Պարզաբանում է Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի գործունեությունը քանիցս քննադատվել է մամուլում, այդ թվում՝ «Առավոտում»: Նրա հետ հանդիպման ընթացքում փորձեցինք համապատասխան պարզաբանումներ ստանալ:
– Բողոքներ են հնչում, թե հողի հարկը բնակիչներից ավելի է գանձվել:
– Այդ հարցը ուսումնասիրվել է ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ վերահսկողության վարչության մասնագետների կողմից՝ քննիչի պահանջով: Ավելացնեմ, որ հողի հարկի հաշվարկը կատարվում է ՀՀ ՊԵԿ-ի կողմից մշակված «Վեկտոր պլյուս» ծրագրի միջոցով, իսկ գյուղապետարանը ընդամենը մուտքագրում է հողի չափը, կարգը եւ վճարված գումարների չափերը՝ ըստ անդորրագրերի, որոնց ստուգմամբ խախտում չի արձանագրվել:
– Ձեզ մեղադրում են նաեւ գազի խողովակների համար անօրինական գումարներ հավաքելու մեջ:
– Այստեղ եւս ամեն ինչ օրենքով է արված: Համաձայն Լեռնապատի գյուղապետի եւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկի տնօրեն Գ. Մաթեւոսյանի միջեւ 17.02.2009թ. կնքված համաձայնագրի 1.2 կետի՝ համայնքի ավագանու 30.03. 2009թ. թիվ 16 որոշմամբ համայնքի ղեկավարին թույլատրվել է կազմակերպել հանգանակություն բնակչությունից՝ գազիֆիկացման ծրագրին ոչ ստանդարտ կամ օգտագործված հենասյուներ հանձնելու նպատակով: Գյուղապետի 02.11.2009թ. թիվ 45 կարգադրությամբ էլ ստեղծվել է հանձնաժողով, որում ընդգրկվել են ինչպես ավագանու անդամներ, այնպես էլ գյուղապետարանի աշխատողներ եւ բնակիչներ, ովքեր հանգանակել են գումարներն իրենց թաղամասերից: Առ. 01.02.2010թ. հանգանակվել է 3110,0 հազ. դրամ, որից ծախսվել է 2525,2 հազ. դրամ, իսկ մնացորդը՝ 584,8 հազ. դրամ, հանձնաժողովի նախագահը ստացականով ի պահ է հանձնել համայնքի ղեկավարին: Մնացորդը ծախսելու նպատակի մասին 08.04.2010 թ. համայնքի ավագանին կայացրել է թիվ 24 որոշումը, որի համաձայն մնացորդային գումարը մուտքագրվել է համայնքի բյուջե:
– Իսկ ի՞նչ կասեք առանց համայնքի բնակիչների սոցիալական վիճակը գնահատելու՝ տրված սոցիալական օգնությունների վերաբերյալ:
– ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Բյուջետային դասակարգում» ձեռնարկի 4729 հոդվածի համաձայն՝ կա «այլ նպաստներ» ձեւակերպումը, որից եւ կատարվել են մեր հատկացումները, այլ կերպ ասած՝ ամենեւին էլ պարտադիր չէր, որ այդ հոդվածով դրամական նպաստ ստացողը լիներ սոցիալապես անապահով, ինչը ընդգծված է ինձ առաջադրված մեղադրանքում: Այսպես, բերեմ մեկ օրինակ՝ գյուղի բնակիչ Արսեն Աբազյանը ունի քսան կով: Ձմռանը հրդեհվել է նրա քսան տոննա խոտի դեզը, այս պարագայում նա օգնության կարիք ունի, թեեւ նրան չես կարող անապահով ընտանիք համարել: Մի՞թե նրան այլ նպաստներից օգնություն չի կարելի տալ: Անշուշտ, կարելի է եւ տրվել է 100 հազար դրամ օգնություն՝ ավագանու որոշմամբ:
– Ասում են՝ օգնություն ստացել են հատկապես ձեր բարեկամները, ինչը ներկայացվում է որպես յուրացում:
– Եթե քաղաքացին գրավոր դիմում է ներկայացնում գյուղապետարան, ապա այն չի կարող չընդունվել այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն գյուղապետի մտերիմն է կամ բարեկամը: Այդ ո՞ր օրենքով է արգելվում գյուղապետի բարեկամին դիմում գրել գյուղապետին: ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Իմ բարեկամը դատապարտված չէ համայնքի բյուջեից նպաստ չստանալու, ինչ է թե՝ ես եմ գյուղապետը: Մի՞թե այդ իրավունքից պիտի օգտվեն միայն իմ ընդդիմադիրները: Որպեսզի հարցն ավելի պարզ լինի, ներկայացնեմ այն օրենսդրական դաշտը, որով կարգավորվում է այդ գործընթացը: Համայնքի բնակչի դիմումն ստանալուց հետո ՏԻՄ օրենքի 32 հոդվածի 13 կետով համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացնում ավագանուն՝ համայնքային գույքը, այս դեպքում՝ գումարը, օտարելու մասին: Համաձայն ՏԻՄ օրենքի 16 հոդվածի 20 կետի, ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին տալ դրամական օգնություններ՝ նշելով նաեւ դիմումատուների անունները եւ գումարի կոնկրետ չափը: Ավագանու որոշումները յոթօրյա ժամկետում առաքվել են մարզպետարան, որն իրականացնում է վարչական եւ իրավական վերահսկողություն համայնքի նկատմամբ՝ համաձայն ՏԻՄ օրենքի 77 հոդվածի, եւ ոչ մի անգամ չեն համարվել ոչ իրավաչափ:
ՀՀ Սահմանադրության 107 հոդվածում նշվում է, որ համայնքի սեփականությունը տնօրինում է ավագանին: Պարզ է, որ գումարը եւս համայնքի սեփականությունն է (տես ՏԻՄ օրենքի 46 հոդված), որը տնօրինում է ավագանին: Ահա իր տնօրինության տակ գտնվող գումարը ավագանին որոշում է անհատույց օտարել-հանձնել իր համայնքի բնակչին: Իսկ այդ բնակիչը կարող է նաեւ գյուղապետի բարեկամը լինել: Եթե բնակիչն ստացել է այդ գումարը՝ ստորագրելով դրամարկղային օրդերում, ապա յուրացման մասին խոսք լինել չի կարող, մինչդեռ Վանաձորի Հելսինկյան գրասենյակը, չգիտես ինչու, բնակիչների ստացած նպաստները ներկայացնում է որպես խոշոր չափի յուրացում: Հավելեմ, որ գյուղապետը չի կարող ողջ գյուղի բարեկամը լինել, եւ դա բնական է: Բավական է նշել, որ արդեն չորս տարի համայնքի բյուջեն կատարվում է 100%-ից ավելի, իսկ դա դուր չի գալիս այն մարդկանց, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց: Բողոքավորները հենց այդ մարդիկ են: Մեզ զրպատրում են: Այդ մասին համայնքի ավագանին եւ գյուղապետը ուղերձով դիմել են ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ մարզի դատախազին՝ շեշտելով, որ յոթ ամսվա ընթացքում գյուղապետարանը երկու անգամ ստուգվել է Լոռու մարզպետարանի, ՀՀ սոցապնախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, ստուգմամբ կազմվել են ակտեր, որոնցում խախտումներ չեն արձանագրվել: Իսկ զրպարտիչները դեռ բողոքում են՝ խանգարելով մեր աշխատանքին: