Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից՝ երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ կայացել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 61 տրակտորների հանձնման արարողությունը, որին մասնակցել են նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության նախարար Մանաբու Միագավան, դեսպանության առաջին քարտուղար Ջիրո Իիդան եւ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության մի շարք ներկայացուցիչներ: Ներկրված տեխնիկան կենտրոնացվել է Նուռնուս համայնքում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենատրակտորային կայանում, որտեղից դրանք կբաշխվեն հանրապետության մարզեր՝ հնարավորություն տալով ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին եւ ավելի արդյունավետ կազմակերպել: Գյուղտեխնիկան Հայաստան է ներկրվել Ճապոնիայի կառավարության հատկացրած 170 մլն իեն արժողությամբ հերթական դրամաշնորհով՝ Ճապոնիայի «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության (ODA)» «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» ծրագրի շրջանակում: 1997 թվականից սկսած՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհների շնորհիվ արդեն ձեռք են բերվել 63 հացահատիկահավաք կոմբայն եւ 366 տարբեր հզորության տրակտորներ՝ ներառյալ այսօր հանձնված 61 տրակտորը, որոնք համալրված են համապատասխան գյուղատնտեսական գործիքներով: