Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին է դիմել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
21 էջից բաղկացած նամակում, որը զետեղվել է www.moj.am պաշտոնական կայքէջում, ասվում է, որ արդարադատության նախարարությունում ամփոփվել են դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու առնչությամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումները: «Բազմաթիվ հաղորդումների քննարկման արդյունքներով՝ ակնհայտ ու կոպիտ խախտումների բացակայության կամ այլ իրավաչափ հիմքով, մերժվել է կարգապահական վարույթ հարուցելը: Բնականաբար, սույն եւ դրան կից փաստաթղթում «խախտում» եզրույթը կիրառված է միայն պայմանականորեն, իսկ հիմքում դրված են հաղորդումներն ու դրանց գնահատականները»,- ասվում է նախարարի նամակում: Նախարարը հույս է հայտնում, որ համապատասխան գիտագործնական համաժողովներին՝ կատարված ուսումնասիրության արդյունքների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ արձանագրված խախտումները բացառելու եւ միասնական դատական պրակտիկա ձեւավորելու տեսանկյունից:
«Շնորհապարտ կլինենք, եթե ներկայացնեք Ձեր նկատառումները վերլուծության արդյունքներում արծարծված եզրահանգումների առնչությամբ»,- ավարտելով նամակը, գրում է Գ. Դանիելյանը: