանի օր անց Հայաստան եկավ Սյուզիի հայրը՝ Լեւոն Կենտիկյանը: Նրա պատմածով, Մուչինոն նույնպես գլխի վնասվածք էր ստացել, սակայն դա սկզբում չէր երեւում, քանի որ արյունը հոսում էր մազերի մեջ- Ա. Հ.):
– Ռինգում հաղորդավարը ձեռքդ բարձրացնելուց առաջ մրցավարների որոշումը գերմաներեն հայտարարեց: Իսկ հաջորդ օրը լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանություններ եղան: Ի վերջո, ի՞նչ էին որոշել մրցավարները:
– Պարզապես, մարտը չկայացած համարվեց:
– Հենց ռինգում դու Հայաստանի քո երկրպագուներին ասացիր. «Կներեք, որ այս անգամ այսպես ստացվեց»: Ի՞նչը նկատի ունեիր:
– Այն, որ իմ հայրենակիցները սպասում էին վաստակած հաղթանակիցս ստանալիք բերկրանքին, ինչը տեղի չունեցավ:
– Քո եւ մեքսիկուհու հետագա «ճակատագիրն» ի՞նչ է լինելու:
– Հնարավոր է, որ ռինգում նորից հանդիպենք:
– Հայաստանում երկա՞ր ես մնալու:
– Հավանաբար, մինչեւ ամսվա վերջ:
– Հաջորդ մարտդ ե՞րբ կլինի եւ ո՞ւմ հետ:
– Առայժմ հայտնի չէ՝ սպասում ենք կոնկրետության:
Պրոումոթեր Քրիստոֆ Վեշեն առաջին անգամ է եկել Հայաստան: Նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է գալու նպատակը: «Հայաստանի մասին Սյուզին շատ է պատմել: Ես էլ ցանկացա գալ ու տեսնել այն երկիրը, որտեղ Սյուզիին այսքան սիրում են: Այստեղ եկել եմ նաեւ մի քանի ծրագրեր իրականացնելու հարցերով: Հույս ունեմ, որ կհանդիպեմ համապատասխան իրավասու ղեկավարներին, եւ այդ հարցերը մանրամասն կքննարկենք»,- «Առավոտին» ասած պարոն Վեշեն:
Երեկ նրանց հյուրընկալեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց. «Մենք Սյուզիին համարում ենք մեր աղջիկը: Նա իր տարիքից շատ հաղթանակներ է տարել: Եվ շնորհակալ ենք Գերմանիայից, որ ստեղծեց բոլոր պայմանները, որոնց շնորհիվ օտարերկրացին կարողացավ սպորտի բնագավառում այսքան արագ վեր բարձրանալ»:
Լսելով Քրիստոֆ Վեշեի առաջարկները, որոնք բավականին ընդգրկուն էին, տիկին Հակոբյանը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցել դրանք կյանքի կոչելուն՝ ավելացնելով նաեւ, որ դրանք իրականացնելու համար հայրենիքում եւ սփյուռքահայության շրջանում լրատվամիջոցների գործուն մասնակցությամբ Սյուզի Կենտիկյանի PR-ով ավելի ակտիվ զբաղվելու անհրաժեշտություն կա: Եվ որպես առաջին քայլ նրանց հրավիրեց՝ մասնակցելու «Արի տուն» ծրագրի շրջանակներում աշխարհի 12 երկրներից հայրենիք ժամանած երիտասարդների հերթական խմբի հետ հանդիպմանը: Ներկայացնելով Սյուզի Կենտիկյանին եւ Քրիստոֆ Վեշեին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ շատերն են զարմանում, թե ինչպիսի էներգիա կա Սյուզիի մեջ, ինչպե՞ս է այս փոքրամարմին ու փխրուն աղջնակը միշտ գետին տապալում մրցակիցներին: «Նա ոչ մի պարտություն չի կրել: Նույն բանը ցանկանում եմ բոլորիդ, որպեսզի դուք էլ կյանքում երբեք չպարտվեք»:

Հ. Գ. Ստացվեց այնպես, որ նախարարության շենքի մոտ հանդիպեցինք գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանին: Հայկական սպորտի երկու աստղերի՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք գոտիների տիրակալի ծանոթության պահը լուսանկարելու առիթը ձեռքից բաց թողնելը աններելի կլիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել