Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎՏԱՐՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Օգոստոս 14,2010 00:00

Այս ընտանիքը որոշել է իրենց բնակարանի կարիճներն ու օձերը հավաքել
ու նախագահականի բակ նետել, որպեսզի չինովնիկները իրենց մաշկի վրա զգան այն, ինչ ամեն օր զգում են շատ հասարակ ՀՀ քաղաքացիներ:

\"\"
Սա փոքրիկ Մարիամիկի առաջին վտարումն է: Մի քանի տարի հետո նա կրկին կվերապրի
ստորացուցիչ պատմությունը:

\"\"
2-րդ վտարումից հետո՝ իրերի մի մասը մնացել է դեռ նախորդ բնակարանում, իսկ մի մասը հազիվ է տեղավորել տնակում, մի մասն էլ՝ բակում:

70-ամյա Ալվարդ Մելքոնյանն իր ընտանիքով արդեն մեկ շաբաթ բնակվում է վագոն-տնակում: Նրանց վտարել են Նազարբեկյան 48 կիսակառույց շենքից: Վտարումն այնքան անմարդկային է եղել, որ թոռնիկը՝ Մարիամը, վախից սկսել է կակազել ու չի կարողանում նորմալ խոսել: Մարիամիկն ընդամենը 8 տարեկան է, սակայն արդեն հասցրել է 2 անգամ վտարվել: Ճիշտ է, առաջին վտարման ժամանակ նա ընդամենը 3 տարեկան էր ու շատ բան չի հասկացել, սակայն հիշողության մեջ դաջվել է, թե ինչպես էին ոստիկանները գետնին ընկած տատիկին քարշ տալիս: Այդ տարին նրանց վտարել են Շինարարների փողոցի վթարային շենքերից, որպեսզի քանդեն, սակայն այս բնակիչներին այնքան քիչ են վճարել, որ ընտանիքը հրաժարվել էր դուրս գալ: Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցի վերջնամասում մի քանի մետաղյա տնակներ կան, որոնցից 2-ը զբաղեցնում է Մելքոնյանների ընտանիքը:
Չնայած ՀՀ Սահմանադրության մեջ պարզ նշված է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են», սակայն Մելքոնյաններին այս խոսքերն ամենեւին չեն վերաբերում: Դժվար թե գրեթե ամեն օր կարիճներ, մորմեր, օձեր ու առնետներ հյուրընկալող մետաղյա տնակում մարդն արժանապատիվ բնակվի: Եթե սրան գումարենք նաեւ բնական կարիքները բավարարելու, լոգանք ընդունելու հնարավորության բացակայությունը, ապա մարդն իրեն ուղղակի մարդ չի կարող զգալ, էլ ուր մնաց արժանապատվության մասին խոսք լինի:
Ա. Մելքոնյանի պատմելով՝ օր չկա, որ 1-2 կարիճ չսատկացնեն: Իսկ առնետներից չի փրկում անգամ դրանց դեմ նախատեսված թույնը. «Կռիսների կրծած մի ծակը փակում ենք, մյուսն են բացում: Վախենում ենք նորմալ քնել, ամեն վայրկյան կամ կարիճ ա թռնում վրաներս, կամ էլ կռիս: Էն օրն էլ կարիճը թոռանս քիչ էր մնում կծեր: Հազիվ հասցրեցի սատկացնել»: Նման պայմաններն այնքան են ճնշում Մարիամիկին, որ չի էլ ուզում, թե սեպտեմբերի 1-ը գա: «Ո՞նց էս պայմաններում էրեխուն դպրոց ուղարկենք: Ամբողջ օրը խեղճը նեղսրտած ա ու տխուր: Մտածում ա՝ ի՞նչ ա ասելու համադասարանցիներին՝ որտե՞ղ ա ապրում, ո՞րն ա իրա հասցեն: Ես դիմել էի քաղաքապետարան, որ օգնեն, մի կացարան հատկացնեն, որպեսզի երեխաս կարողանա դպրոց գնալ: Իսկ մեզ պատասխանել են՝ սեպտեմբերի 15-ին ձեր դիմումին կպատասխանենք: Էն էլ հարց ա, ո՞նց կպատասխանեն»,- «Առավոտի» հետ զրույցում նեղսրտած պատմեց Մարիամիկի տատիկը:
Տիկին Ալվարդն էլ մի կարգին առողջություն չունի՝ 2-րդ կարգի հաշմանդամ է: Երբ 2002 թվականին Շինարարների փողոցի վթարային շենքից նրանց վտարեցին, Աջափնյակի այն ժամանակվա թաղապետ Արծրուն Խաչատրյանը մի փոքր գումար տրամադրեց, որով Մելքոնյանները գնեցին ներկայիս վագոն-տնակը եւ ժամանակավոր բնակվում են այդտեղ: Հետո, իմանալով, որ Նազարբեկյան 48 կիսակառույց շենքում դատարկ բնակարններ կան, Ալվարդն իր 2 աղջիկների ընտանիքներով տեղափոխվել են այնտեղ ու մոտ 7 տարի ապրել, այժմ այդ շենքի բնակարանի տերերն են հայտնվել եւ կրկին նրանց վտարել. «Ամեն տեղից մեզ քշում են: Վթարայինց վտարեցին առանց նորմալ փոխհատուցման. $4000 տվեցին, այդքան գումարով ինչպե՞ս էր հնարավոր բնակարան գնել: Հիմա էլ Նազարբեկյանից հանեցին: Մենք այս պետությանը պետք չե՞նք: Դե, եթե պետք չենք, թող տղայիս էլ բանակ չտանեն: Գնա բանակ՝ ո՞ւմ համար ծառայի»,- դժգոհեց տիկին Ալվարդի դուստրը՝ Անահիտը: Նրա պատմելով՝ մի կերպ հաշտվել էին, որ պետք է տնակում ապրեն: Թաղապետարանից խոստացել էին, որ կարող են սեփականաշնորհել տնակի տարածքը՝ մի քանի մետր հողը: Չնայած Անահիտը գեոդեզիական չափագրումներ էր պատվիրել ու պատասխանը ստացել եւ արդեն պատրաստվում էր սեփականաշնորհման գործը սկսել, մեկ էլ պարզվեց, որ այդ տարածքն արդեն վաճառված է, եւ բազմաբնակարան շենք պիտի կառուցվի:
Ստացվում է, որ մոտ ապագայում այս ընտանիքներն արդեն 3-րդ անգամ պիտի վտարվեն. «Թող իշխանությունները գրավոր գրեն ու ասեն, որ այս քաղաքացիներն իրենց պետք չեն ու ընդհանրապես երկրից վտարեն: Ցանկացած այլ երկրում մեզ հետ ավելի արժանապատիվ կվարվեն, քան սեփական երկրում»: Անահիտի խոսքերով՝ որքան փորձել է խնդրին լուծում տալ, արդյունքի չի հասել. «Էս կարիճներն ու մորմերը, կռիսներն ու օձերը հավաքելու եմ, լցնեմ տոպրակը ու տանեմ նախագահին ցույց տամ: Շպրտելու եմ նախագահականի բակը, տեսնեմ՝ իրենք իրենց ո՞նց կզգան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել