Լրահոս
Օրվա լրահոսը

Իրարամերժ գրություններ

Օգոստոս 14,2010 00:00

Նույն անձինք՝ տարբեր դատարաններում, տարբեր կարգավիճակներով

ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման համաձայն, Երեւանի Բուզանդի 83 հասցեն (1920-ականներին կառուցված) ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ տարածքի ձեռք բերող դարձավ անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանը:
Նշյալ հասցեն 60քմ մակերեսով եւ 78քմ հողամասով, ինչպես նաեւ ինքնակամ կառույցով (60 քմ) օգտագործում էին Արմեն, Արսեն, Կիմա Աբրահամյանները, Նունե Համբարձումյանը (հարսը), Վիոլետա Սահակյանը: Լիցենզավորված մի կազմակերպության կողմից տարածքը գնահատվեց 36 035 250 ՀՀ դրամ գումար: 3 ընտանիքներին առաջարկվեց պայմանագիր կնքել: Կնքվեց առքուվաճառքի պայմանագիր, անշարժ գույքը փոխհատուցմամբ համարվեց օտարված ու բնակիչների առջեւ խնդիր դրվեց հեռանալ տարածքից:
19 եւ ավելի տարի նշված հասցեի 60 քմ ինքնակամ կառուցված տանը 2 անչափահաս երեխաների հետ բնակվող Նունե Համբարձումյանը գտնում է, սակայն, որ պետությունը ինքնակամ կառույցի համար գումար չի տվել, հետեւաբար՝ չի ազատում տարածքը: Ն. Համբարձումյանն ամուսնու՝ Արմեն Աբրահամյանի հետ ունեցել են նշված բնակելի հատվածում առանձին հաշվիչներ՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, բնականաբար՝ պարտադիր կոմունալ վճարումներ են կատարել, այդ տունն օգտագործելով հրապարակային, բացահայտ, անընդմեջ (Քաղօրի 187 հոդվածի համաձայն, 10 տարի նման ինքնակամները օգտագործողները մեխանիկորեն դառնում են սեփականատերեր):
Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը հայցով դիմել է դատարան՝ բնակիչներին տարածքից վտարելու պահանջով: Դատարանը, ի դեպ, բավարարել է հայցը:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այս տարվա մարտի 4-ի Ն-958 գրության, Բուզանդի 83 հասցեում Նունե Համբարձումյանի անվամբ սեփականության իրավունքով գույք գրանցված չէ: Իսկ կադաստրի մեկ այլ՝ ապրիլի 6-ի գրությամբ, պարզվում է, որ Բուզանդի 83/3 հասցեում Նունե Համբարձումյանի կողմից Երեւանի սեփականություն հանդիսացող 60քմ. հողամասում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչվել է Երեւան քաղաքի սեփականություն:
Դեռ մարդիկ չեն ազատել նշված տարածքը, դեռ չեն կարողացել գնել նոր բնակարաններ, այսինքն, չունեն որոշակի հասցե, անակնկալ է մատուցում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը.ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի անձնագրային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ա. Վիրաբյանի փետրվարի 23-ի գրությունից պարզվում է. «Նշված հասցեում հաշվառված բոլոր անձանց անձնագրային ծառայությունը դուրս է գրել հաշվառումից՝ նոր սեփականատիրոջ դիմումի համաձայն»:
Ստացվում է, որ հաշվառումից կարող են հանել՝ առանց քաղաքացիների տեղյակ լինելու: Իսկ Նունե Համբարձումյանի եւ մնացյալ սեփականատերերի անձնագրերից չի երեւում, որ նրանք նշված հասցեից հեռացված են:…
Ուշադրության արժանի է այն, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է դիմել Երեւան-համայնքը, պահանջելով, որպեսզի Բուզանդի 83 հասցեի բնակիչները թույլատրեն կադաստրի տարածքային ստորաբաժանմանը չափագրում կատարել: 3-րդ անձ է ճանաչվել կադաստրի Կենտրոնի տարածքային ստորաբաժանումը:
Նկատենք, որ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին: Նույն այդ օրը ՀՀ վարչական դատարանում նշանակվել է նաեւ Նունե Համբարձումյանի եւ Աբրահամյանների հայցադիմումի քննությունը:
Երկու դատարաններում գործող անձինք նույնն են, միայն այլ կարգավիճակներով: Մի տեղ հայցվոր է, մեկ այլ դատարանում՝ պատասխանող: Վեճի առարկան էլ նույնը՝ Բուզանդի 83 տունը եւ նրա բնակիչների ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել