Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստն ու քաղաքականությունը

Օգոստոս 14,2010 00:00

Բանավիճում են Ջիվան Գասպարյանն ու Մրոն

\"\"

Երեկ «Հայելի» ակումբում անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, իրենց մտահոգությունները հայտնեցին հայկական երգարվեստում թուրքական էլեմենտների առկայության, հայկական երգերը թուրքերի կողմից յուրացվելու մասին: Ըստ Ա. Գրիգորյանի, հայկական երաժշտաշուկան ողողված է թուրքական երաժշտությամբ. «Մեր նորաստեղծ երգերի մի մասը ողողված է թուրքական երաժշտությամբ: Այսօր շատերը դա հրամցնում են ժողովրդին եւ ասում, թե հասարակությունը դա է պահանջում: Սակայն կան նաեւ երգիչներ, որոնք հայկական գիծն են պահում»: Ջ. Գասպարյանը, համաձայնելով երգչի հետ, ասաց. «Մենք լավ երգիչ-երգչուհիներ ունենք, բայց շեղումներ էլ կան: Փոխանակ իրենց ազգի երաժշտությունը զարգացնեն՝ անճաշակ երգեր են երգում: Անճաշակությունն առկա է նաեւ ֆիլմերի ասպարեզում, որտեղ տաղանդի պակաս կա, փողոցից եկած մարդիկ երաժշտությամբ եւ ֆիլմերով են զբաղվում»:
Ա. Գրիգորյանին մտահոգում է մասնավորապես հայկական երգերի թուրքականացվելը եւ նրանց կողմից քարոզվելը. «Նրանք զավթում են մեր մշակույթը, սեփականաշնորհում եւ ասում, թե հեղինակներն իրենք են: Թուրքերն արմատական ոչ մի բան չունեն, իրենց լեզուն նույնիսկ արմատական չի, ուր մնաց՝ նման երգեր ունենան: Նրանց ամբողջ մշակույթը զավթելու հիման վրա է ստեղծվել եւ նույն ոճով էլ դիվանագիտություն են վարում: Մենք էլ, չգիտեմ՝ ինչ է լինելու, գուցե «կուտը ուտե՞նք»…»:
Դուդուկի վարպետի խոսքով, պետք է օրենսդրական ճանապարհով կանխել հայկական երգերի թուրքականացումը. «Մի անգամ զինվորի մասին հայկական մեղեդի նվագեցի, նրանց երաժիշտներից մեկը մոտեցավ ինձ եւ հարցրեց՝ սա ի՞նչ երգ է, մենք էլ ենք երգում: Ասացի՝ սա մեր զինվորների երգն է, հին հայկական ազգային հայրենասիրական երգ է: Հարցրի՝ ինչո՞ւ է հետաքրքրվում, սկսեց թուրքերեն նույն մեղեդին երգել: Հետաքրքրվեցի, թե ինչի՞ մասին է երգը, ասաց, որ սիրո, սիրային երգ է: Մենք ի՞նչ անենք, ինչպե՞ս պայքարենք դրա դեմ, որ ազգային երգը չդառնա թուրքական սիրային երգ: Չենք կարող նրանց արգելել, ո՞վ կարող է նրանց ասել՝ մի՛ երգեք: Այս մասին պետք է պետությունը մտածի, ինչ-որ մի օրենք ստեղծի կամ արգելման պաշտոնական ձեւ մշակվի»:
Ջ. Գասպարյանը տեղեկացրեց, որ արդեն երկու տարի Թուրքիայում մասնակցում է խաղաղասիրական համերգի, եւ որ այս տարի սեպտեմբերին եւս ունի հրավեր, բայց դեռ մտածում է՝ գնա՞լ, թե՞ ոչ. «Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, քանի որ ես քաղաքականությունից շատ հեռու եմ: Չգիտեմ՝ գնալս միտք ունի՞, թե՞ ոչ»:
Երգիչ Մրոն պարոն Գասպարյանին խորհուրդ տվեց բոյկոտել եւ ոչ մի դեպքում չգնալ այդ համերգին. «Աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանը եթե բոյկոտի Թուրքիան, մեծ աղմուկ կբարձրանա, ինչը մեզ պետք է»: Վարպետն էլ ի պատասխան ասաց. «Ես չեմ գնում գումար աշխատելու: Մի անգամ խորհրդակցեցի Վարդան Օսկանյանի հետ, նա խորհուրդ տվեց, որ անպայման գնամ: Ես չեմ ուզում իմ անվան հետ խաղալ: Գուցե պետք է, որ գնամ, կամ՝ կարիք չկա…: Միայն գիտեմ, որ պետք չի արվեստը կապել քաղաքականության հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել