Լրահոս
Օրվա լրահոսը

12 ՏԱՐԻ Է՝ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՆ ՏԱԼԻՍ

Օգոստոս 14,2010 00:00

\"\"Շարմազանովների 3 հոգանոց ընտանիքը 1998 թվականին Թբիլիսիից եկել եւ բնակություն է հաստատել Վանաձորում, 12 տարի է՝ Ստանիսլավն ու քույրը սպասում են, թե երբ անձնագիր կստանան:
Ստանիսլավն առողջական խնդիրներ էլ ունի: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում երկարատեւ բուժում ստանալու համար անձը հաստատող փաստաթուղթ է պետք: Անձնագիր ստանալու հարցն էլ Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնը փորձում է լուծել Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով, հակառակ դեպքում՝ Ստանիսլավը պետք է մեկնի Վրաստան:
«Անձը գրանցված է Վրաստանում՝ որպես Վրաստանի քաղաքացի, բոլոր փաստաթղթերը Վրաստանի դեսպանատանն են, անընդհատ զանգում ենք, հետաքրքրվում, թե երբ պետք է այս հարցը լուծում ստանա, բայց դեռեւս արդյունք չունենք»,- տեղեկացնում է Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանը:
Ստանիսլավ Շարմազանովը տնից դուրս չի գալիս, դարձել է ինքնամփոփ, չի շփվում մարդկանց հետ:
Արայիկ Զալյանն ասում է, որ Ստանիսլավին Լոռու մարզային դիսպանսերում պառկեցնելու հետ կապված էլ խնդիրներ են առաջանում: Ամեն անգամ պետք է առողջապահության նախարարությանը դիմում գրեն, Լոռու մարզային դիսպանսերի հետ բանակցություններ վարեն, որ հիվանդը բուժում ստանա: «Նախարարը բավարարում է դիմումը, բայց դիսպանսերում բարդություններ են առաջանում, դրանք լուծելուց հետո միայն կարողանում ենք Ստանիսլավին պառկեցնել հիվանդանոց»,- ասում է Արայիկ Զալյանը:
Թեեւ Ստանիսլավն արդեն 7 անգամ դիսպանսերում կարճաժամկետ բուժում է ստացել, սակայն նրան երկարատեւ բուժում է պետք. «Նրան երկարատեւ բուժում է անհրաժեշտ, ինչն առանց անձնագրի հնարավոր չէ,- բացատրում է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը,- եթե հիվանդը ՀՀ քաղաքացի չէ, երկարատեւ բուժման համար գործակալությունը չի ֆինանսավորվում, պետպատվերով ցանկացած բուժում ստանալու համար անձը պետք է փաստաթուղթ ներկայացնի, ինչը Շարմազանով Ստանիսլավը չունի»:
Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են մոր՝ 73-ամյա Մարիայի 20 000 դրամ թոշակով:
«ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի համար պետական տուրքեր են հատկացված, տվյալ ծառայությունը մատուցելու համար գումար է անհրաժեշտ, ինչն այս մարդիկ չունեն»»,- ասում է Արայիկ Զալյանը:
Մարիա Շարմազանովան էլ մեկ ամիս է, ինչ անձնագիր է ստացել: «Քանի անգամ գնացի Երեւան, ամեն անգամ ասում էին՝ էս թուղթն ա պետք, էն թուղթն ա պետք, ամեն ինչ նորից տանում էի, ասում էին, հիմի էլ ուրիշ բան ա պակաս»,- պատմում է նա:
«Մարիան բազմաթիվ անգամ էր գնացել անձնագիր ստանալու համար, ամեն անգամ մի տեղեկանքի, մի փաստաթղթի համար նրան ետ են ուղարկել, ամեն անգամ, երբ նա վերադառնում էր, գումար էր հավաքում, որ նորից մեկնի՝ մյուս փաստաթղթի վաղեմության ժամկետն անցնում էր, այդպես շարունակ,- ասում է Արայիկ Զալյանը,- կարող էին մի փաստաթղթի համար ետ չուղարկել, ասեին՝ հետո կներկայացնես: Մարդ է, սոցիալապես անապահով, քանի՞ անգամ կարող է մեկնել Երեւան»:
«Ինձ երեխեքի ստանալն ա հետաքրքրում, որդիս հիվանդ է, բուժվելու համար էլ անձնագիր է պետք, օր օրի վատանում է վիճակը, մեղք է»,- ասում է մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել