Լրահոս
Օրվա լրահոսը

«Տկարացած» գաղութներ, լիցենզիայից զրկված բուհեր

Օգոստոս 14,2010 00:00

Խնդիրներ՝ բարձրացված համահայկական խորհրդաժողովում

Օգոստոսի 13-17-ը աշխարհի 24 երկրից Հայաստան ժամանած 150 ներկայացուցիչ մասնակցում էր համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովին, որը մեկնարկեց երեկ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Վրաստանից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Իրաքից, Լիբանանից, եվրոպական մի շարք երկրներից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից ժամանած կրթական հաստատությունների ղեկավարները, ուսուցիչները եւ կրթության ոլորտի մասնագետները խորհրդաժողովի 5 օրերի ընթացքում քննարկելու են Սփյուռքի հայկական գաղթօջախներում առկա կրթական հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերը: Սփյուռքահայ մեր հայրենակիցները հաճախ են բարձրաձայնում դասագրքերի որակի, արեւմտահայերենի եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին: Այդ «մասով» ի՞նչ քայլեր է ձեռնարկում կրթության նախարարությունը: ԿԳ նախարարը չհամաձայնեց, որ Սփյուռքի դպրոցներում սովորում են հնացած դասագրքերով. «Բովանդակության առումով դրանք պարբերաբար թարմացվում են, կան էլեկտրոնային դասագրքեր, համապատասխան սկավառակների վրա մատուցվող ուսումնամեթոդական նյութեր: Արեւմտահայերենի հետ կապված խնդիր ունենք, այս տարի հրատարակվել է առաջին համապատասխան մեթոդական ուղեցույցը, եւ դասագիրքը կօգնի մեր հայրենակիցներին»:
Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչ, Հայկազյան հայագիտական հանդեսի խմբագիր Արմեն Յուրնեշլյանի կարծիքով՝ Լիբանանում կրթական հիմնական խնդիրը հայկական դպրոցների պահպանումը, գոյատեւումն է, որովհետեւ հայ ընտանիքները նախընտրում են իրենց երեխաներին օտար վարժարան տանել. «Մեր գաղութը տկարացած է: Պատերազմեն առաջ Լիբանանն ուներ 250 հազար հայություն, այսօր 100 հազարեն պակաս է: Բնական է, որ դպրոցներու թիվը պիտի նվազեր: Խումբ մը ընտանիքներ կան, որ «փրեստիժի» համար կնախընտրեն օտար դպրոցը՝ հավատալով, որ եթե իրենց զավակը օտար դպրոց երթա, հետագային շատ ավելի բարձր դիրքերու կհասնի: 2-րդ գործոնը տնտեսականն է՝ պետական դպրոցները ձրի կավարտեն, իսկ հայկականը բավականին թանկ է»:
Դասագրքերի եւ դրանց թարմացման հետ կապված մեր զրուցակիցն ասաց. «Առայժմ միայն խոստումներ են, մեծ հույս ունինք Սփյուռքի նախարարության կազմակերպած գիտաժողովին վրա, պետք է այլեւս գործի անցնել: Խնդիրն այն է, որ դասագիրք կազմողները չունեն լեզվաբանական, մանկավարժական կրթություն, չկա միասնական դասագիրք…»: Մեր հայրենակիցը նշեց նաեւ մեկ այլ խնդրի՝ խառն ամուսնությունների մասին, նրա խոսքով՝ օտարների հետ ամուսնացողների թիվն օրեցօր ավելանում է:
ԼՂՀ ԿԳ նախարարի տեղակալ Սլավա Ասրյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Արցախը, ունենալով իր պետականությունը, կարողացել է, թեկուզ Ադրբեջանի տիրապետության տակ, պահպանել հայկական կրթական ավանդույթները, եւ այսօր մենք ունենք միասնական կրթական համակարգ Հայաստանի Հանրապետության հետ ու համաքայլ իրականացնում ենք կրթական բարեփոխումներ: Արցախում գործում են կրթական բոլոր տեսակի հաստատությունները՝ նախադպրոցականից մինչեւ հետբուհական, եւ լիարժեքորեն կարողանում ենք տեղում պատրաստել մասնագետներ»:
Ըստ փոխնախարարի՝ Ղարաբաղի կրթական ոլորտում էլ կան չլուծված խնդիրներ. «Դեռ ավարտին չի հասցվել դպրոցաշինությունը, ոչ բոլոր դպրոցներում ունենք համակարգչային դասընթացներ, որոշներն էլ համացանցին միանալու խնդիր ունեն»:

Հ. Գ. Խորհրդաժողովին ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ անդրադարձավ մասնավոր մի քանի բուհերի՝ լիցենզիայից զրկմանը ու հայտարարեց, որ շարունակելու են նույն քաղաքականությամբ առաջնորդվել. «Նախարարությունը արագ կարձագանքի տվյալ բուհերի այն ուսանողների ցանկությանը, ովքեր մեզ կդիմեն՝ սովորելու նույն մասնագիտությամբ այլ բուհում, այդ թվում նաեւ պետական»: Դիպլոմ ստացածների մասին էլ նախարարն ասաց. «Կասեցված լիցենզիաներով բուհերի դիմորդներին տրված փաստաթղթերը վավեր են եւ համապատասխան իրավական ուժ ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել