Հինգշաբթի օրը «Ֆյուջիթիվ ստուդիոսը» եւ «Դիիմ Քոմյունիքեյշընզ» ընկերությունը ներկայացրին Սերժ Թանկյանի առաջին մենահամերգը: Երեւանյան շատ ջերմ համերգին երգիչը հանդես եկավ երգերով՝ իր հայտնի Elect the Dead ձայնասկավառակից եւ նոր՝ Imperfect harmonies ալբոմից: Թանկյանին նվագակցեցին իր խմբի անդամները եւ 8 դասական երաժիշտներ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից: Համերգի առաջին մասում VIZA ֆոլք-ռոք խումբն էր ԱՄՆ-ից: Համերգի բացառիկ հովանավորն էր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը, որն իր ապրանքանիշով աքսեսուարներ էր բաժանում հանդիսատեսին: Ի դեպ, վերջինս շատ բուռն էր ու բազմազգ՝ երգում ու պարում էր ողջ դահլիճը, այլ երկրներից, այդ թվում՝ Վրաստանից եւ Իրանից ժամանած բազմաթիվ երկրպագուներ հենց ճամպրուկներով էլ եկել էին մարզահամերգային համալիր, որ համերգից հետո էլ վերադառնան: Դահլիճում ահավոր տոթ էր ու անհարմար, իսկ մարզահամերգային համալիրի աշխատակիցները շոգից խեղդվող հանդիսատեսներից պահանջում էին շշերով ներս չմտել, հեղուկը խմել դահլիճի մուտքի մոտ, շշերն էլ իրենց հանձնել: «Լավ եմ անում՝ պահանջում եմ, դահլիճը կեղտոտում եք: Ում ուզում եք՝ բողոքեք»,- «շշավորներին» սաստում էին նրանք: Ի դեպ, համերգը պետք է սկսվեր ժամը 20.10-ին, սակայն սկսվեց ժամը 21-ի «մատույցներում», դրանից առաջ էլ Գոռ Գլումովն էր կիսահայերեն-կիսառուսերեն կատակներով փորձում զբաղեցնել հանդիսատեսին: Աշխարհի լավագույն բեմերը գրաված Սերժ Թանկյանը հուզված էր հայաստանյան բեմում՝ երգում էր իրեն չխնայելով: Մի երգ էլ հայերեն տեքստով ներկայացրեց, ասելով, որ շատ պատասխանատու պահ է իր համար: Տեքստ, որպես այդպիսին, առանձնապես չկար՝ «Ձեր ջանին մեռնեմ, ձեր կյանքին մեռնեմ…», բայց անկեղծ էր ու հուզիչ: Սերժն անընդհատ շեշտում էր, որ հպարտ է հայ լինելու ու Երեւանում գտնվելու համար: