Այսօր Ծաղկաձորում իր եզրագիծը կհատի մնջախաղի միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանն «Առավոտին» ասաց, որ փառատոնը կփակվի Ֆրանսիայից ժամանած Վահրամ Զարյանի «Խոստովանություն» մոնոներկայացմամբ: Մինչ այդ, Զարյանն արդեն շփվել էր երիտասարդ ստեղծագործողների հետ: «Օազիս» մնջախաղի թատրոնի հիմնադիր Ռոբերտ Ծատուրյանն էլ ասաց, որ գոհ է փառատոնի ընթացքից. «Լավ է, որ փառատոնը անցկացվում է Ծաղկաձորում՝ հնարավորություն ընձեռելով, որ մնջախաղի արվեստի հետ ծանոթանան նաեւ մարզաբնակները»: Ռ. Ծատուրյանը հավելեց, որ փառատոնը հնարավորություն է տալիս նորանոր կապեր հաստատելու, ծանոթանալու հետաքրքիր մարդկանց հետ: Իր համար Ծատուրյանը բացահայտել էր ԱՄՆ-ից ժամանած կին ծաղրածուի: Ասենք, որ «Օազիսը» թատերասեր հանրությանը հաճելի պահեր պարգեւեց՝ ոտնափայտերով ներկայացմամբ: Հանդիսականը լավ ընդունեց «Շրջիկ թատրոնի» ելույթները: Թատրոնի ղեկավար Կարապետ Բալյանը նշեց. «Չգիտեմ, մեզ ինչքանով հաջողվեց հաճելի պահեր փոխանցել հանդիսականին: Նրանց ուշադրությանը ներկայացրինք նախ փոքրիկ զվարճալի էտյուդներ եւ ներկայացում-հեքիաթ՝ «Սոխաման»: Հեքիաթում ներմուծել ենք նաեւ կրկեսային տարրեր, օրինակ՝ կրակ գործածել»: «Շրջիկ թատրոնի» հեքիաթը երաժշտական ձեւավորման «մասով» զայրացրել էր ոմանց՝ հեքիաթի մի կտոր համեմված էր թուրքական մուղամով: