Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՈՏՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՎԿԱՆԵՐԸ»

Օգոստոս 14,2010 00:00

\"\"ԿԳ նախարարությունում նման թեւավոր խոսք կա

2009-ի մայիսի 13-ին Արմեն Աշոտյանը նշանակվեց ԿԳ նախարար: Նախկին նախարարների օրոք այս գերատեսչությունում վարչության պետերը երբեք տեղակալներ չեն ունեցել: Այժմ ստեղծվել են նաեւ պետի տեղակալների հաստիքներ, որոնք հիմնականում զբաղեցնում են Ա. Աշոտյանի մտերիմները: Պատահական չէ, որ նախարարությունում հումոր են անում նոր նախարարի բերած նոր մարդկանց մասով՝ «Աշոտյանը եւ իր վկաները»: Ա. Աշոտյանի նախարար դառնալուց հետո որոշ մարդիկ դիմումի համաձայն ազատվեցին աշխատանքից, նրանց թվում՝ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն կրթության վարչության պետ, փորձառու մասնագետ Ռուբեն Գասպարյանը, ասում են՝ իրական պատճառը սկզբունքային անհամաձայնություններն են եղել:
Ըստ մեր տեղեկությունների, հնարավոր է այլեւս նախարարությունում չաշխատի հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը, չնայած նրա պարագայում «ալիբի» կա՝ մարդը կենսաթոշակային տարիքի է: Չար լեզուներն ասում են նաեւ, որ հիմա էլ ամպեր են կուտակվել հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի գլխին, չնայած նրան, որ ԿԳՆ-ի բանիմաց աշխատողներից է: Ն. Հովհաննիսյանի տեղակալ Արտակ Պողոսյանին էլ է նախարարը բերել, իսկ ցանկացած տեղակալ պոտենցիալ պետ է: Ինչ վերաբերում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանին՝ դարձյալ նախարարական ֆավորիտ է, մասնագիտությամբ բժիշկ, նախկինում էլ քաղաքապետարանի համապատասխան բաժնում է աշխատել:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով նոր հաստիքների ավելանալու հետ կապված «Առավոտի» հարցին, ասաց, որ մեկ տարվա ընթացքում իսկապես կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել, որոնք բխել են ՀՀ վարչապետի հանձնարարականից, ավելացել է նաեւ լրացուցիչ կրթության բաժինը, եղել են կրճատումներ: Ավելի մանրամասն տեղեկությունների համար նա առաջարկեց կապվել անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանի հետ:
Տիկին Գրիգորյանը հեռախոսով փոխանցեց, որ չպետք է այդ փոփոխությունները կապել Ա. Աշոտյանի անձի հետ: Հավելեց, որ կառուցվածքային փոփոխությունները բխում են ԿԳՆ գործառույթներից, փոխվել է իրենց կանոնադրությունը եւ ամեն գործառույթի համար ամրագրվել, թե ո՛ր վարչությունն ու նրա հարակից կառույցներն են պատասխանատու: Օրինակ, հանրակրթության վարչությունը, Ռ. Գրիգորյանի խոսքով, ժամանակին 3 բաժին ուներ, հիմա 1-ով պակասել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031