Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր նախագիծ է նախապատրաստվում, որն արմատապես կտարբերվի գործող օրենքից: Այդ մասին news.am-ին տեղեկացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ կխստացվեն պատժամիջոցները, կհստակեցվեն սահմանումները, կկիրառվեն նոր մոտեցումներ: Օրենքի նոր նախագծում Հանձնաժողովը հաշվի է առել Համաշխարհային բանկի (փորձագետ՝ Սառա Ռեյնոլս) եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման ծրագրի (UNSTAD) շրջանակներում ստացած առաջարկությունները: Երեկ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը նույնպես խոսել է մրցակցության խախտման դեպքում պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես՝ խոսք է գնում հակամրցակցային համաձայնություններ կնքելու դեպքում սահմանված տուգանքի մասին, որ կազմում է նախորդ տարվա շրջանառության 2 տոկոսը, բայց ոչ ավելի՝ քան 300 մլն դրամը (մոտ 800 հազ. դոլար): Ա. Եղոյանն ասել է, որ կառավարությանն առաջարկել են տուգանքի շեմը բարձրացնել մինչեւ 5 տոկոս: Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը հաստատել է, որ տուգանքի շեմը բարձրացվելու է մինչեւ 5 տոկոս, քննարկվում է նաեւ 300 մլն դրամի շեմը բարձրացնելու խնդիրը: «Ամբողջ աշխարհում տուգանքի չափը 10 տոկոս է, բայց կտրուկ փոփոխությունները հանրությունը կարող է լավ չընկալել, ուստի ընտրեցինք 5 տոկոսը»,- ասել է Շաբոյանը: