«Փափախչի» վարորդները, կարճ ժամանակում մեծ շահույթներ ստանալու համար,
օրական տասնյակ մարդկանց կյանքի հետ են խաղում:
«Ժողովուրդ ջան, կներեք, մի 20 րոպե աչքս կպցնեմ՝ էլի ճանապարհը կշարունակեմ, մի սուտկայա չեմ քնել»,- տեսնելով ուղեւորներիս՝ իրեն ուղղված սարսափահար հայացքները՝ ասաց միկրոավտոբուսի մոտ 40-ամյա վարորդը: Առջեւի նստած ուղեւորը «լեղաճաք» էր եղել՝ տեսնելով, որ վարորդի աչքը «ռույլի» վրա կպել է, եւ որքան էլ նա փորձել էր աննկատ արթնացնել վարորդին, որպեսզի մյուս ուղեւորները խուճապի չմատնվեն, այնուամենայնիվ՝ պարզ էր. ավտոմեքենան արդեն կառավարումից դուրս էր եկել, մի քանի մետր համարյա երթեւեկում էր դաշտի միջով: Ստիպված եղանք գիշերվա կեսին հայ-վրացական ճանապարհին կանգնել ու սպասել, մինչեւ մեր միկրոավտոբուսի վարորդը մի կես ժամ «աչքը կպցնելով» կբավարարեր քնելու իր անդիմադրելի ցանկությունը: Իսկ մինչ այդ՝ ողջ ճանապարհին մեր վարորդը «գլուխ էր գովում», թե 24 ժամվա մեջ արդեն 2-րդ անգամ է գնում Վրաստան ու հետ գալիս եւ 24 ժամվա մեջ մի երկու ժամ էլ չի քնել. «Էս սեզոնն ա՝ ինչ աշխատեցի, աշխատեցի, մեկ էլ սաղ տարին պիտի սպասենք, որ սեզոնը բացվի»,- ուղեւորների զարմացած հարցերին, թե գերհոգնած պայմաններում ինչպե՞ս է մեքենան վարում, արդարանում էր վարորդը: Ճիշտ է, նա չհրապարակեց, թե սեզոնին որքան գումար է աշխատում, բայց ասաց, որ, օրինակ, նախանցյալ տարի այդ վաստակած գումարով բնակարանն է վերանորոգել, ընտանիքին է հանգստի ուղարկել, մնացած գումարով էլ ողջ տարին ապրել է:
Անձամբ ինձ հետ պատահած այս միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին՝ Վրաստան-Հայաստան ճանապարհին, որը, բարեբախտաբար, դժբախտ դեպքի առիթ չդարձավ, եւ Վրաստանի հանգստավայրերից հայրենիք վերադարձող տուրիստներս ողջ-առողջ տեղ հասանք: Սակայն այն գերծանրաբեռնված գրաֆիկը, որով ամեն օր աշխատում են այս եւ տասնյակ այլ միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդներ, պարզապես անթույլատրելի է եւ հարյուրավոր մարդկանց անվտանգության խնդիր: Դեպի Վրաստան տուրիստներ տեղափոխող տրանսպորտային միջոցներն օրական 600-700 կիլոմետր ճանապարհ են գնում եւ այդքան էլ հետ գալիս, ընդ որում՝ առանց ճանապարհին գոնե 1 ժամ հանգստանալու: Կանգառները տեւում են 5-10 րոպե՝ այն էլ միայն ջուր խմելու, զուգարան գնալու համար: Այսինքն՝ ստացվում է, որ մեկ վարորդը օրական 1200-1400 կիլոմետր վարում է, ինչը, ըստ մասնագետների, անգամ պրոֆեսիոնալ վարորդ լինելու պարագայում հղի է վտանգավոր հետեւանքներով:
Նախօրեին Վրաստանի տարածքում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարը հենց գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու արդյունք է եղել: Այս անգամ էլ դեպքը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին ննջելու պատճառով: Ավտոբուսը շեղվել էր ճանապարհից եւ դուրս թռչելով մայրուղուց՝ հայտնվել եգիպտացորենի դաշտում: Քոբուլեթիից վերադարձող հայ տուրիստները ստիպված են եղել ամբողջ գիշերն անցկացնել բաց դաշտում, քանի որ ավտոբուսը վնասվել է: Ուղեւորների պատմելով, մինչեւ լուսաբաց տուրիստական գործակալությունը, որի միջնորդությամբ իրենք օգտվել են ավտոբուսի ծառայություններից, օգնություն չի ցուցաբերել եւ այլ տրանսպորտային միջոց չի ուղարկել նրանց տեղափոխելու համար: Նրանց անվտանգության, կրած բարոյական եւ նյութական վնասների համար էլ, կարծես թե, որեւէ մեկը չի պատրաստվում պատասխանատվություն կրել: Ավելին, NED tour տուրիստական գործակալության տնօրինությունը, որը տուժած տուրիստներին մատուցել էր այդ ծառայությունը, լրատվամիջոցներով հրապարակավ հայտարարել է, որ այդ ավտոբուսն իրենց գործակալության հետ ոչ մի կապ չունի եւ որ իրենց գործակալությունը սեփական ավտոբուսներ չունի ու օգտվում է այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցներից: Հասկանալի է, որ NED tour-ին բոլորովին պետք չէ տուրիզմի այս թեժ սեզոնին այդ միջադեպի պատճառով վնասել իր գործարար համբավը, ու թերեւս այդ է պատճառը, որ տուրգործակալությունն իր վրայից պատասխանատվությունը գցում է: Բացի այդ, եթե որեւէ տրանսպորտային միջոցի հետ տուրգործակալությունները համագործակցում են, ապա այդ արվում է առանց որեւէ պայմանագրային հիմունքների՝ տուրգործակալությունը ուղեւորով է ապահովում, տրանսպորտային միջոցի վարորդն էլ ամեն ուղեւորի տոմսից նրանց տոկոսներ է տալիս: Նկատենք, որ այս սեզոնին տուրիստներին հիմնականում տրանսպորտային ծառայություններ են մատուցում միկրոավտոբուսների անհատ վարորդներ:
Մեր երկրում ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների պատասխանատուն տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Երեկ «Առավոտը» հետաքրքրվեց, թե այդ անհատ վարորդների գործունեությունն ո՞վ է վերահսկում: Պարզվեց՝ ոչ ոք: Նախարարությունից հայտնեցին, որ նրանց նկատմամբ իրենք չեն կարող վերահսկողություն սահմանել, քանի որ «այդ վարորդները պարզապես անօրինական դաշտում գործող «փափախչիներ» են: Պարզվեց, որ նրանք անգամ հարկային դաշտից դուրս են գործում: Իսկ նախարարությունը վերահսկում է միայն միջպետական ուղեւորափոխադրում իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպություններին, այսինքն՝ որոնք ունեն լիցենզիա»: Նախարարության պատասխանատուների ներկայացմամբ, նախօրեին վթարի ենթարկված ավտոբուսը նույնպես իրենց վերահսկողությունից դուրս է: