Տարին հոբելյանական է անվանի կինոդերասանուհի Սոֆիկ Սարգսյանի համար
Սոֆիկ Սարգսյանը եւ Արայիկ Սարգսյանը Հ. Մալյանի անվան թատրոնի «Ցեղի ֆիզիոլոգիան»
(բեմադրիչ՝ Ն. Մալյան) ներկայացման մեջ:
Ժամանակին, մի առիթով, երբ «Առավոտը» հարցազրույց էր վարում Խորեն Աբրահամյանի հետ, ականավոր դերասանը ցավով ասաց. «Խնդրում եմ մի գրեք իմ կոչումը, որովհետեւ եթե հայ կինոյի եւ թատրոնի անկրկնելի դերասանուհի, մոր կերպարը հրաշալի ներկայացնող Վերջալույս Մերիջանյանը ընդամենը արժանացել է վաստակավոր արտիստուհու կոչման, ես վատ եմ զգում…»:
Եթե Խ. Աբրահամյանն այսօր ողջ լիներ, թերեւս նույն ցավով կխոսեր ազգային կինոյում հայ կնոջ կերպարը յուրովի մարմնավորած եւ հետաքրքիր նախատիպ ստեղծած Սոֆիկ Սարգսյանի մասին, ում ստեղծագործական գործունեության 35-ամյակը լրանում է այս տարի: Կինոդերասանուհին մինչ օրս ոչ մի պատվավոր կոչման չի արժանացել, այն դեպքում, երբ, օրինակ, ռուսական կինոյում նրա հետ իրենց կենսագրությունը սկսած կոլեգաները, այդ թվում Իրինա Մուրավյովան, Վերա Ալենտովան եւ այլք, վաղուց ժողովրդական արտիստներ են: Դերասանուհու հոգում, այս առիթով, իհարկե փոթորիկ կա, վիրավորվածություն, ինչի մասին նա երբեք չի բարձրաձայնում ու չի տրտնջում, գուցե հավատալով, որ մի օր էլ իրեն կհիշեն՝ գոնե ստեղծագործական գործունեության հոբելյանի առիթով:
Տեւական ժամանակ Ս. Սարգսյանը դասավանդում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ուր եւս, թվում է, մոռացել են իրեն՝ չարժանավորները վաղուց պրոֆեսորի «թիկնոցներով» են ման գալիս… Առաջին անգամ 1975թ. կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի «Այս կանաչ կարմիր աշխարհը» ֆիլմում նկարահանվելուց հետո՝ Ս. Սարգսյանը գլխավոր դերերով հանդես է եկել շուրջ 40 ֆիլմում, այդ թվում՝ Հ. Մայլանի «Նահապետ», Ֆ. Դովլաթյանի «Երկունք», Գ. Մելիք-Ավագյանի «Խնձորի այգի», Ա. Աղաբաբովի «Յոթ սարից այն կողմ» եւ այլն:
Արտիստուհին նկարահանվել է նաեւ արտերկյա կինոռեժիսորների ֆիլմերում, օրինակ՝ 2009թ. նա նկարահանվեց ամերիկացի կինոռեժիսոր Բրեյդն Քինգի «Այստեղ» նկարում, հոլիվուդյան աստղ Բեն Ֆոսթների եւ բելգիացի դերասանուհի Լյուբնա Ալաբալի ընկերակցությամբ, մարմնավորելով մոր կերպարը, 2007-ին էլ՝ «Մոսֆիլմում», Մաշա Սահակյանցի «Փարոսում»:
Ճանաչված կինոդերասանուհին օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել՝ հանրագումարի բերելու անցած ստեղծագործական ճանապարհը:
Զրույցի ընթացքում Հենրիկ Մալյանի դպրոցն անցած ու նրա մանկավարժական ավանդույթները երիտասարդներին փոխանցող դերասանուհին ոգեւորությամբ էր արտահայտվում իր ուսանողների մասին:
Նեղսրտեց, որ արդեն մեկ տարի է՝ չի դասավանդում Ն. Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանում ու կարոտում է սաներին: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, տիկին Սարգսյանը երկար մտածելուց հետո համարյա անլսելի ասաց. «Երեք տարի աշխատել եմ համալսարանում, կապվել սաներիս հետ, սակայն շուրջ մեկ տարի առաջ լքեցի այդ մշակութային կրթօջախը, պարզապես հոգնել էի… Ախր՞ ինչ ասեմ այս առիթով, անասելի վիրավորված եմ… Պատկերացնո՞ւմ եք, արդեն մեկ տարի անցել է, եւ ես չեմ կարողանում ստանալ մեկ կիսամյակի աշխատավարձս, ինչը կազմում է 30 000 դրամ… Ստացվում է՝ ոչ տարիքս են հարգում, ոչ էլ վաստակս…»:
«Առավոտին» հետաքրքրող հարցերը՝ կապված հիշյալ համալսարանի հետ, մեր զրուցակցի կողմից մնացին անպատասխան, օրինակ՝ ինչո՞ւ է մասնավոր այդ բուհը հաճախակի փոխում իր «բնակարանը» եւ այլն, եւ այլն: Այս առիթով բուհի ռեկտոր Արմեն Նալբանդյանը մեզ փոխանցեց. «Ոչ միայն տիկին Սարգսյանը, այլեւ շատերը չեն ստացել աշխատավարձ: Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում կվճարվի նրանց հասանելիք գումարը: Ինչ վերաբերում է հաճախակի շենքից շենք տեղափոխվելուն՝ դա ֆինանսական նեղության արդյունք է, անցումային շրջան է ապրում համալսարանը: Բայց ոնց որ հաջողությունը գալիս է…»:
Անդրադառնալով զրույցին, տիկին Սարգսյանին փոխանցեցինք հեռուստադիտողների մի ստվար մասի հիացմունքը՝ իրեն «Հանուն սիրո» հեռուստասերիալում տեսնելու առիթով: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Տանել չեմ կարողանում սերիալները, երբեք չեմ նայում դրանք: Սակայն «Հանուն սիրո» սերիալի իմ կտորները նայում եմ, այն էլ՝ ահով- դողով: Պատճառն էլ ասեմ՝ տարեցտարի ավելի եմ խստապահանջ դառնում գործիս հանդեպ…»: