Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիա եւ գազ սպառողները «Հայկական էլեկտրական ցանցերից» եւ «ՀայՌուսգազարդից» պետք է ստանան լրացուցիչ տեղեկատվություն՝ սպառված էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց: Մուծումից հետո բնակիչներին տրվող կտրոնների վրա այսուհետեւ պարտադիր պետք է նշված լինի ամսվա վերջի եւ սկզբի տվյալները, այսինքն՝ պետք է նշվի այն մասին, թե որ օրն է ֆիքսվել տվյալը, պարտքի մնացորդը ամսվա սկզբին եւ վերջին, էլեկտրաէներգիայի բազմասակագնային հաշվիչից օգտվող բաժանորդների կտրոններում էլ պետք է գրված լինի գիշերային սակագնով սպառած էլեկտրաէներգիայի քանակը: Բացի այդ, սպառողներն իրավունք կստանան էլեկտրոնային փոստով ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ news.am-ի, այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքերով, այս տեղեկությունները սպառողին հնարավորություն կտան խուսափել կամայականություններից. «Նորամուծությունները քաղաքացիներին հատկապես անհրաժեշտ կլինեն դեկտեմբերի հաշվարկները ստուգելիս, քանի որ հատկապես այդ ամսվա տվյալները ֆիքսելիս տեսուչները խախտումներ են կատարում»:
Պարոն Եղոյանը տեղեկացրել է նաեւ, որ 2 ժամից ավելի հոսանքազրկման դեպքում սպառողները կարող են փոխհատուցում պահանջել ՀԷՑ-ից. «Քաղաքներում առավելագույնը 2 ժամ, իսկ գյուղերում՝ 8 ժամով կարող են անջատում կատարել: Եթե անջատումը տեւել է ավելի երկար, ապա սպառողն իրավունք ունի էլցանցից 1500 դրամ փոխհատուցում ստանալու»: